fbpx

Հնդկական իմաստությամբ և շնչով հագեցած մեջբերումներ Հերման Հեսսեի «Սիդհարթա» ստեղծագործությունից

Ձեզ ենք ներկայացնում խորիմաստ մեջբերումներ Հերման Հեսսեի հնդկական իմաստությամբ և շնչով հագեցած «Սիդհարթա» ստեղծագործությունից։

Բայց ինքը՝ Սիդհարթան, երջանկությանն անհաղորդ էր, անմասն՝ մխիթարություն ասածին:

Արդյո՞ք աստվածներն էլ արարածներ չեն, ստեղծված ինչպես ես և դու, ժամանակին ենթակա, հպատակ ու անցավոր… Այդ դեպքում արդյո՞ք հարիր էր, արդարացի՞ էր արդյոք, իմաստ ունե՞ր կամ արժե՞ր արդյոք աստվածներին զոհեր մատուցանե
Իսկ որտե՞ղ փնտրել Նրան… որտե՞ղ էր տրոփում նրա հավերժական սիրտը, որտե՞ղ, եթե ոչ սեփական Եսի մեջ, այն ծածուկ, նվիրական խորքի մեջ պարփակ, այն անոչնչացնելիի, այլև անխորտակելիի տիրույթում, որ յուրաքանչյուր ոք կրում է իր մեջ: Բայց որտե՞ղ էր, որտե՞ղ էր այդ Եսը, այդ սրբազնական ներքինը, այդ ամենավերջինը, որ նաև սկիզբն է ամենայն ինչի: Այն ոչ մարմնում է, ոչ արյան մեջ, ոչ մտքում է, ոչ էլ գիտակցության մեջ, ինչպես ամենից իմաստնագույններն են ուսուցանում: Ուրեմն որտե՞ղ է այն ։

Քո հոգին ամբողջ աշխարհն է, ողջ մնացյալը սոսկական որոնում է, զարտուղի ոլորանների փնտրտուք, մոլորություն:

Ի՞նչ է ինքնախորասուզումը: Ի՞նչ ասել է մարմնից հրաժարումը: Ի՞նչ է ծոմ պահելը կամ ի՞նչ ասել է շնչառության կանգառումը: Դա փախուստ է եսից, դա մի կարճատև փախուստ է սեփական եսի կեցության տառապանքներից, կյանքի անիմաստության ու ցավի հանդեպ մի կարճաժամկետ ինքնաթմրեցում:

Այժմ արդեն մենք ընդհուպ մոտեցե՞լ ենք ճանաչողությանը, բարձրագույն գիտակցությանը: Մոտեցե՞լ ենք մենք արդյոք փրկությանը: Իսկ գուցե մենք բնավ էլ շրջանակի մեջ չենք ընթանում, մենք, որ շրջապտույտից ազատվել, փախչել էինք մտածում:

Ես մշտապես հարցականներով լեցուն եմ եղել:

Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանակոչում:
Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունի ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը։

Խոսքերի միջոցով անարտահայտելի է նրա սրտի երանությունը …
պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը:

Իսկապես, աշխարհում ոչինչ այնքան չէր զբաղեցնում իմ միտքը, որքան իմ այդ եսը, այն հանելուկը, որ ես ողջ եմ, ապրում եմ, այն, որ ես բոլոր մյուսներից տարբեր ու առանձնակի մի բան եմ ինձանից ներկայացնում, որ ես Սիդհարթան եմ… Եվ աշխարհում ոչ մի բանի մասին ես այնքան ավելի քիչ չգիտեմ, որքան Սիդհարթայի մասին..
Ես այլևս ինձ չեմ սպանելու ու քայքայելու պես կտոր-կտոր անելու, որպեսզի ավերակների ետևում ինչ-ինչ գաղտնիք գտնեմ:
Ինքս ինձ մոտ ես պետք է ուսանեմ, ես ուզում եմ ինքս իմ աշակերտը լինել, ինքս ինձ ճանաչել, գաղտնիքը, որ կոչվում է Սիդհարթա։

Իմաստն ու էությունը երբեք ինչ-որ տեղ, իրերից զատ, նրանցից դուրս չեն եղել, այլ հենց նրանց մեջ ամփոփված, ամեն-ամեն ինչում, ամենագո։

– Եվ ինչքա՜ն խուլ ու բութ էի ես,- մտածեց Սիդհարթան՝ քայլերն արագ-արագ գցելով:- Երբ մեկը մի ձեռագիր է ընթերցում և ցանկանում է հասկանալ նրա իմաստը, նա երբեք չի արհամարի կամ ատի նշաններն ու տառերը և նրանց չի կոչի խաբկանք, մոլորություն, պատահականություն կամ անարժեք թաղանթ, այլ նա կընթեռնի դրանք՝ տառ առ տառ, սիրով կլցվի նրանց նկատմամբ, ամեն տառի ու նշանի հանդեպ: Մինչդեռ ես, որ ցանկանում էի ընթեռնել աշխարհի և իմ սեփական էության գիրքը, մի ինչ-որ նախապես ենթադրյալ իմաստի սիրույն արհամարհանքով էի նայում նշաններին ու տառերին, երևույթների աշխարհը ես կոչում էի մոլորություն ու խաբկանք, իմ աչքն ու իմ լեզուն անվանում էի պատահական ու արժեզուրկ երևույթներ: Օ՜ ոչ, դա արդեն անցյալին է պատկանում, ես արդեն արթնացել եմ, ես իսկապես որ արթնացել եմ, ես հենց միայն այսօր եմ ծնվել։

էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին: …
Երկուսն էլ՝ ինչպես մտքերը, այնպես էլ՝ զգացմունքները, գեղեցիկ բաներ էին, որոնց թիկունքում թաքնված էր ողջի ու ամենի իրական իմաստը, երկուսին էլ, թե՛ մեկին թե՛ մյուսին հարկավոր էր ունկնդրել, խաղալ նրանց հետ, նրանց ոչ պետք էր անտեսել, ոչ էլ թերագնահատել, երկուսի մեջ էլ հարկավոր էր լսել նրանց խորքերում հնչող ծածուկ ձայները

իմացի՛ր և սա. սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ, գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան հնարավոր չէ: Այդպես դու սխալ ուղու վրա կընկնես:

Գրելը լավ բան է, մտածելը ավելի լավ է: Խելքը լավ է, համբերությունը շատ ավելի լավ բան է:

Բայց սրտի խորքում, այնտեղ, ուր իր էության մշտնջենական աղբյուրն էր տրոփում, նա այս կյանքում ներկա չէր:

Ես քո նման եմ: Չէ՞ որ դու էլ չես սիրում, հակառակ դեպքում՝ դու ինչպե՞ս կարող էիր սիրույն որպես արվեստի վերաբերվել: Մեզ նման մարդիկ, հավանաբար, անկարող են սիրել: Երեխա-մարդիկ դա կարող են անել, դա նրա՛նց գաղտնիքն է:

Նա միայն նկատեց, որ այն վճիտ ու ինքնավստահ ներքին ձայնը, որը մի ժամանակ արթնացել էր իր մեջ և մշտապես ղեկավարել էր իրեն իր կյանքի այն շողարձակող ժամանակներում, հիմա ինչ-որ չի լսվում, լռել է:

Սիդհարթան երբեք այնպես հստակորեն չէր գիտակցել, թե որքան հարազատ էին իրար ցանկասիրությունն ու մահը:

Դեռևս այնժամ, չնայած ուսման ծարավին, չնայած իր կրած բոլոր տառապանքներին, ինքն ունեցել է այդ զգացումը. «դեպի առաջ, դեպի վեր…:

Ու՞ր պետք է ինքը գնար, ինչու՞ գնար, այդ ո՞ր մի նպատակի համար: Ո՛չ, նրա համար չկար այլևս որևէ նպատակ, չկար ոչինչ, բացի այն խորը, տառապալից ու տենդագին ցանկությունից՝ թոթափելու այս ողջ մղձավանջը, դուրս թքելու այդ անգոսնած գինին, վերջ տալու այս խղճուկ ու ամոթալի կյանքին:

Ես այն կորցրել եմ կամ, ավելի ճիշտ, նա՛ է ինձ կորցրել: Ես այլևս հարստություն չունեմ …:

Ինքը երեք բանով էր պարծենում, տիրապետում էր երեք ազնվագույն ու ամենահաղթ արվեստներին. ժուժկալություն, սպասում, մտածում:

Ես պետք է անմիտ ու հիմար մեկը դառնայի, որպեսզի վերստին իմ մեջ հայտնաբերեի Աթմանը: Պետք է մեղք գործեի, որպեսզի նորից ապրել կարողանայի: Տեսնես դեռ ու՞ր է տանելու ինձ իմ ճանապարհը:

Միայն մի լավ բան կա, որի համար ես ինձ իրավունք եմ վերապահում ինզինքս գովելու, դա այն է, որ ես դադարեցի ինքս ինձ ատել ու չարիք սերմանել իմ անձի նկատմամբ, որ ես վերջ դրեցի այդ անմիտ ու դատարկ կյանքին… Փա՜ռք քեզ ու պատիվ, Սիդհարթա, որ անգիտակից անցկացրած այդքան տարիներից հետո դու նորից խելամիտ ճանապարհ ես ընտրել և ճիշտ ես վարվել. լսել ես քո կրծքի տակ երգող թռչնակին ու հետևել նրան…

Որ աշխարհային հաճույքներն ու հարստությունը լավ բան չեն խոստանում, ես այդ մասին արդեն իսկ երեխա ժամանակ էլ գիտեի: Ես դա շատ վաղուց գիտեի, սակայն համոզվեցի միայն այժմ: Հիմա ես դա գիտեմ, և գիտեմ ոչ թե սրանից-նրանից լսելով, այլ դրանում համոզվեցի ու տեսա այն իմ սեփական աչքերով, սեփական սրտով, սեփական ստամոքսով: Երանի՜ ինձ, որ ես դա գիտեմ հիմա…

Ո՛չ, մեկ ուրիշ բան էր նրա մեջ մահացել, այնպիսի մի բան, որը վաղուց ծարավի էր մահվան: Արդյոք դա այն չէ՞ր, ինչն իր ապաշխարության կրակոտ տարիներին ցանկանում էր սպանել իր մեջ: Մի՞թե դա իր եսը չէր։

Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է» – «Յուրաքանչյուր լավ, իսկական ճշմարտությունը, թվում է ինձ, պետք է ընդունակ լինի, որպեսզի այն նաև շրջել կարողանաս: Այն, ինչը ճշմարիտ է, դրա հակառակը նույնպես պետք է ճշմարիտ լինի: Քանզի յուրաքանչյուր ճշմարտություն ինքնին մի կարճառոտ բանաձևում է աշխարհի վերաբերյալ որոշակի հայացքի` դիտված որոշակի բևեռից, և չկա որևէ բևեռ առանց հակառակ բևեռի։

Սա առաքինություններից մեծագույններից մեկն էր, նա կարողանում էր լսել, ինչը քչերին է ներհատուկ։

Դու երևի նկատի ունես, որ գետը ամենուր և ամեն անգամ նույնն է՝ իր ակունքում ու գետաբերանին, վարար ջրվեժի հատվածում, գետանցումին, ծովին հանդիպելիս, լեռներում, ամենայն պահի ու ամեն տեղ նույնն է, քանի որ նրա համար միայն ներկան գոյություն ունի, ոչ թե անցյալի ստվերները կամ ապագայի ստվերները։

Ոչինչ չի եղել, ոչինչ չի լինելու, ողջը ,ամեն-ամենայն ինչ իրական է միայն ու միայն ներկա գոյություն ունի:

Ո՛չ, ոչ մի ուսմունք չի կարող ընդունել ճշմարիտ որոնողը, նա, որ ճշմարտապես գտնել է ցանկանում: Սակայն նա, ով արդեն գտել է, նա կարող է ամենայն ուսմունք ընդունել, ամեն ճանապարհ, յուրաքանչյուր նպատակ, իրեն այլևս ոչինչ չի բաժանում բոլոր այն հազարավոր մյուսներից, որոնք հավերժի մեջ են ապրում, որոնք աստվածայինն են ներշնչում։

Այդ ժամին նա խորությամբ զգաց, շատ ավելի խորը, քան երբևէ, յուրաքանչյուր կյանքի անկործանելիությունը, յուրաքանչյուր ակնթարթի հավերժությունը։

Մեկ ուրիշ կյանքի, ուրիշ մի բնի է պատանի թռչնակը վարժվել …
Ջուրը ձգտում է ջրին, երիտասարդությունը ձգտում է երիտասարդության։

Դու նրա վրա չես բռնանում, չես ծեծում նրան, նրան չես կարգադրում, քանի որ դու գիտես, որ փափուկն ավելի ամուր է, քան կոշտը, ջուրն ավելի ուժեղ է ժայռից, սերն ուժեղ է բռնությունից։

Այդ ո՞ր հայրը, ո՞ր ուսուցիչը նրան ետ պահեց դրանից, իր սեփական կյանքը վերապրելուց, իր կյանքով կենաց աղտեղությունն ընդունելուց, իր սեփական մեղքերը գործելուց, ինքն իր սեփական ձեռքով դառը ըմպելիքն ընդունելուց, իր սեփական ճանապարհը գտնելուց: Մի՞թե դու կարծում ես, սիրելիս, թե այդ նույն ճանապարհն անցնելը ինչ-որ մեկի համար բացառություն է լինելու, ինչ-որ մեկը խուսափելու է դառնության թասը պարպելուց: Եվ որ այդ բացառությունը քո որդի՞ն է լինելու, հենց միայն նրա համար, որովհետև դու նրան սիրու՞մ ես, որովհետև դու ցանկանում ես նրան ե՞տ պահել ցավից ու տառապանքից, այլև հուսախաբությունից: Բայց եթե նույնիսկ տասնյակ անգամներ հանուն նրա դու մահն ընդունես, միևնույն է՝ դու դրանով չես կարողանա նրան սպասվող ճակատագրի դույզն-ինչ մի մասնիկից ազատել նրան։

Հաճույքը նույնպես հարկավոր էր քավել, այդ տառապանքները պետք էր ճաշակել, այդ խենթություններն էլ պետք էր անել։

Ոչինչ չէր պակասում նրանց, նրանց հանդեպ ոչ մի առավելություն չունեին գիտունն ու մտածողը, բացի մեն-միակ, պստլիկ ու աննշան մի բանից. գիտակցությունից՝ ողջ գոյություն ունեցողի միասնության գիտակցված մտքից: Մի պահ անց, սակայն, Սիդհարթան սկսեց տարակուսել, թե արդյո՞ք այդ գիտելիքը, այդ միտք կոչվածը ավելի բարձր արժեք է իրենից ներկայացնում, գուցե այդ գիտելիք կոչվածն էլ զուտ մտածող-մարդկանց մանկամտության արդյունքն է, մտածող-երեխաների մանկական խաղերից մեկը: Մնացած ամեն ինչում աշխարհի մարդիկ հավասար էին իմաստուններին, հաճախ էլ՝ ավելի բարձր, ինչպես որ գազաններն են իրենց անհրաժեշտ կարիքներին հետամուտ համառ ու անկասելի ձգտման մեջ երբեմն-երբեմն մարդկանց շատ ավելի գերազանցող թվում։

Սիդհարթայի մեջ աստիճանաբար ծաղկում ու կամաց-կամաց հասունանում էր այն գիտակցությունը, թե ի՞նչ էր արդյոք գիտելիքը, ի՞նչ էր իմաստությունը, որն իր երկար տարիների որոնումների նպատակն էր եղել: Դա այլ բան չէր, քան հոգու պատրաստականություն, ընդունակություն, գաղտնի մի արվեստ՝ ամեն պահ, կյանքի կենտրոնում գտնվելով, միասնության գաղափարն առմտածելու, զգալու ու ներշնչելու միասնություն։

Այդյո՞ք սա կատակերգություն չէ, տարօրինակ ու անհեթեթ մի բան, այս կրկնությունը, այս պտույտը արատավոր շրջանի ներսում:
Այո՛, դա այդպես էր, ամենը, ինչը մինչև վերջ չես տառապել ու չես ապաշխարել, վերստին կրկնվում է, մի և նույն տառապանքներն անընդմեջ կրկնվում են։

Բոլորը հասնում էին իրենց նպատակներին, և ամեն անգամ նոր նպատակներ էին ծնունդ առնում, ջուրը գոլորշի էր դառնում ու բարձրանում դեպի երկինք, դառնում էր անձրև ու երկնքից ներքև թափվում, դառնում էր աղբյուր, դառնում առվակ, դառնում էր գետ, նորից սկսում էր ձգտել իր նորահայտ նպատակին, հոսում դեպի այնտեղ։

Ի՞նչ կարող եմ ես քեզ ասել, պատվելի: Գուցե այն, որ դու չափից շատ ես որոնում: Եվ որ մշտապես որոնումների մեջ լինելով՝ դու քո փնտրածը չես գտնում։

Որոնել՝ նշանակում է նպատակ ունենալ: Իսկ գտնել ասածը նշանակում է լինել ազատ, բաց լինել ամեն ինչի համար, նպատակ չունենալ։

Իմաստնությունը անհաղորդելի է: Իմաստնությունը, որ իմաստունը փորձում է հաղորդել մեկ ուրիշին, հնչում է որպես հիմարություն։

Գիտելիքը կարելի է մեկ ուրիշին հաղորդել, իմաստնությունը, սակայն, ո՛չ: Այն կարելի է գտնել, կարելի է ապրել նրանով, կարելի է նրա կողմից առաջնորդվել, նրանով կարելի է հրաշքներ գործել, սակայն արտաբերել, հաղորդել այն կամ մեկ ուրիշին սովորեցնել հնարավոր չէ։/p>

Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է… Բանն այն է, որ ճշմարտությունն արտաբերել, բառերով արտահայտել կարելի է միայն, երբ այն միակողմանի է: Միակողմանի է այն ամենը, ինչը մտածվում է մտքով և արտահայտվում է բառերով, միակողմանի ամբողջ է, կիսատ ամբողջություն, զուրկ՝ ամբողջականությունից, շրջանակայնությունից, միասնականությունից։

Մարդս երբեք չի լինում կատարելապես սուրբ կամ կատարելապես մեղսավոր: Մեզ միայն այդպես թվում է, այդպես է պատկերանում, քանի որ մենք ենթակա ենք այն մոլորությանը, թե ժամանակը մի ինչ-որ իսկապես գոյություն ունեցող բան է: Ժամանակը գոյություն չունի, Գովինդա, ես հաճախ, շատ հաճախ եմ դրա փորձառությունն ունեցել ու հասկացել դա: Իսկ եթե ժամանակն իրական չէ, իրապես գոյություն չունի, այդժամ նաև սահմանաբաժանը աշխարհի ու հավերժության միջև, տառապանքի ու երանության միջև, չարի ու բարու միջև անջրպետը նույնպես մոլորություն է ներկայանում։

Եվ ահա՛, նկատի ունեցի՛ր, այդ «երբևէ»-ն մոլորություն է, պատկերավոր արտահայտություն…

Աշխարհը, Գովինդա, բարեկամս, մի ինչ-որ անկատար բան չէ, կամ մի գոյացություն, որ դանդաղորեն շարժվում է առաջ՝ կատարելության ճանապարհով: Բնավ ո՛չ, յուրաքանչյուր պահի այն կատարյալ է, յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածինները իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները՝ հավերժական կյանքը։

Բառերը չեն նպաստում գաղտնի իմաստների ըմբռնմանը, խանգարում են դրան: Հենց որ մի միտք ես ուզում բարձրաձայն արտաբերել, այն արդեն փոքր-ինչ այլ իմաստ է ձեռք բերում, հնչում է ավելի կեղծ, ավելի անհեթեթ: Այո՛, սակայն դա նույնպես հրաշալի է և ինձ շատ է դուր գալիս, և ես ոչ մի առարկություն չունեմ նաև այն բանի հանդեպ, որ որևէ մարդու կողմից իր համար գանձ ու իմաստնություն համարվողը մյուսի ականջին որպես անմտություն է հնչում։

Ես կարող եմ սիրել քարը, ինչպես որ կարող եմ ծառը սիրել կամ կեղևի մի կտորը: Դրանք իրեր են, իսկ իրերը կարելի է սիրել: Բառերը, սակայն, ես չեմ կարող սիրել: Դրա համար էլ ուսմունք կոչվածներն ինձ համար արժեք չունեն, նրանք չունեն ոչ կարծրություն, ոչ փափկություն, ոչ բռնելու տեղ, ոչ եզրեր, ոչ գույն ունեն, ոչ հոտ կամ բույր, նրանք ոչինչ են, բացի բառեր լինելուց: Գուցե հենց դա է, որ խանգարում է քեզ խաղաղություն գտնել, բառերի այդ լիությունը։

Ես մեծ տարբերություն չեմ տեսնում մտքերի ու բառերի միջև: Անկեղծ ասած, ես մեծ նշանակություն չեմ տալիս մտքերին: Ինձ համար ավելի կարևոր է իրը, առարկան։

Թող որ իրերը լոկ թվացողություն լինեն կամ տեսիլք, բայց այդ դեպքում ես ինքս էլ, իմ կեցությունն էլ թվացյալ է լոկ, և երկու դեպքում էլ նրանք մշտապես նման են ինձ ու հավասար: Այդ պատճառով նրանք ինձ համար սիրելի են ու երկրպագելի, քանի որ նույնական են ինձ ու համագոյակից: Դրա համար ես կարող եմ սիրել նրանց։

Աշխարհը ճանաչել, բացատրել այն, քամահրել և ուրանալ այն, ես դա թողնում եմ մեծ մտածողներին, դա նրանց գործն է: Ինձ համար, սակայն, կարևոր է միայն մի բան՝ կարողանալ աշխարհը սիրել, չարհամարել այն, չատել այդ աշխարհը և ինձ, նրան, ինչպես և ինձ ու բոլոր էակներին նայել սիրով, հիացումով ու հարգանքով։

Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հնդկական իմաստությամբ և շնչով հագեցած մեջբերումներ Հերման Հեսսեի «Սիդհարթա» ստեղծագործությունից
Աղջիկների բնավորությունն ըստ Կենդանակերպի նշանների