Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար
պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ
լոյս չտեսնէին:
ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է:
Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր
ժողովրդի մտա-բարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք
ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սե-
փական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ
անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ:
Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառու-
թեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան
մէջ, արձագանքը հանդիսանալով կամ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի,
կա’մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ
շահերի:
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին,
եթէ բնաւ լոյս չտեսնէին:
Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝
առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ,
քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն – ահա’ մեր «խայթող» թերթերի հրա-
պարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք
«մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան,
լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով – «սրիկայ»,
«առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայ-
տառակութեան դրօշ», եւլն.:
Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բա-
զարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական
էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ
թերթերի խմբագիրները գիտե՞ն թէ խօսքը – դա մարդուս բարոյական
շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր
ներքին մարդը:
Միշտ էլ երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմ
«թերթերի իրար ոչնչացումը» խորհրդանշող մի ծաղրանկար՝«օձերի
կռիւը» խորագրութեամբ:
Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերը
ուտում են իրար եւ կռւադաշտում մնում է… երկու պոչ միայն…
ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշա-
կելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի
անունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ – դա առնւազն հրէշու-
թիւն է, դա ասել է՝ հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա
ասել է՝ նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողո-
վուրդը:
Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն:
Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտան-
գաւոր կռիւը՝ կռւադաշտում մի օր «երկու պոչ» չթողնելու համար:
«Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է
աշխարհի»:
Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչու-
թեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ
դաստիարակութիւն:
Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւեն
անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք
բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ
մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք
յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն,
թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի
համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը.
– «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւա-
գիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ):
Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ
հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:
Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող
այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած
է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրա-
կան գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի
դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:
«Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» – ահա’ թէ ինչը ուժեղ կը դարձնի
մեր ժողովուրդը եւ ահա’ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը:
Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը – յուսալի է մեր ապագան:
Չե՞ն կարող – թող դադարեն թուղթ սեւացնելուց:
Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում
միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել: