fbpx

Ինչպես հաշտեցնել մարդկանց. Միմիի բանաձևը

Երևանի փողոցներում հաճախ կարելի է տեսնել Միմի անունով շնիկին, որ, ծաղիկներով զամբյուղը բերանում, զբոսնում է: Նա միայնակ չէ, այլ դստեր՝ Միլենայի հետ: Տիրոջ՝ Արսեն Էվջիկյանի բնորոշմամբ՝ խելացի ու բարի կենդանիներ են, որոնք շատ լավ են հասկանում մարդու խոսքերն ու գուրգուրանքը: Անցորդները մոտենում են, մեծ հետաքրքրությամբ դիտում ու լուսանկարվում նրանց հետ:

Խնամված ու անվանական զգեստները հագին՝ նրանք անակնկալներ են մատուցում մարդկանց՝ ծաղիկներ առաքում, փուչիկներ և զանազան նվերներ: «Ձեռքից ձեռք անցնելով՝ Միմին հայտնվեց ինձ մոտ: Ցանկացա պահել, մեծացնել: Նկատեցի տաղանդը, ու խելացի բնավորության, կարգապահության շնորհիվ աշխատանքս արդյունք տվեց: Սովորեցնելու գործընթացը սկսվեց ամենափոքր քայլից. դատարկ զամբյուղը Միմին պետք է վերցներ ու տաներ այլ տեղ»,- պատմում է Արսենը:

Այս ձևով մարդկանց ուրախացնելու գաղափարը հենց այնպես չէր հղացել: Միասին ծանր օրեր են ունեցել ու մեծ դժվարությամբ փրկել շան կյանքը: Շաբաթներ շարունակ հսկողության կարիք է ունեցել, դանդաղ է կազդուրվել, սակայն հիվանդությունը, այնուամենայնիվ, կարողացել է հաղթահարել: Հոգատար խնամք ու բուժօգնություն ցուցաբերած Աննային շնորհակալություն հայտնելու մասին էր մտածում, երբ ծնվեց հենց Միմիի միջոցով ծաղիկներ նվիրելու միտքը:

Արսենը Միմիին խնամում է մոտ տասը տարի: Նրա խոսքերով՝ Միմին ընտանիքի մայր է ու հավատարիմ կին: «Ամուսին ուներ, բայց մեկ ուրիշին էինք գտել նրա համար: Դիմադրեց, չենթարկվեց ու տեսնելուն պես փախավ: Այնքան վազեցրեց, որ հասկացա՝ պետք է շտապ տանել տուն: Ամուսինը սպասում էր նրան»,- ասում է Արսենն ու ծիծաղում:

Միմիի ու Միլենայի միջոցով անակնկալներ մատուցողներն առհասարակ շատ են: Առաջին անգամ նրան այդ նպատակով դիմել է մի տղա, որ ցանկացել էր ընկերուհուն յուրօրինակ մոտեցում ցույց տալ: Այդ օրվանից սկսած սա աշխատանք է դարձել նրանց համար: Արսենը նշում է՝ առաջնայինը մարդկանց համար հաճելին անելն է, իսկ գումար վաստակելը երկրորդ պլանում է: Նրա հիշողության մեջ բազում հետաքրքրաշարժ դեպքեր կան Միմիի հետ կապված: Պարզվեց՝ մարդկանց հաշտեցնելու «ձիրք» էլ ունի: «Երեք տարի իրարից բաժանված զույգը հաշտվեց այն բանից հետո, երբ տղան Միմիի միջոցով ծաղիկներ էր ուղարկել աղջկան: Այսօր նրանք արդեն ընտանիք են և նույնիսկ փոքրիկ երեխա ունեն: Կարող եմ ասել՝ այս ընտանիքի կազմավորման մեջ իր մեծ ներդրումն ունի Միմին»,- նշում է Արսենը:

Շան առանձնահատկություններից է տիրոջ արտասանած ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն ու անգլերեն բառերն ընկալելը: Հայաստանի սահմաններից դուրս հետաքրքրվողները շատ են: Երկու տարի բնակվել են Սոչիում, ապա նորից վերադարձել Հայաստան: Արսենի հավաստմամբ՝ Միմին ու Միլենան չափազանց ուշադիր են և չեն մոռանում ոչինչ: Պսպղուն աչքերով նայում են ու նրա ցուցմամբ գնում մեկ ուրիշ կետ: Հավելում է՝ էականը սերն ու համբերատարությունն են, կոպտությամբ կենդանիներին ոչինչ անել չես ստիպի:

Հրապարակման ներկայացրեց՝ Լուիզա Աբրահամյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես հաշտեցնել մարդկանց. Միմիի բանաձևը
Կարճ, բայց անչափ ուսանելի կյանքի պատմություններ