Երեկ լրիվ պատահականորեն, հանկարծակի հայտնվեցի իմ պատրաստած առաջին կայքերից մեկում` ահա այն, այս կայքը պատրաստել եմ դեռևս 2004թ.-ին: Նրա մասին շատ վաղուց էի մոռացել, ինչպես մոռացել եմ շատ այլ կայքերի մասին, բայց հուսամ որ նրանք էլ մի օր կգտնվեն:
Եվ որոշեցի ընթերցողներիս մի փոքր ծանոթացնել իմ անցած վեբ ճանապարհի մասին: Այսպես.
Այն ժամանակ վեբ ծրագրավորումը սահմանափակվում էր html, մի փոքր java script և ֆլեշով: Այն ժամանակ վեբ ծրագրավորումը ավելի նման էր դիզայներական աշխատանքի: Պատրաստել եմ շատ կայքեր, թե՛ անհատական և թե՛ տարբեր հիմնարկների համար: Բայց կամաց կամաց վեբը զարգանում էր և կայքերը արդեն պատրաստվում էին այլ տեխնոլոգիաներով և լեզուներով, այն ավելի գնում էր դեպի ծրագրավորում: Եվ ես հասկացա, որ սա արդեն իմը չէ, քանի որ ծրագրավորումը ինձ համար մի փոքր այլ ոլորտ է, ինձ ավելի շատ հոգեհարազատ է գրաֆիկայի, դիզայնի ոլորտը:
Ինչևէ այս կայքերը գնալով անհետացան հիշողությունիցս: Բայց քանի որ մանկուց սիրել եմ ստեղծագործել և կայքն ու վեբն էլ միշտ եղել են իմ տարերքներից մեկը, 2009թ. բացեցի իմ առաջին բլոգը կենդանի մատյանում (livejournal), որտեղ հուլիսի 14-ին կատարեցի ընդամենը մեկ գրառում ռուսերեն լեզվով, որը կոչվում էր “Сказка” (մինչ հիմա, ես օգտագործում եմ այս բլոգը, բայց միայն այսօրվա գրառումներս տարածելու նպատակով): Բայց քանի որ այդպես էլ չսիրեցի “կենդանի մատյանը”, լքեցի այն: Երկու օր հետո բացեցի իմ նոր բլոգը արդեն ռուսական բլոգային հարթակ blog.ru-ում՝ http://arxangelo.blog.ru : Այստեղ գրառումներս կատարեցի շատ կարճ: Քանի որ այստեղ սահմանափակ էր հնարավորությունները և քանի որ rss չուներ՝ ստիպված էի
որոնել իմ նոր բլոգային “տունը”: Հաջորդը եղավ http://arxangelo.blogspot.com-ը (այս բլոգը արդեն մի քանի անգամ ջնջվել և վերափոխման է ենթարկվել): Որտեղ ես համեմատաբար ավելի երկար գտնվեցի: Բայց քանի որ այն ժամանակ blogspot-ը, կամ նույն ինքը blogger.com-ը այդքան զարգացած չէր, ինչ-ինչ պատճառներով այն նույնպես ինձ չբավարարեց և 2009-ի վերջերին և 2010թ.-ի սկզբներին ես նորից տեղափոխվեցի, այս անգամ http://arxangelo.wordpress.com: Այս բլոգում ես արդեն հաստատվեցի: Նա հիմնականում ռուսալեզու էր: Շատ կարճ ժամանակում այն բավական լավ արդյունքներ գրանցեց: Եկավ պահ երբ նրա այցելուների քանակը հասավ օրական միջինը 350-450 այցելու, իսկ էջադիտումները օրական 3000-ից անցնում էին: Բայց այստեղի լսարանը հիմնականում ռուսական և ուկրաինական էր՝ հայկական լսարանը զբաղեցնում էր ընդամենը երրորդ տեղը: Իսկ քանի որ իմ ստեղծագործությունների մեծ մասը հայերեն էր, սրան զուգահեռ որոշեցի փոփոխել բլոգսփոթյան բլոգս և դարձնել իմ ստեղծագործականը (որը մինչև հիմա պահպանվում է):
Բայց սույն թվականի մարտին, երկու հրաշալի մարդ՝ Վարդան Պապիկյանն ու Վարդան Գրիգորյանը ինձ նվիրեցին այս բլոգս, որում այժմ գրում եմ (այս մասին ես ևս մեկ անգամ առիթ ունեցել եմ գրելու, բայց երբեք չեմ հոգնի անընդհատ նշել, քանի որ դա ինձ համար շատ մեծ բան էր և ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց): Եվ իմ բլոգային կյանքը անցավ մի նոր փուլ: Չնայած առայժմ այս բլոգիս ցուցանիշները շատ հեռու են այն ցուցանիշներից, որը ուներ նախորդը, բայց հույս ունեմ, որ օրերից մեկ օր այն կգերազանցի նախորդին և ամենակարևորը կլինի շատ սիրված բլոգ իմ ընթերցողների կողմից:
Մի խոսքով, անցածս վեբ ուղին այնքան էլ կարճ չէ: Այո՛, այն փայլուն չէ, այն բավական համեստ է, բայց միևնույն է անցյալ է, որը ես հիշում եմ հաճույքով: