Երկար ժամանակ կարծում էին, թե հոնքերն ընդամենը պաշտպանում են աչքերը քրտինքից ու փոշուց: Սակայն, երբ գիտնականներն ավելի խորն ուսումնասիրեցին այս հարցը, պարզվեց, որ էվոլյուցիայի ընթացքում դրանք շատ ավելի կարևոր գործառույթներ են ձեռք բերել: Կենսաբան Սքոթ Թրևերսը Forbes-ում հրապարակված իր հոդվածում մանրամասնում է, թե ինչու է բնությունը մեզ հոնքեր տվել՝ բացահայտելով մեր հաղորդակցության թաքնված շերտերը:
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Ե՞րբ փոխվեցին մարդկանց դեմքերը
Վաղ հոմինինները՝ օրինակ նեանդերթալցիները, ունեին խիստ արտահայտված, անընդհատ հոնքային աղեղ՝ աչքերի վերևում ձգվող հաստ ոսկրային կամար: Այդ կառույցն աչքերը պաշտպանում էր աղբից, քրտինքից ու վնասվածքներից:
Բայց ժամանակակից մարդկանց զարգացումն այլ ուղիով գնաց: 2019 թվականի մի հետազոտություն ցույց է տալիս, որ Homo sapiens-ի մոտ հոնքային աղեղը զգալիորեն փոքրացել է, իսկ դեմքի միջին հատվածը (քթի ու այտերի շրջանը) դեպի ներս է քաշվել:
Հատկանշական է, որ հոնքերի էվոլյուցիան դեմքի շատ ավելի գլոբալ վերակառուցման մասն էր: Այդ փոփոխություններից էին աչքի սպիտակուցների (սկլերա) սպիտակեցումը, ինչի շնորհիվ այլ պրիմատների համեմատ շատ ավելի հեշտ է դառնում հետևել դիմացինի հայացքին, ինչպես նաև կզակի ի հայտ գալը (զուտ մարդկային առանձնահատկություն) և շարժուն ու տեսանելի հոնքերի ձևավորումը: Այս անատոմիական փոփոխությունները պատահական չէին. դրանք վկայում են նյարդաբանական լուրջ զարգացման մասին, երբ դեմքի մկանները սերտորեն փոխկապակցվեցին ուղեղի հուզական կենտրոնների հետ:
Այս բոլոր գծերը միասին ստեղծում են մի կոորդինացված համակարգ՝ դեմք, որն արդեն հնարավոր է «կարդալ» ու մեկնաբանել:
Հոնքերը՝ որպես սոցիալական ազդակներ
Հոնքերի դերի մասին ամենահամոզիչ բացատրությունը տալիս է 2018 թվականի մի լայնածավալ հետազոտություն, որտեղ մարդու դեմքը դիտարկվում է որպես սոցիալական հաղորդակցության գործիք: Գիտնականները պնդում են, որ հոնքային աղեղների փոքրացումն արտացոլում է վաղ մարդկանց շփման ձևերի կարևորագույն անցումային փուլը:
Վաղ մարդակերպ կապիկների արտահայտված հոնքային աղեղները կարող էին գերիշխանության կամ ագրեսիայի անշարժ ազդանշան ծառայել: Մինչդեռ ժամանակակից մարդիկ, հակառակը, շատ ավելի կախված են դինամիկ ազդակներից, և այս հարցում հոնքերն ունեն կենտրոնական դեր.
- Արագ բարձրացումը խոսում է ճանաչելու կամ ողջունելու մասին:
- Տևական բարձրացումը վկայում է շոկի կամ զարմանքի մասին:
- Հոնքերը կիտելը ցույց է տալիս անհանգստություն կամ շփոթություն:
- Ասիմետրիկ բարձրացումը կասկածամտության և սկեպտիցիզմի նշան է:
Ընդ որում, ժամանակակից նյարդակենսաբանությունն ապացուցում է, որ հոնքերի շարժումը վերահսկող մկանները (հատկապես՝ corrugator supercilii) ուղղակի և ակնթարթային կապ ունեն գլխուղեղի նշաձև մարմնի (amygdala) հետ, որը պատասխանատու է հույզերի և վտանգի ընկալման համար: Սա նշանակում է, որ այդ շարժումները հաճախ ենթագիտակցական են և դժվար վերահսկելի՝ ապահովելով հաղորդակցության անկեղծությունը: Դրանք արագ, մեծ ջանքեր չպահանջող ազդանշաններ են, որոնք հիանալի կերպով փոխանցվում են հեռավորության վրա ու ցանկացած լուսավորության տակ: Քանի որ դրանք շատ դժվար է համոզիչ կերպով կեղծել, հոնքերի միմիկան անփոխարինելի գործիք է դառնում մարդկային խմբերի ներսում վստահություն պահպանելու համար:
Վերոնշյալ 2018-ի հետազոտությունն այս երևույթը բացատրում է համագործակցության և սոցիալական հանդուրժողականության խորացման էվոլյուցիոն միտումով.
«Որքան մարդկային համայնքները մեծանում և փոխկապակցվում էին, այնքան ավելի էր կարևորվում նուրբ հուզական վիճակներ փոխանցելու ունակությունը: Այն դեմքերը, որոնք կարողանում էին հույզեր արտահայտել, այլ ոչ թե միայն գերիշխանություն, ստանում էին էվոլյուցիոն լուրջ առավելություն»:
Կարդացեք նաև՝ Գիտնականները բացատրել են թե ինչի համար է և մարդու ինչին են պետք մատնահետքերը
Հոնքերը և դեմքերի ճանաչումը
Փոքր ու սերտ կապեր ունեցող համայնքներում գոյատևելն ուղիղ կապ ուներ այն բանի հետ, թե արդյոք մարդը հասկանում էր՝ ով է ընկերը, ով՝ օտարը, դաշնակիցը կամ մրցակիցը: Այդ իսկ պատճառով, դեմքեր ճանաչելը դարձավ սոցիալական կառույցի ամենակարևոր տարրերից մեկը:
2003 թվականին արված մի հետազոտության ժամանակ գիտնականները որոշեցին պարզել հոնքերի դերը մարդուն ճանաչելու գործընթացում ու ստացան բավականին անսպասելի արդյունք: Նրանք վերցրեցին հայտնի մարդկանց (օրինակ՝ Ռիչարդ Նիքսոնի, Վայնոնա Ռայդերի) լուսանկարները և թվային եղանակով հեռացրեցին կամ նրանց աչքերը, կամ հոնքերը: Այնուհետև մասնակիցներին խնդրեցին ճանաչել այդ դեմքերը:
Ինտուիցիան կարծես թե հուշում է, որ աչքերը հեռացնելու դեպքում մարդուն ճանաչելն ավելի դժվար կլիներ: Չէ՞ որ աչքերը սովորաբար համարվում են դեմքի ամենախոսուն մասը: Բայց արդյունքները ճիշտ հակառակն ապացուցեցին. հոնքերը հեռացնելուց հետո ճանաչման ճշգրտությունն ավելի շատ ընկավ, քան երբ հեռացրել էին աչքերը: Փաստորեն, արդյունքները ցույց տվեցին, որ հենց հոնքերն են դեմքի կառուցվածքային գլխավոր «խարիսխը»:
Այս ֆենոմենը հաստատվում է նաև ժամանակակից մարդաբանական վերլուծություններով, որոնք ընդգծում են մաշկի գույնի և հոնքերի միջև եղած վիզուալ կոնտրաստի կարևորությունը: Վաղ ժամանակներում, երբ ձայներ արձակելը կարող էր գրավել գիշատիչների կամ թշնամիների ուշադրությունը, հոնքերի ցայտունությունը թույլ էր տալիս ցեղակիցներին հեռվից անձայն կոորդինացնել իրենց գործողությունները: Հետաքրքիր է, որ այս էվոլյուցիոն առանձնահատկությունն այսօր իր արտացոլումն է գտել նաև տեխնոլոգիաների մեջ. դեմքի ճանաչման ժամանակակից ալգորիթմների մեծ մասը նախագծված է այնպես, որ որպես առաջնային ու ամենահուսալի կողմնորոշիչ ֆիքսում են հենց հոնքերի կամարը:
Կան նաև հիմնավոր ենթադրություններ, որ հոնքերն ուղղակիորեն ազդում են մարդու գրավչության վրա: Դա հաստատում են նաև դեմքի էսթետիկայի և սեռական դիմորֆիզմի վերաբերյալ արված ուսումնասիրությունները: Հոնքերի ձևի, դիրքի և հաստության ամենանուրբ տարբերություններն անգամ կարող են էապես փոխել այն, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընկալում ու գնահատում դեմքը:








