fbpx

Սիլվա Կապուտիկյան – Լիլիթ

«Եվա» էին շշնջում նրա շրթները,
սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։
Ավետիք Իսահակյան

Նախամարդու զույգ քարերից բռնկված պեծ
Ու նեոնե կրակների ծփա՜նք դու պերճ.
Ի սկզբանե աննյութ, անմար, անհուն, անվերջ,
Լիլիթ, Լիլիթ։

Դու՝ աշխարհի աչքից դարեր գաղտնեգրված,
Հոգու թաքուն կարոտներից հրահրված,
Քո գաղտնությամբ առավել քա՛ղցր, առավել գա՜նձ,
Լիլիթ, Լիլիթ։

Սրտերի մեջ դու՝ տոնական օր ու անկյուն,
Դու՝ խոյանքի, խինդի, խանդի, տենդի ակունք,
Դու և՛ մարմի՜ն, դու և՛ թևե՜ր, դու և՛ անկում,
Լիլիթ, Լիլիթ։

Շուրջը՝ հողե, ու հաց, ու հոգս – իսկ դու ցնորք,
Դու՝ միայն փայլ, ամեն օր՝ այլ, ամեն օր՝ նոր,
Կանչող, տանջող, այրվող, այրող – ու հոգնեցնո՜ղ,
Լիլիթ, Լիլիթ։

Այնտեղ սենյակ գողտր ու տաքուկ – ու դու՝ փողոց,
Այնտեղ օջախ – դու՝ անհանգիստ խարույկի բոց,
Այնտեղ անդորր – դու՝ անդադրում խռովք ու խոց,
Լիլիթ, Լիլիթ։

Այնտեղ Եվան – դու՝ անվավեր ու անստույգ,
Դու՝ հրեղեն արյան շառաչ ու՝ անպտո՜ւղ,
Մենա՜կ, մենա՜կ, երկրից, երկնից, դրախտից՝ դո՜ւրս,
Լիլիթ, Լիլիթ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սիլվա Կապուտիկյան – Լիլիթ
100 Year Challenge. Ահա թե որքան շատ է փոխվել աշխարհը 100 տարում