fbpx

Մարկոս Ավրելիոս. «Կյանքը կարող է չտալ այն, ինչ ուզում եք, բայց կտա այն, ինչ ձեզ անհրաժեշտ է»

Երջանկության և կյանքի մասին լավագույն տեքստերից մեկը գրել է ոչ թե ինքնազարգացման փորձագետ, հոգևոր առաջնորդ կամ հոգեբան, այլ հռոմի կայսր և փիլիսոփա Մարկոս Ավրելիոսը։ Նրա խոհերը կարող են արմատապես փոխել կյանքի դժվարությունները հաղթահարելու ձեր ընկալումը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

167 թվականին Ավրելիոսը գրել է «Խորհրդածություններ» աշխատությունը՝ անձնական գրառումների մի ժողովածու, որն արտացոլում է ստոիկյան փիլիսոփայության նրա խորը իմացությունը և դրա էության ըմբռնումը։

Ահա հինգ կարևորագույն դաս՝ հռոմեական մեծ մտածողի ժառանգությունից։


1. Կյանքը կարող է չտալ այն, ինչ ուզում եք, բայց կտա այն, ինչ ձեզ անհրաժեշտ է

Ավրելիոսը դժվարություններն ու փորձությունները համարում էր կյանքի անբաժանելի մասը։ Նրա խորին համոզմունքը, որ Տիեզերքն իր էությամբ բարի է, օգնում էր նրան դիմակայել փորձություններին։ Նրա փաստարկը հետևյալն է․ քանի որ Տիեզերքն իր հիմքում բարի է, իսկ կյանքի բոլոր բաղադրիչները՝ ներդաշնակ, ապա մենք պետք է սիրենք կամ առնվազն ընդունենք դրա յուրաքանչյուր դրսևորում։

Նա նույնիսկ ավելի հեռուն է գնում՝ պնդելով, որ խոչընդոտները մեր աճի և առաջընթացի լավագույն հնարավորություններն են։ Դրանք ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքները, փնտրել նոր ուղիներ և, ի վերջո, դառնալ ավելի ուժեղ՝ մեր մեջ կոփելով այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են համբերությունը, մեծահոգությունը և արիությունը։

Խոչընդոտը ոչ թե կանգնեցնում է գործողությունը, այլ ուժ է հաղորդում դրան։ Այն, ինչ կանգնած է ճանապարհին, դառնում է հենց ճանապարհ։

2. Ձեր երջանկությունը կախված է ձեզանից

Ավրելիոսի փիլիսոփայության առանցքային գաղափարն այն է, որ թեև մենք չենք կարող կառավարել մեզ հետ պատահող իրադարձությունները, մենք լիովին իշխում ենք դրանց նկատմամբ մեր արձագանքի վրա, ինչն էլ մեզ տալիս է անսահման ազատություն և ուժ։

Կյանքի երջանկությունը պայմանավորված է ձեր մտքերի որակով։

Իհարկե, սա ասելն ավելի հեշտ է, քան անելը, սակայն հենց Ավրելիոսի կյանքն է դրա վառ ապացույցը։ Կայսրը բախվել է անասելի դժվարությունների. երիտասարդ հասակում կորցրել է ծնողներին ու եղբորը, իսկ նրա իշխանությունն անցել է անվերջ պատերազմների ու համաճարակների միջով։ Չնայած այս ամենին՝ Ավրելիոսը սովորել էր ապրել իր «ներքին ամրոցում»՝ հոգու խաղաղ ու անխռով մի անկյունում։ Նա հավատում էր, որ այդ «ամրոցում» ապրելով՝ ինքը ձեռք է բերում սեփական մտքերը վերահսկելու և դրանով իսկ իր կյանքը կերտելու ազատություն։

3. Իսկական խաղաղությունը ծնվում է ներսում

Մեզնից շատերն ապրում են խելահեղ ու լարված ռիթմով՝ անվերջ երազելով մի օր փախչել այս ամենից՝ մեկուսանալով լեռներում կամ մեկնելով հոգևոր պրակտիկաների։

Սակայն Ավրելիոսը խորապես համոզված էր, որ խաղաղություն գտնելու համար փախչել պետք չէ։ Այդ խաղաղությանը կարելի է հասնել ցանկացած պահի՝ սեփական մտքի ուժով։

Մարդիկ մենություն են փնտրում՝ հեռանալով գյուղ, ծովափ կամ լեռներ։ Սակայն չկա ավելի խաղաղ ու հանգիստ վայր, քան սեփական միտքը։ Ուստի պարբերաբար շնորհի՛ր քեզ այդպիսի առանձնացում և թարմացի՛ր դրանով։

Ապացուցված է, որ «մտավոր դադարները», օրինակ՝ մեդիտացիան կամ օրվա ընթացքում գիտակցվածության պարզ պրակտիկան, անգնահատելի օգուտ են տալիս մեր հոգեկան առողջությանը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Կարդացեք նաև՝ Մարկուս Ավրելիուս. «Խնդիրն այն է, որ ռիսկի չդիմելով՝ մենք հարյուրապատիկ ավելի ենք ռիսկի գնում»

4. Յուրաքանչյուր մարդու մեջ կա լավը

Երբ Ավրելիոսը խորհուրդ է տալիս բարին փնտրել մարդկանց մեջ, դա կույր լավատեսություն չէ։

Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ կյանքում նա տեսել էր, թե որքան եսասեր ու դաժան կարող են լինել մարդիկ, սակայն նախընտրում էր թույլ չտալ, որ ուրիշների արարքները խաթարեն իր ներդաշնակությունը։ Փոխարենը, նա մշտապես հիշեցնում էր իրեն, որ յուրաքանչյուրիս մեջ կա «աստվածայինի» մի մասնիկ։

Առավոտյան արթնանալիս ինքդ քեզ ասա՛․ «Այսօր ես կհանդիպեմ մարդկանց, որոնք կլինեն անսիրտ, ամբարտավան, անազնիվ, նախանձոտ ու տխուր։ Նրանք այդպիսին են, որովհետև չեն կարողանում զանազանել բարին չարից։ Բայց ես, որ ճանաչել եմ բարու գեղեցկությունն ու չարի գարշելիությունը, ըմբռնել եմ, որ նույնիսկ ամենավատ մարդն իր էությամբ նման է ինձ՝ թերևս ոչ նույն արյամբ ու ծագմամբ, բայց նույն մտքով, և որ նա ևս կրում է աստվածայինի մասնիկը։ Ուստի նրանցից ոչ ոք ինձ վնասել չի կարող»։

Ավրելիոսը հավատում էր, որ մարդիկ ստեղծված են համագործակցելու համար, «ինչպես վերին և ստորին ծնոտների ատամները»։

5. Կյանքին նայիր որպես հին ու հավատարիմ ընկերոջ

Թերևս «Խորհրդածությունների» ամենաոգեշնչող մտքերից մեկը հորդորում է մեզ կյանքին նայել որպես մի բանի, որը, ինչպես բանաստեղծ Ռումին է ասել, «ստեղծված է մեր իսկ օգտի համար»։

Այս տեսակետը հզորագույն գործիք է ցանկացած դժվարություն հաղթահարելու համար։

Ավրելիոսը գրում է.

«Իմաստությունն այն է, որ կյանքի փորձություններին նայես այսպես․ «Դու այստեղ ես ի բարօրությունս, անկախ նրանից, թե ինչ են մարդիկ խոսում քո մասին»։ Ամեն ինչ ծառայում է քո օգտին, երբ իրավիճակին դիմավորում ես այս խոսքերով․ «Դու հենց այն ես, ինչը ես փնտրում էի»։

Իրոք, այն ամենը, ինչ պատահում է կյանքում, լավագույն հնարավորությունն է մեր և մեզ շրջապատողների անձնական աճի համար։

Սա, մի խոսքով, արվեստ է, և այդ արվեստը, որ կոչվում է «կյանք», հասու է և՛ մարդկանց, և՛ աստվածներին։

Ի՞նչը կարող է տարօրինակ կամ դժվար թվալ կյանքում, երբ կյանքն ինքը գոյություն ունի միայն նրա համար, որ ողջունի քեզ՝ որպես հին ու հավատարիմ ընկերոջ։

Մարկոս Ավրելիոս, «Խորհրդածություններ»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Մարկոս Ավրելիոս. «Կյանքը կարող է չտալ այն, ինչ ուզում եք, բայց կտա այն, ինչ ձեզ անհրաժեշտ է»
Ադրբեջանն անօդաչու սարք է ուղարկել Ստեփանակերտի տարածք` «ամենաանհարմար» պահին