fbpx

Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերթերի տառապանքները»։ Մեջբերումներ

Երբեմն գալիս է մի ինչ-որ ժամանակ, երբ ինչ-որ պատահարից, ինչ-որ պատահական մտքից դրդված բացում ես գրապահարանդ՝ փնտրելու մի գիրք, որն առաջինն անցավ մտքովդ վերհուշից ընդամենը վայրկյաններ անց: Ու թե քո գրապահարանում, կամ էլ ընթերցացանկումդ ներգրավել ես այս գիրքը, իսկ դրսում անձրևոտ ու հուշերը թարմացնող տրամադրություն է, ուրեմն այս գիրքը և ստորև բերված մեջբերումները հարմար առիթ են ժամանակի անիվը անցյալ պտտելու ու մի փոքր մտորելու համար:

Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեին, եթե նրանք (աստված գիտե, թե ինչու է այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերելու անցյալ տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով:

Թյուրիմացություններն ու կանխամտածվածությունը հավանաբար շատ ավելի խառնակություն են մտցնում աշխարհում, քան նենգությունն ու չարությունը:

Որ մարդու կյանքը միայն երազ է, արդեն շատերին է թվացել:

Երբ մենք շտապում ենք Այնտեղ և Այնտեղը դառնում է Այստեղ, ամեն բան մնում է նույնը, և մենք նույն մեր թշվառության ու սահմանափակության մեջ ենք խարխափում, և մեր հոգին կորսված ափսոսանք է փափագում:

Ոչ ոք չգիտե իր ուժերի սահմանները, քանի դեռ չի փորձել դրանք:

Աշխարհն ի՞նչ է մեզ համար առանց սիրո, Վիլհելմ: Նույնը, ինչ մոգական լապտերն առանց լույսի:

Աշխարհում ամենայն ինչ ընդունայն է, և հիմար է նա, ով ի սեր ուրիշների, և ոչ սեփական կոչմամբ ու պահանջով քափ ու քրտինք մտած աշխատում է հանուն փողի, պատվի կամ մի ուրիշ նման բանի համար:

Ես կարող էի հրաշալի, երջանիկ կյանք վարել, եթե հիմար չլինեի:

Զգուշությունը դատարկ բան է… վտանգը չես կանխագուշակի:

Մի բան հաստատ է. ոչինչ մարդուն այնքան կարևոր չի դարձնում, որքան սերը:

Մի՞թե պետք է այնպես լիներ, որ այն, ինչ երջանկություն է բերում մարդուն, նաև նրա թշվառության աղբյուրը դառնար:

Եթե մենք պակասում ենք մեր մեջ, մեզ ամեն բան է պակասում:

Մենք մի անգամ ընդմիշտ այնպես ենք ստեղծված, որ ամեն ինչ մեզ հետ և մեզ ամեն ինչի հետ ենք համեմատում, ապա թշվառությունն ու երջանկությունն էլ կախված են այն իրադրությունից, որով շրջապատված ենք մենք, և չկա ոչինչ, որ ավելի վտանգավոր լինի, քան մենակությունը:

Այն, ինչ ես գիտեմ, բոլորն էլ կարող են իմանալ, բայց այսպիսի սիրտ միայն ես ունեմ:

Ինչ անցավոր է մարդը, նույնիսկ այնտեղ, ուր նա իսկապես հաստատում է իր գոյությունը:

Ինձ շատ է տրված, բայց նրա նկատմամբ տածածս զգացմունքը կլանում է ամեն բան, ինձ շատ է տրված, բայց առանց նրա ամեն բան ոչինչ է ինձ համար:

Բոլոր տառապանքներիս աղբյուրն իմ մեջ է, ինչպես մի ժամանակ բոլոր երանություններիս աղբյուրն էր իմ մեջ:

Եվ մի՞թե սա չէ մարդու ճակատագիրը՝ բաժին ընկածի չափով տառապել և բաժակը մինչև մրուրը խմել:

Ես չեմ կարող աղերսել «ինձ թող նրան», թեև ինձ հաճախ է թվում, թե նա իմն է: Ես չեմ կարող աղերսել «ինձ տուր նրան», քանի որ նա ուրիշին է պատկանում:

Տեր Աստված, ուրեմն դու մարդկանց այնպիսի ճակատագիր ես տվել, որ կարող են երջանիկ լինել մեկ մինչև գիտակից դառնալը, մեկ էլ գիտակցությունը կորցնելուց հետո:

Ի՞նչ է մարդը, այդ փառաբանված կիսաստվածը: Արդյոք չե՛ն պակասում նրա ուժերը հենց այնտեղ, ուր նա ամենից ավելի դրա կարիքն ունի:

Եվ երբ հրճվանքից թև է առնում կամ վշտի մեջ թաղվում արդյո՞ք նրան մի բան չի կասեցնում ու բութ ու սառը գիտակցությանը վերադարձնում հենց այն պահին, երբ նա անհունի մեջ անէանալ էր երազում:

Սա էլ էր իմ ճակատագիրը. վշտացնել նրանց, ում պարտավոր էի ուրախություն պատճառել:

Բայց մարդն ի բնե այնքան սահմանափակ է, որ չի կարող ըմբռնել իր գոյության սկիզբն ու վախճանը:

Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Անդրան

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերթերի տառապանքները»։ Մեջբերումներ
Փոքրիկ գաղտնիք. 6 բան, որ տղամարդիկ չպետք է իմանան կանանց մասին