Վաղուց իմ մասին կամ ինձ հետ առնչություն ունեցած դեպքերի մասին գրառում չեմ արել և այսօր այդ առիթը ստեղծվեց: Առիթ, որից անչափ ոգևորված եմ:
Սկսեմ մի փոքր սկզբից: Մի քանի ամիս առաջ ֆեյսբուքով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ գրեցի մեր թաղամասի տրանսպորտի խայտառակ վիճակի մասին՝ հույս չունենալով որ պատասխան կստանամ: Բայց ի զարմանս ինձ չանցած 1 ժամ ես ստացա պատասխան նամակիս, որ այդ հարցով տեղյակ են և զբաղվում են և որ հաշված ամիսների ընթացքում այդ հարցը կլուծվի և ավտոբուսներ կմտցնեն այդ երթուղի: Իհարկե ես որպես «իսկական» հայ քաղաքացի՝ թերահավատորեն մոտեցա այս պատասխանին:
Բայց այսօր ես աշխատանքի եմ գնացել և եկել լրիվ քաղաքակիրթ մարդու պես՝ նորմալ, առանց կռանալու ու ողնաշարի ճկում ստանալու, առանց այլևայլ հոտերի և նույնիսկ նստած՝ ավտոբուսով:
Վերջապես Ավանի Դուրյան թաղամասի երթուղայինների ձեռքից տանջված և բազմաչարչար ժողովուրդը հնարավորություն ստացավ երթևեկելու մարդավայել, քաղաքակիրթ (թու-թու-թու, աչքս չկպնի ):
Խոսքս 20 համարի ավտոբուսի մասին է, որը եկավ փոխարինելու 61 տխրահռչակ երթուղայինների երթուղուն, որի համար ես անչափ ուրախ եմ:
Ուրախությունս նաև այլ պատճառ ունի: Այն որ Հայաստանում դեռ աշխատող, իրենց խոսքի տեր մարդիկ գոյություն ունեն:
Մի խոսքով շնորհակալ եմ այս հարցին լուծում տված բոլոր մարդկանց:
Առա՜ջ դեպի քաղաքակիրթ ապագա…