Գիտակցությունը չի ծագում մարդկային ուղեղից, այն գոյություն ունի որպես հիմնարար դաշտ՝ Տիեզերքի «շինանյութ»։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Նման պնդմամբ հանդես է եկել Ուփսալայի համալսարանի նանոտեխնոլոգիաների պրոֆեսոր Մարիա Ստրեմմեն, հաղորդում է Daily Mail-ը։ Եթե նրա վարկածը ճիշտ է, ապա մարդկությանը հուզող առեղծվածային հարցերը վերջապես կգտնեն իրենց գիտական պատասխանները։
Գիտակցությունը՝ որպես հիմնարար դաշտ
Ըստ Ստրեմմեի տեսության՝ գիտակցությունը մահվան հետ չի անհետանում։ Երբ մարդը մահանում է, նրա գիտակցությունը պարզապես վերադառնում է ընդհանուր ֆոնային դաշտ.
«Գիտակցության հիմնարար լինելու հավանականությունը մինչ այժմ բավարար չափով չի ուսումնասիրվել։ Սակայն իրավիճակը արագորեն փոխվում է։ Մենք մոտենում ենք մի պահի, երբ գիտակցության վերաբերյալ խորքային հարցադրումները ծայրամասային փիլիսոփայությունից վերածվում են գիտական անհրաժեշտության»։
Համաձայն քվանտային ֆիզիկայի ավանդական տեսությունների՝ մասնիկներն ու էներգիան առաջանում են հիմնարար դաշտի տատանումներից՝ ճիշտ այնպես, ինչպես ալիքներն են գոյանում ջրի մակերեսին։ Պրոֆեսոր Ստրեմմեն պնդում է, որ այդ հիմնարար դաշտը կարող է լինել հենց ինքը՝ գիտակցությունը։
Անհատական գիտակցությունը՝ ընդամենը պատրանք
Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա այն արմատական ազդեցություն կունենա աշխարհընկալման վրա։ Թերևս ամենացնցողն այն է, որ մեր անհատական գիտակցությունների տարանջատված լինելը կարող է պարզապես պատրանք լինել։
«Այս մոդելում անհատական գիտակցությունը դիտարկվում է որպես տեղային գրգռվածություն կամ կոնֆիգուրացիա գիտակցության համընդհանուր դաշտի ներսում՝ օվկիանոսի մակերեսի ալիքի նման։ Ալիքն ունի ժամանակավոր ձև, սակայն ջուրը, որը կրում է նրան, չի անհետանում, երբ ալիքը մարում է»,- բացատրել է գիտնականը։
Մահամերձ ապրումներ և գիտական նոր մոտեցումներ
Հրապարակման մեջ նշվում է, որ գիտության կողմից մերժված շատ ֆենոմեններ կարող են դառնալ գիտական մոդելի մաս և «արժանի են նոր, մանրակրկիտ հետազոտության»։
Օրինակ՝ մահամերձ ապրումների ժամանակ շատ մարդիկ պատմում են կրոնական կերպարների տեսիլքների, կորցրած հարազատների հետ հանդիպումների կամ նույնիսկ ապագա իրադարձությունների կանխազգացումների մասին։
«Եթե անհատական գիտակցումը գեներացվում է ոչ միայն ուղեղի կողմից, այլև հանդիսանում է ավելի խորը դաշտի արտահայտություն (ինչպես ենթադրում է իմ մոդելը), ապա այն պահերը, երբ ուղեղի աշխատանքը թուլացած է, կարող են թույլ տալ ոչ տիպիկ հասանելիություն դեպի այդ բազային դաշտը»,- պարզաբանել է պրոֆեսոր Ստրեմմեն։
Կարդացեք նաև՝ Մարդիկ արձակում են տեսանելի լույս, որը մահից հետո անհետանում է. զարմանալի ուսումնասիրություն
Տելեպատիան հնարավոր է ստուգել գիտականորեն
Նույն տրամաբանությամբ՝ մոդելը ենթադրում է, որ էքստրասենսորային ունակությունները, օրինակ՝ տելեպատիան, կարող են լինել ոչ միայն իրական, այլև գիտականորեն ստուգելի։
Քանի որ բոլոր անհատական գիտակցությունները նույն դաշտի մասնիկներն են, տեղեկատվությունը կարող է փոխանցվել տարածությամբ և նույնիսկ ժամանակով բաժանված կետերի միջև։ Սա նշանակում է, որ հատուկ շնորհով օժտված կամ գիտակցության փոփոխված վիճակներում գտնվող մարդիկ կարող են կարդալ մտքեր կամ տեսնել ապագա իրադարձություններ։
«Սա բացատրում է, թե ինչու են տելեպատիայի նման երևույթները հանդիպում տարբեր մշակույթներում և ամբողջ պատմության ընթացքում, թեև փորձնական (էմպիրիկ) տվյալները դեռևս հակասական են և ոչ վերջնական»,- նշել է Ստրեմմեն։
Եթե նրա տեսությունը ճիշտ է, ապա խորը մեդիտացիայի մեջ գտնվող մարդկանց ուղեղի վիճակները պետք է ցույց տան «սինխրոնացման» նշաններ այլ մարդկանց ուղեղի ակտիվության հետ։ Այդ ապացույցները հնարավոր կլինի հայտնաբերել ուղեղի սկանավորման միջոցով, ինչն էլ գիտնականներին թույլ կտա ստուգել պրոֆեսոր Ստրեմմեի տեսության իսկությունը։








