fbpx

Սեր 30-ից հետո. ինչպես են փոխվում տղամարդու և կնոջ առաջնահերթությունները

Այն, որ սերը տարիք չի հարցնում, կասկածից վեր է։ Ինչպես և այն փաստը, որ պատանեկան սերը տարբերվում է հասուն զգացմունքից։ Իհարկե, խելահեղ կիրքը կարող է վրա հասնել նաև զառամյալ տարիքում, բայց դա ավելի շուտ բացառություն է կանոններից՝ թեմա կատակների և սերիալների համար։ Իսկ ի՞նչ է կատարվում իրական կյանքում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

30-ից հետո սերը գալիս է կենսափորձի հետ մեկտեղ՝ երբեմն իր հետ բերելով չարդարացված հույսերի բեռը, հիասթափություններն ու թեթև նոստալգիկ տխրությունը։ Սա ո՛չ լավ է, ո՛չ վատ. սա օրինաչափ է։ Գիտակցված զգացմունքը, թեկուզ փոքր-ինչ պրագմատիկ, պակաս ուժգին չէ, քան երիտասարդության ռոմանտիկ էյֆորիան։ Պարզապես 30-ից հետո տղամարդկանց և կանանց առաջնահերթությունները փոխվում են։

Ընդհանուր հայտարար

30 տարեկանին մոտ մարդկանց մեծամասնությունն այս կամ այն կերպ հասունանում է։ Համենայն դեպս, նրանք սկսում են ավելի լավ ճանաչել ինքներն իրենց, ավելի օբյեկտիվ են գնահատում սեփական ուժեղ և թույլ կողմերը։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր զուգընկերոջից և հարաբերություններից։

Այս տարիքում սերն այլևս զուտ ժամանցի կամ «ուրախ ժամանակ անցկացնելու» միջոց չէ։ Մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցորեն ձգտում են ամուր միության՝ հուսալի մարդու հետ։ Անպատասխան, թունավոր (տոքսիկ) կամ անիմաստ կապերի վրա էներգիա ծախսելու ցանկությունը մարում է։ Էմոցիոնալ ռեսուրսներն ու ժամանակն ավելի թանկ են, քան «սիրում է – չի սիրում» խաղերը։ Փոխադարձությանը «հասնելու» անհրաժեշտությունը և սիրո օբյեկտի «առեղծվածային լինելը» անցնում են պարզ ֆիլտրի միջով՝ «արժե՞ արդյոք սա իմ նյարդերը»։

Երկու պոտենցիալ զուգընկերներն էլ, որպես կանոն, արդեն կայացած են մասնագիտության մեջ, ունեն ֆինանսական և կենցաղային կայունության որոշակի մակարդակ։ Այդ իսկ պատճառով ուշադրությունը աշխույժ-պատանեկան «մենք զրոյից կկառուցենք մեր ապագան» մտքից տեղափոխվում է դեպի «մենք միասին մեր կյանքն ավելի լավը կդարձնենք»։

Հասուն մարդկանց զգացմունքների ինտենսիվությունը կարող է լինել նույնքան համապարփակ, որքան մանկության տարիներին, սակայն բուռն և կույր կիրքն այլևս չի տատանում էմոցիոնալ ճոճանակները։ Խորը հուզական մերձեցումը վերահսկվում է հանգստության արժեքի գիտակցմամբ և փոխադարձ վստահության անհրաժեշտությամբ։

Տղամարդու առաջնահերթությունները 30-ից հետո

Գալիս է այն հրաշալի տարիքը, երբ տղամարդը սկսում է գնահատել հանգիստ, կանխատեսելի և համարժեք (ադեկվատ) զուգընկերուհուն։ Կնոջ, ում հետ կարելի է լուծել խնդիրները, այլ ոչ թե ստեղծել նորերը։ Եթե նախորդ հարաբերություններում տղամարդը վերապրել է փոթորիկներ, ցունամիներ և այլ «տեկտոնական ցնցումներ», ապա այժմ նա էմոցիոնալ խաղերն ընկալելու է որպես հոգնեցուցիչ և անիմաստ զբաղմունք։ Իստերիաների վրա աչք փակելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Էմոցիոնալ կայունությունն ու հասունությունը՝ ահա թե ինչն է սնուցում տղամարդու սերը երեսունից հետո։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին
  • «Մուսան» և «փերին» ներշնչանքի համար կարևոր են միշտ։ Գեղեցիկ տիկինը մշտապես խթան է ասպետական սխրանքների համար, բայց միայն այն դեպքում, երբ նա ապահովում է թիկունքն ու հենարանը, և դժվար պահին տղամարդու կողքին է։ Կին, ով կարող է խորհուրդ տալ, այլ ոչ թե կշտամբել յուրաքանչյուր հարմար և անհարմար առիթով։
  • Զուգընկերուհու հուսալիությունն ու աջակցությունը հասուն տղամարդու ամուր սիրո գրավականն են։ «Արքայադուստրերը», որոնց պետք է խնամակալել, գուրգուրել, որոնց ցանկությունները պետք է գուշակել կես խոսքից, կամ նրբակազմ օրիորդները, որոնց խնդիրները մշտապես պետք է լուծել, ավելի ու ավելի քիչ են գրավում տղամարդուն։ Նա գնահատում է կնոջ ինքնուրույնությունն ու պատասխանատվությունը, ով չի փորձում ամբողջությամբ ձուլվել սիրեցյալի մեջ, այլ ունի իր սեփական կյանքը, կարիերան, նախասիրությունները և պատրաստ է կիսել հարաբերությունների պատասխանատվությունը։

Եվս մեկ հանգամանք. տղամարդու համար կարևոր է, որ կնոջ հայացքները կյանքի, ընտանիքի, ֆինանսների և հանգստի վերաբերյալ համընկնեն իր պատկերացումների հետ։ Գուցե նա իր ընտրյալին տեսնում է որպես լավ մայր, իսկ իրեն՝ հայր։ Կամ նա հույս ունի, որ կինը կդառնա իրենց ընդհանուր տան տանտիրուհին։ Ցանկացած դեպքում՝ վճռորոշ է արժեքների և ապրելակերպի համատեղելիությունը։

Ֆիզիկական գրավչությունն ու արտաքինը, իհարկե, երկրորդ պլան չեն մղվում։ Պարզապես մի փոքր փոխվում են չափանիշները։ Երիտասարդությունն ու «փայլող աչքերը» հիանալի են, սակայն խնամվածությունը, ոճը, ֆիզիկական մարզավիճակը և, ինչը հատկապես կարևոր է, առողջ սովորություններն ավելի առաջնային են դառնում։ Տղամարդը զուգընկերուհուն դիտարկում է որպես մարդու, ում հետ պետք է անցնի երկար ճանապարհ՝ ոչ թե պարզապես «ուրախ ու գեղեցիկ», այլ հանգիստ, հուսալի և մեկ ուղղությամբ։

Կարդացեք նաև՝ 3 սովորություն, որոնցից արժե հրաժարվել 30-ից հետո, եթե ուզում եք դրական փոփոխություններ

Կնոջ առաջնահերթությունները 30-ից հետո

30-ից հետո կինը զուգընկերոջ ընտրությունը կատարում է սեփական կարիքների ավելի հստակ գիտակցմամբ և գլխավոր հարցերում ավելի քիչ փոխզիջումների գնալով։

  1. Հուսալիությունն ու պատասխանատվությունը բարձրանում են առաջին հորիզոնական։ Նրան պետք է տղամարդ, ով տեր է իր խոսքին, ում վրա կարելի է հույս դնել, և ով ֆինանսապես կայուն է։
  2. «Վատ տղաները» վաղուց և վերջնականապես կորցրել են իրենց գրավչությունը։ Առաջնահերթ են դառնում էմոցիոնալ ինտելեկտը և հասունությունը։ Կարևոր է, որ զուգընկերը կարողանա խոսել զգացմունքների մասին։ Պակաս կարևոր չէ նաև լսելու, կարեկցելու (էմպաթիայի) և կոնֆլիկտները կառուցողական ճանապարհով լուծելու նրա ունակությունը։ Կինն այլևս պատրաստ չէ «հոգեթերապևտ» լինել ոչ հասուն տղամարդու համար։

Եթե կնոջ ծրագրերում կա մայր դառնալու նպատակ, իսկ կենսաբանական ժամացույցի սլաքները մոտենում են կրիտիկական նշագծին, ապա մայրության գիտակցված ցանկությունը առանցքային գործոն է դարձնում տղամարդու՝ ընտանիք կազմելուն և հայրությանը պատրաստ լինելը։

Հնարավոր է՝ կինը պատրաստ է իր վրա վերցնել ողջ կենցաղն ու երեխաների խնամքը, բայց ավելի մեծ ուրախությամբ կկիսի այդ բերկրանքը սիրելի զուգընկերոջ հետ։ Ընդհանուր տնտեսության վարմանը և երեխաների դաստիարակությանը մասնակցելու տղամարդու պատրաստակամությունը նրան հատկապես գրավիչ է դարձնում կյանքի փորձով իմաստնացած կնոջ աչքերում։

Բացի այդ, կնոջը հետաքրքրում է այն տղամարդը, ով շարունակում է զարգանալ, ում հետ կա քննարկելու թեմա՝ կենցաղից դուրս։ Ընդհանուր հետաքրքրությունները, ինտելեկտուալ և հոգևոր մերձեցումը կինը գնահատում է ոչ պակաս, քան ինտիմ մերձեցումը։ 30 տարեկանում կինը հաճախ ունի սեփական կարիերան և ձևավորված շփման շրջանակը։ Նա փնտրում է տղամարդու, ով դրանք չի ընկալի որպես սպառնալիք, չի խանդի կնոջ հաջողություններին, այլ, ընդհակառակը, կհարգի դրանք։ Եվ առավել ևս՝ ինքնաբավ կնոջը պետք չէ մեկը, ով կփորձի սահմանափակել նրա ազատությունը։ Սերը հրաշալի է, եթե կա հարգանք անձնական սահմանների նկատմամբ։

Ճիշտ հաշվարկ

Սերը 30-ից հետո չի չեղարկում կիրքը, էմոցիոնալ պոռթկումները և այլ «թիթեռնիկներ որովայնում», բայց այնուամենայնիվ՝ դա «հաշվարկով սեր» է։ Ո՛չ, ոչ թե ֆինանսական, այլ կյանքի իմաստով։ Դա գիտակցված ընտրություն է՝ հօգուտ այն մարդու, ում հետ դուք համատեղելի եք ոչ միայն անկողնում, այլև առօրյա կյանքում։ Մարդ, ում հետ ունեք միևնույն արժեքները և ապագայի նմանատիպ տեսլականը։

Կիրքն ու ռոմանտիկան 30-ից հետո չեն անհետանում։ Դրանք պարզապես դադարում են լինել հարաբերությունների միակ հիմքը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սեր 30-ից հետո. ինչպես են փոխվում տղամարդու և կնոջ առաջնահերթությունները
15 արտահայտություն, որ երազում է լսել յուրաքանչյուր տղամարդ, թեկուզ մեկ անգամ