Երբ խոսքը գնում է երկարակեցության մասին, սովորաբար առաջին հերթին մտաբերում են գեները, սննդակարգն ու սպորտը։ Անշուշտ, դրանք կարևոր են, սակայն վերջին տասնամյակների հետազոտությունները փաստում են․ երկար կյանքի վճռորոշ գործոնները հաճախ թաքնված են բոլորովին այլ՝ վարքային, սոցիալական և նյարդակենսաբանական հարթություններում։ Ընդ որում, առաջին հայացքից դրանցից շատերը կարող են բոլորովին էլ «առողջ ապրելակերպի» մաս չթվալ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Դուք կարողանում եք հետաձգել ակնթարթային հաճույքը
Սա երկար կյանքի ամենաուժեղ կանխորոշիչներից մեկն է։
Ստենֆորդի համալսարանի դասական Marshmallow Study-ն (Զեֆիրի գիտափորձը) ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր կարողացել են սպասել՝ հանուն ավելի մեծ պարգևի, հասուն տարիքում ունեցել են.
- Սիրտ-անոթային հիվանդությունների ավելի ցածր մակարդակ,
- Շաքարային դիաբետի զարգացման ավելի քիչ ռիսկ,
- Քաշի ավելի արդյունավետ վերահսկողություն,
- Ավելի կայուն հոգեկան վիճակ։
Ժամանակակից նյարդակենսաբանական հետազոտություններն ավելի են հստակեցրել պատկերը․ ինքնակառավարման ունակությունն ուղղակիորեն կապված է գլխուղեղի նախաճակատային կեղևի ակտիվության հետ։ Վերջինս պատասխանատու է նաև բորբոքումների, սթրեսի հորմոնների և սննդային վարքի կարգավորման համար։
➡️ Պարզ ասած՝ եթե դուք կարողանում եք անընդհատ չտրվել գայթակղություններին, ձեր մարմինն ավելի դանդաղ է ծերանում։
2. Դուք ունեք առնվազն մեկ իսկապես հարազատ մարդ
Խոսքը ոչ թե ծանոթների քանակի, այլ հուզական կապի խորության մասին է։
Պատմության ամենաերկարատև հետազոտությունը՝ Harvard Study of Adult Development-ը (ավելի քան 85 տարվա դիտարկումներ), հանգել է միանշանակ եզրակացության․
«Հարաբերությունների որակն՝ որպես երկարակեցության գրավական, ավելի կարևոր է, քան խոլեստերինի մակարդակը, ճնշումը և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI):»
Կայուն հուզական կապեր ունեցող մարդիկ.
- Ունենում են կորտիզոլի ավելի ցածր մակարդակ,
- Ավելի հազվադեպ են տառապում քրոնիկ բորբոքումներից,
- Ավելի դանդաղ են կորցնում ճանաչողական (կոգնիտիվ) ֆունկցիաները։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների և խոշոր մետա-վերլուծությունների՝ միայնությունն, ընդհակառակը, մեծացնում է մահացությունը 26–30%-ով, ինչը համադրելի է ծխելու հասցրած վնասի հետ։
3. Դուք հակված եք չափավոր լավատեսության, այլ ոչ թե «պոզիտիվ մտածողության»
Սա կարևոր նրբություն է․ խոսքը ոչ թե միամիտ պոզիտիվի, այլ ռեալիստական լավատեսության մասին է։
Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտությունները (Nurses’ Health Study, ավելի քան 70 000 մասնակից) փաստել են.
- Չափավոր լավատեսությամբ կանայք միջինում 11–15%-ով ավելի երկար են ապրել,
- Սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկը նրանց մոտ ցածր է եղել 38%-ով։
Նյարդաֆիզիոլոգիայի տեսանկյունից սա կապված է.
- Նշաձև մարմնի (миндалина) գերակտիվացման նվազեցման,
- Ինքնավար նյարդային համակարգի ավելի լավ կարգավորման,
- Քրոնիկ սթրեսի նվազեցման հետ։
➡️ Այս դեպքում լավատեսությունը ոչ թե պարզապես հույզ է, այլ իրականության ընկալման կայուն մոդել։
Կարդացեք նաև՝ Իրատեսակա՞ն է ապրել մինչև 100 տարեկան։ Ներկայացնում ենք երկարակեցության 4 գաղտնիքները
4. Դուք շատ եք շարժվում… բայց պարտադիր չէ, որ մարզվեք
Սա թերևս ամենաանսպասելի կետերից է։
Blue Zones-ի (Կապույտ գոտիներ) և խոշոր կոհորտային հետազոտությունները (EPIC, Whitehall II) ցույց են տվել.
- Օրվա ընթացքում կանոնավոր, ցածր ինտենսիվության ակտիվությունը մահացությունն ավելի շատ է նվազեցնում, քան հազվադեպ, բայց ինտենսիվ մարզումները,
- Երկարատև նստակյաց վիճակը մեծացնում է մահվան ռիսկը նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են սպորտով։
Հիմնական գործոնը NEAT-ն է (non-exercise activity thermogenesis / ոչ մարզումային ակտիվության թերմոգենեզ), որը ներառում է.
- Քայլքը,
- Կենցաղային շարժումները,
- Դիրքերի հաճախակի փոփոխությունը։
Սա ուղղակիորեն ազդում է ինսուլինի նկատմամբ զգայունության, ճարպային փոխանակության և միտոքոնդրիալ ֆունկցիայի վրա։
5. Դուք ունեք իմաստի զգացում. պարտադիր չէ՝ «մեծ նպատակ»
Գիտականորեն ապացուցված է՝ զգացողությունը, որ ձեր կյանքը նշանակություն ունի, վիճակագրորեն երկարացնում է այն։
JAMA Psychiatry-ում (2019) հրապարակված տվյալների համաձայն՝ կյանքի նպատակի հստակ զգացում (sense of purpose) ունեցող մարդիկ աչքի են ընկել.
- Վաղաժամ մահվան 23%-ով ավելի ցածր ռիսկով,
- Բորբոքային մարկերների ավելի ցածր մակարդակով,
- Իմունային համակարգի ավելի լավ կարգավորմամբ։
Կարևոր է նշել. խոսքը պարտադիր չէ, որ վերաբերի համամոլորակային մասշտաբի առաքելությանը։ Կարևորը ներգրավվածությունն է՝ հոգատարությունը որևէ մեկի հանդեպ, սիրելի գործը կամ այն դերը, որը դուք կարևոր եք համարում։
Ի՞նչն է միավորում այս 5 նշանները
Դրանք ոչ թե իդեալական մարմին ունենալու, այլ հետևյալ որակների մասին են.
- ✅ Կարգավորում
- ✅ Կայունություն
- ✅ Կապեր
- ✅ Հարմարվողականություն
Ծերացման մասին ժամանակակից գիտությունն ավելի ու ավելի քիչ է խոսում «ծերության դեմ պայքարի» և ավելի շատ՝ օրգանիզմի կառավարման համակարգերի (նյարդային, հորմոնալ, իմունային և սոցիալական) որակի մասին։
Եվ ամենալավ նորությունն այն է, որ այս գործոնների մեծ մասը կարելի է ձևավորել նույնիսկ հասուն տարիքում։








