fbpx

Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարված ես, և ինչպե՞ս խոստովանել դա առանց կաշկանդվելու (բառերով կամ առանց բառերի)

Ոմանց համար առաջին անգամ «ես քեզ սիրում եմ» ասելը զգացմունքների մրրիկ է՝ հուզիչ և միևնույն ժամանակ վախեցնող։ Իսկ ուրիշի համար՝ աշխարհի ամենաբնական ու հեշտ քայլը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ե՛վ մեկը, և՛ մյուսը բացարձակապես նորմալ են։ Այս բառերը դառնում են կարևոր հանգրվան հարաբերություններում, մի տեսակ հաստատում, որ դու զգում ես զգացմունքների խորությունը և ցանկանում ես, որ մյուս մարդը դա իմանա։ Նույնիսկ եթե համոզված ես, որ քեզ փոխադարձաբար են պատասխանում, միևնույն է, կարող ես վախենալ․ հանկարծ ի պատասխան չլսե՞ս երանելի «ես էլ քեզ»-ը։ Ուստի, եթե լարվում ես՝ փորձելով գտնել ճիշտ բառերը, հավատա՝ դու մենակ չես։

«Այս երեք բառերը կարող են բոլորովին տարբեր բաներ նշանակել յուրաքանչյուրի համար։ Եվ շատերի համար դա իսկապես կարևոր պահ է հարաբերություններում», – բացատրում է կլինիկական հոգեբան և հարաբերությունների գծով խորհրդատու Մորգան Անդերսոնը՝ «Let’s Get Vulnerable» (Եկեք խոցելի դառնանք) հաղորդաշարի հեղինակը։

«Դու զգում ես ներքին պատրաստակամություն՝ կիսվելու քո կապվածությամբ, մարդուն անվտանգության զգացում տալու և ցույց տալու, թե որքան շատ է նա քեզ համար նշանակում», – ավելացնում է նա։

Միայն դու ինքդ կարող ես հասկանալ, թե երբ ես պատրաստ բարձրաձայն ասել այդ բառերը։ Յուրաքանչյուրի համար այդ պահը գալիս է յուրովի։

Ընտանեկան թերապևտ Էդրիեն Միշելն ասում է, որ մարդկանց մեծ մասը սիրո խոստովանություն է անում հարաբերությունների մոտավորապես երրորդ ամսում։ Բայց այստեղ խիստ ժամկետներ չկան՝ իդեալական պահ գոյություն չունի։ Հոգեթերապևտ Քիաունդրա Ջեքսոնը խորհուրդ է տալիս չշտապել. ավելի լավ է սպասել, մինչև հանդարտվի «մեղրամիսը»՝ այն շրջանը, երբ ամեն ինչ նոր է, հուզիչ, իսկ ուղեղը հեղեղված է ուրախության և կապվածության հորմոններով։

«Երբեմն մենք հորմոնալ էյֆորիան ընդունում ենք որպես իսկական սեր», – ընդգծում է նա։

Խորհուրդ. Ասա, երբ իսկապես զգում ես, որ դա սեր է։ Ոչ թե կիրք, ոչ թե սիրահարվածություն, այլ հենց սեր։

Ինչպե՞ս հասկանալ, որ պատրաստ ես ասել «սիրում եմ»

Պահը որոշելը միշտ չէ, որ հեշտ է։ Ըստ Միշելի՝ սերն ամեն անգամ կարող է տարբեր կերպ զգացվել։

«Սերը լայն և խոր հասկացություն է։ Կարևոր է հասկանալ, թե կոնկրետ ինչ տեսակի սեր ես դու զգում և ինչ սեր ես ուզում ստանալ», – ասում է նա։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ոմանց համար սերը հարմարավետության և անվտանգության զգացում է։ Մյուսի համար՝ մոտ լինելու անհաղթահարելի ցանկություն։ Դու կարող ես ուրախություն զգալ շփումից, ընդհանուր պլաններ կազմել, գնահատել յուրաքանչյուր համատեղ րոպեն և զուգընկերոջ զգացմունքներն առաջին տեղում դնել։

Եթե կասկածում ես, ինքդ քեզ մի քանի հարց տուր.

  • Սիրո՞ւմ եմ արդյոք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։
  • Ես ինձ դո՞ւր եմ գալիս այս մարդու կողքին։
  • Ինձ ուրախացնո՞ւմ է մեր շփումը։
  • Ֆիզիկապես հարմարավե՞տ եմ զգում այս հարաբերություններում։

Այս հարցերը կօգնեն տարբերել անցողիկ հրապուրանքն իսկական սիրուց։

Փորձագետների կարծիքով՝ հենց այն փաստը, որ դու մտածում ես՝ «իսկ սիրո՞ւմ եմ արդյոք», արդեն կարող է նշան լինել, որ սերը կա՛մ կա, կա՛մ շուտով կծնվի։ Բայց խոստովանելուց առաջ մտածիր, թե ինչու ես դա անում։ Եթե պարտքի զգացումից կամ կորցնելու վախից՝ ավելի լավ է սպասել։ Իսկ եթե դա բխում է զգացմունքներիդ լիությունից, հնարավոր է՝ դու պատրաստ ես։

Ինչպե՛ս և ե՛րբ խոստովանել սերը

Կարևոր է ընտրել հարմար պահ և միջավայր՝ առանց ճնշման։ Թող դա լինի մի իրավճակ, որում դու պատրաստ ես ցանկացած պատասխանի՝ և՛ ուրախ «ես էլ քեզ»-ին, և՛ շփոթահար դադարին։

«Ես խորհուրդ չէի տա դա անել ոչ սթափ վիճակում, աղմկոտ ընկերախմբում կամ հրապարակավ», – ասում է Մորգան Անդերսոնը։ – Ավելի լավ է ընտրել հանգիստ, մտերմիկ միջավայր։

Էդրիեն Միշելն ավելացնում է. «Եթե մարդը սթրեսի մեջ է կամ հյուծված, չարժե նրան լրացուցիչ զգացմունքային բեռ տալ»։

Կողմնորոշվիր ձեր հարաբերությունների բնույթով։ Քո սիրելին ռոմանտիկ ժեստե՞ր է սիրում, թե՞ գնահատում է հանգիստ զրույցները։ Սա քեզ կհուշի, թե ինչպես արտահայտել զգացմունքներդ։

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է մարդը կյանքում իսկապես սիրում ընդամենը երեք անգամ։ Յուրաքանչյուր սեր իր պատճառն ունի, բայց երրորդը ամենախորհրդավորն է

Ինչպե՛ս ասել «սիրում եմ» բառերով

Նրանց համար, ովքեր սերն ընկալում են բառերի միջոցով (այսպես կոչված՝ սիրո լեզու), ուղիղ խոստովանությունը լավագույն տարբերակն է։ Ահա օրինակներ.

  • Ես քեզ սիրում եմ։
  • Ես սիրահարված եմ քեզ։
  • Ես ինձ լավ եմ զգում քեզ հետ։
  • Դու ինձ ուրախություն ես պարգևում։
  • Ես գնահատում եմ միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն։
  • Դու ոգեշնչում ես ինձ ամեն օր։
  • Առանց քեզ ինձ ինչ-որ բան պակասում է։
  • Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ։
  • Ես գնահատում եմ քեզ և մեր հարաբերությունները։
  • Դու իմ աշխարհն ես։
  • Քո երջանկությունն իմ գերակայությունն է։
  • Ես միշտ քո կողքին կլինեմ։
  • Ինձ դուր է գալիս մեր համատեղ կյանքը։
  • Ես ուրախությամբ եմ քեզ հետ ապագա կառուցում։
  • Դու ինձ համար ամենակարևոր մարդն ես։
  • Քեզ հետ ինձ տանն եմ զգում։
  • Ես գնահատում եմ քեզ ավելին, քան կարող եմ բառերով արտահայտել։
  • Դու լուսավորում ես իմ օրը։
  • Քեզ հետ յուրաքանչյուր մանրուք առանձնահատուկ է դառնում։

Ինչպե՛ս ասել «սիրում եմ» առանց բառերի

Ոչ բոլորն են սերն արտահայտում բառերով։ Եթե զուգընկերդ խոսում է սիրո այլ լեզվով՝ գործողություններ, հպումներ, միասին անցկացրած ժամանակ, հոգատարություն, ապա զգացմունքներդ այլ կերպ արտահայտիր.

  • Օգնիր նրան գործերում, հատկապես, երբ նա հոգնած է։
  • Ամուր գրկիր։ Համբուրիր առանց առիթի։
  • Նվիրիր նրա երազած համերգի տոմսը։
  • Ժամանակ գտիր միասին լինելու համար, նույնիսկ խիտ գրաֆիկի դեպքում։
  • Հոգ տար նրա մասին, երբ նա հիվանդ է։
  • Բեր նրա սիրելի քաղցրավենիքը կամ ծաղիկներ։
  • Օգնիր նրա ընկերներին կամ ընտանիքին։
  • Մերսիր նրան պարզապես այնպես, ոչինչ չակնկալելով փոխարենը։
  • Քնքշություն դրսևորիր մարդկանց ներկայությամբ։
  • Ընթրիք կազմակերպիր միայն ձեզ երկուսիդ համար։
  • Բռնիր նրա ձեռքը, շոյիր մազերը։
  • Ուշադիր լսիր, մտապահիր մանրուքները։
  • Նվիրիր այն, ինչի մասին նա վաղուց երազում է։
  • Երգացանկ հավաքիր այն երգերից, որոնք ասոցացվում են նրա հետ։
  • Ջերմ գրություն թող անսպասելի տեղում։
  • Վերանորոգիր կամ հավաքիր ինչ-որ բան՝ չսպասելով խնդրանքի։
  • Պատրաստիր նրա սիրելի ուտեստը՝ պարզապես ժպիտը տեսնելու համար։
  • Նրա հետ ֆիլմ դիտիր, նույնիսկ եթե այն քո սիրելին չէ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարված ես, և ինչպե՞ս խոստովանել դա առանց կաշկանդվելու (բառերով կամ առանց բառերի)
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք գտնել Հռոմեական դիցաբանության աստվածների հունական նմանակին