Google կորպորացիան հայտարարեց, որ մոտակա շաբաթներս կփակվի Google Buzz ծառայությունը, որը մեկնարկել էր 2010թ. փետրվարին և որը հանրահայտ Twitter-ի անալոգն էր: Բացի դրանից Google-ը նաև որոշել է հրաժարվել մի շարք «ոչ պետքական» ծառայություններից:
Բալաստից ազատվելու իր մտադրությունը Google-ը հայտարարել է իր բլոգում «Աշնանային մաքրություն» վերնագրով հոդվածում:
Գուգլյան միկրոբլոգից օգտվողները, որոնք այդքան էլ շատ չեն, չեն կորցնի իրենց գրառումները, դրանք հասանելի կլինեն Google պրոֆիլներում, կամ կարող են բեռնել Google Takeout գործիքի օգնությամբ: Բացի օգտվողների կողմից ոչ այդքան մեծ ճանաչում գտած և բացի դրանից Google փնտրման գործիքի համար գլխացավանք դարձած Google Buzz-ից, կփակվի նաև Code Search ծառայությունը (պրոյեկտ, որը հնարավորություն է տալիս փնտրել ծրագրային կոդեր, որոնք տարածվում են Open Source արտոնագրով):
Նմանօրինակ ճակատագիր է սպասում նաև Jaiku-ին, որը նույնպես Twitter-ին նման ծառայություն է և որը Գուգլը ձեռք էր բերել չորս տարի առաջ: Այն կդադարեցնի աշխատանքները 2012թ. հունվարին: Սոցիալական ֆունկցիաներից կզրկվի նաև iGoogle-ը, որը որոնողական համակարգից օգտվողների կարգավորվող սկզբնական էջն է: Այս ամենի փոխարեն ինտերնետ հսկան այժմ ունի Google+ սոցիալական ցանցը: