Գիտնականների կարծիքով՝ մարդու կյանքի ամենահյուծիչ շրջանը 40-ից 50 տարեկանն է։ Հենց այս ժամանակահատվածում օրգանիզմում միաժամանակ տեղի են ունենում որոշակի կենսաբանական փոփոխություններ, որոնք համընկնում են կյանքի ավելացող հոգսերի և պարտականությունների հետ, գրում է Daily Mail-ը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Բրիստոլի համալսարանի անատոմիայի պրոֆեսոր Միշել Սփիրի խոսքով՝ միջին տարիքի այս հոգնածությունը լավագույնս նկարագրվում է որպես «անհամապատասխանություն կենսաբանության և ծանրաբեռնվածության միջև»։
«Մեր օրգանիզմը դեռ լիովին ունակ է էներգիա արտադրելու, սակայն դա անում է այլ պայմաններում, քան երիտասարդ տարիքում, մինչդեռ էներգիայի պահանջարկը հաճախ հասնում է առավելագույնի», – նշում է գիտնականը։
Սակայն կա նաև լավ լուր․ էներգիան սպառող այս կենսաբանական անհավասարակշռությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Ավելին, ըստ փորձագետի, տարիքի հետ շատերը կարող են նույնիսկ «երկրորդ շնչառություն» զգալ։
Ինչու էր 20 տարեկանում ամեն ինչ ավելի հեշտ
Եթե հիշենք մեր 20 տարեկանը, կարող է թվալ, թե այն ժամանակ օրգանիզմի համար ամեն ինչ շատ ավելի պարզ էր․ կարելի էր ուշ քնել, տուն ուշ վերադառնալ, անկանոն մարզվել և միևնույն ժամանակ մնալ համեմատաբար լավ մարզավիճակում, ասում է Սփիրը։ Եվ, ինչը հետաքրքիր է, ծերացման մասին գիտությունը փաստում է՝ այդ զգացողությունը լիովին ճիշտ է․
- «20 տարեկանում օրգանիզմը կենսաբանորեն շատ «ներողամիտ» է։ Մկանների վերականգնումն ավելի արագ է ընթանում, բորբոքային ռեակցիաները ավելի քիչ են տևում, իսկ էներգիայի արտադրությունը բջջային մակարդակում արդյունավետ է»։
Նա բացատրել է, որ մեր բջիջների՝ էներգիայի արտադրության համար պատասխանատու հատվածները՝ միտոքոնդրիումները, երիտասարդ տարիքում մեզ ապահովում են մեծ քանակությամբ էներգիայով՝ քիչ կորուստներով և նվազագույն բորբոքային կողմնակի նյութերով։
«Երբ դուք ունեք ավելի շատ հասանելի էներգիա, ամեն ինչ օրգանիզմի վրա «ավելի էժան» է նստում, ուստի վատ քունը, ուշ երեկոները կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ունենում են զգալիորեն ավելի թեթև հետևանքներ», – ասում է գիտնականը։
Կենսաբանական փոփոխությունները 40 տարեկանում
Սակայն, ըստ նրա, արդեն 40 տարեկանում փոքր շեղումները սկսում են խաթարել այդ նրբորեն կարգավորված համակարգը։ Դեռ դրանից առաջ մկանային զանգվածը բնականոն կերպով նվազում է, եթե այն չպահպանվի կանոնավոր ուժային մարզումներով։ Երբ մկանները պակասում են, նույնիսկ կենցաղային մանր շարժումները սկսում են պահանջել ավելի շատ էներգիա, քան 20 տարեկանում։
Թեև միտոքոնդրիումները շարունակում են էներգիա արտադրել, նրանք դա անում են պակաս արդյունավետությամբ՝ թողնելով մեզ ավելի քիչ էներգիա և ավելի շատ «թափոններ»։ Սա վերականգնումը դարձնում է կենսաբանորեն ավելի թանկ գործընթաց. այսինքն՝ ուշ երեկոն կամ սթրեսային շրջանը, որոնք 20 տարեկանում խնդիրներ չէին ստեղծում, սկսում են զգալիորեն ավելի ուժեղ հյուծել, նշում է Սփիրը։
Կարդացեք նաև՝ Միջին տարիքի ճգնաժամի 5 նշան
Քնի որակի վատթարացում
Եվս մեկ կարևոր փոփոխություն, որը տեղի է ունենում 40 տարեկանում, քնի որակի անկումն է։ 20 տարեկանում քունն ավելի խորն է և արդյունավետ, ուստի հանգստի նույնիսկ կարճ ժամանակահատվածները ապահովում են ֆիզիկական և հոգեկան վերականգնում։ Տարիքի հետ այդ խորը քունը ձևավորող և պաշտպանող համակարգերը դառնում են պակաս կայուն․
- «Հորմոնալ փոփոխությունները, մասնավորապես՝ կանանց մոտ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի տատանումները նախադաշտանադադարի (պրեմենոպաուզա) ընթացքում, ուղղակիորեն ազդում են ուղեղի այն հատվածների վրա, որոնք կարգավորում են քնի խորությունը և մարմնի ջերմաստիճանը։ Սա դժվարացնում է դանդաղ, վերականգնողական քնի փուլերի պահպանումը»։
Բացի այդ, պրոֆեսորը նշել է, որ տարիքի հետ ավելի ակտիվ է աշխատում սթրեսին տրվող օրգանիզմի արձագանքը, ինչի պատճառով կորտիզոլի մակարդակը գիշերը մեծ հավանականությամբ բարձրանում է՝ նվազելու փոխարեն։ Արդյունքում՝ քունը դառնում է մակերեսային և ընդհատվող, ուստի մենք մեզ ավելի քիչ հանգստացած ենք զգում, նույնիսկ եթե անկողնում անցկացնում ենք նույնքան ժամանակ։
Կոգնիտիվ և էմոցիոնալ ծանրաբեռնվածություն
Առանցքայինն այն է, որ բոլոր այս աննշան շեղումները տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ մեր ուղեղը ենթարկվում է ամենամեծ ծանրաբեռնվածությանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին տարիքը կոգնիտիվ (իմացական) և էմոցիոնալ առավելագույն ծանրաբեռնվածության շրջանն է, երբ մարդիկ ստանձնում են ղեկավարման և խնամակալության դերեր։ Քանի որ մտավոր բազմախնդրայնությունը (multitasking) սպառում է էներգիան նույնքան արագ, որքան ֆիզիկական աշխատանքը, մարդիկ սկսում են զգալ լիակատար հյուծում նույնիսկ առանց ծանր ֆիզիկական գործ անելու։
Միևնույն ժամանակ, պրոֆեսորն ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու մոտ այս փոփոխությունների ընթացքը տարբեր կլինի․
«Միևնույն տարիքի երկու մարդ կարող են ունենալ էներգիայի լիովին տարբեր մակարդակներ՝ կախված նրանից, թե ինչ ծանրաբեռնվածության է ստիպված դիմանալ նրանց օրգանիզմը»։
Լավ նորություն․ ի՞նչ է սպասվում 60-ից հետո
Լավ նորությունն այն է, որ 60 տարեկանում էներգիայի մակարդակը փաստացի աճում է և դառնում ավելի կայուն՝ չնայած տարիքի հետ ֆիզիկական հնարավորությունների նվազմանը։ Նշվում է, որ այդ շրջանում սթրեսի մակարդակն ավելի ցածր է, աշխատանքը հաճախ պակաս պահանջկոտ է, իսկ քնի ռեժիմը սովորաբար դառնում է ավելի կանոնավոր։
Հետազոտությունները ցույց են տվել, որ 60-70 տարեկան մարդիկ ուժային վարժությունների շնորհիվ կարող են վերականգնել ուժը, բարելավել նյութափոխանակությունը և բարձրացնել էներգիայի մակարդակը մի քանի ամսվա ընթացքում։ Կարևոր է նաև ճիշտ խնամքը սեփական անձի նկատմամբ։
- «Նպատակը ոչ թե 20 տարեկանի էներգիան վերստեղծելն է, այլ վերականգնումը պաշտպանելն ու առաջնահերթություն դարձնելը։ Սա նշանակում է քնի կանոնավոր ռեժիմ, ուժային վարժություններ կամ ծանրություններով մարզումներ՝ մկանային զանգվածը պահպանելու համար, սթրեսի կառավարում (ոչ թե պարզապես «ատամները սեղմած դիմանալ») և լիարժեք սնունդ, հատկապես սպիտակուցի բավարար ընդունում», – եզրափակում է Սփիրը։








