fbpx

Պարույր Սևակ – Թե տխրում եմ կյանքում

Թե տխրում եմ կյանքում՝ քեզ համար է միայն,
Քո կարոտից են դեռ կոպերն իմ թրթըռում,
Դու՝ երեկվա՜ իմ սեր, դու հեռավո՜ր իմ այն,
Որ գալիս ես հաճախ, ճերմակ թղթին թառում:

Քո թանկ անվան համար դեռ շրթներս են դողում,
Ու շրշյունը շորիդ հետևում է դեռ ինձ,
Եվ իմ ասվա՜ծ-չասվա՜ծ յուրաքանչյուր տողում
Մի ալիք է մնում քո տաք շշուկներից:

Բախտի նման՝ հեռվից դու իշխում ես վրաս,
Բախտի նման՝ գտած ու զուր ձեռքից գցած,
Գուցե արդեն գտած ուրիշ բախտ ու երազ,
Ուրիշի հետ գուցե նույնիսկ երջանկացած…

Ու տխրում եմ եթե՝ քեզ համա՞ր չէ միթե:
Ախ, թե ծամո՜վ-համո՜վ նույն աղջիկը մնար,
Որ խելքահան ժպտալ, բայց և շիկնել գիտեր,
Որ աղջի՛կ էր այնպես, այնպես կի՛ն չէր, բնա՜վ:

Այն աղջիկը մնար, որ ինձ երգեր տվեց,
Եվ նույն առո՛ւն մնար, և նույն գարո՛ւնն անբիծ,
Երբ մեր հանդիպումը այնքա՜ն երկար տևեց,
Որ հորդ անձրև տեղաց գարնանային ամպից:

Տեղաց վարար անձրև, երկինքն ասես փլվեց,-
Դու հիշո՞ւմ ես արդյոք, իմ հեռավո՛ր, իմ լա՛վ,-
Հանկարծ, մեր աչքի դեմ, առուն… խելագարվեց՝
Առուն կորցրեց իրեն – հին ափերից ելավ:

…Առուն խելագարվեց՝ ափից ելավ առուն –
Ուրի՜շ ափեր գտավ քո հունն իրեն համար…
Թե քար տխրությունն է իմ աչքերին թառում,
Թե թախծում եմ հաճախ՝ միայն դրա՜ համար:

06.I.1947թ 13-14.III.1956թ.
Երևան Մոսկվա


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – Թե տխրում եմ կյանքում
Կենդանակերպի նշանների գաղտնի զենքը