Հանճարեղ Լեոնարդո Դա Վինչիի սրտի նկարների գաղտնիքն ավելի քան 500 տարի մնում էր չբացահայտված։ Այն վերաբերում էր սրտի ներքին պատերի բարդ մկանային ցանցին՝ տրաբեկուլաներին։ Ինչպես նշում է Indian Defence Review-ն, միայն հաշվողական կենսաբանության և գենետիկայի ոլորտի վերջին ձեռքբերումների շնորհիվ հնարավոր դարձավ հասկանալ տրաբեկուլաների գործառույթն ու նշանակությունը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Նախքան դրանց անատոմիան ուսումնասիրելը՝ Դա Վինչին մանրամասնորեն նկարագրել է ծառանման ճյուղավորումներ ունեցող տրաբեկուլաները։ Նա ենթադրել է, որ դրանք որոշակի դեր ունեն արյան շրջանառության գործընթացում։ Սա սիրտ-անոթային համակարգի գործառույթի մասին նախնական գիտելիք էր, քանի որ դարեր շարունակ տրաբեկուլաների դերակատարությունը մնում էր առեղծված։ Nature ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ միայն ՄՌՏ տեխնոլոգիան, ֆրակտալային վերլուծությունը և նորագույն գենետիկական հետազոտությունները լույս սփռեցին սրտի առողջության և բուժման հարցում տրաբեկուլաների ունեցած նշանակության վրա։
Տրաբեկուլաներ. սաղմնային մնացորդից մինչև սրտի առողջության բանալի
«Սրտամկանի տրաբեկուլաների դերը սրտի գործառույթների և հիվանդությունների մեջ» վերնագրով հոդվածում հետազոտողները նշում են, որ տրաբեկուլաները կենսական նշանակություն ունեն սրտի աշխատանքի կարգավորման հարցում՝ ազդելով արյան հոսքի արդյունավետության վրա, և դրանք ընդամենը սաղմնային զարգացման մնացուկներ չեն, ինչպես ընդունված էր կարծել նախկինում։ Բանն այն է, որ տրաբեկուլաները ձևավորվում են սաղմի զարգացման վաղ փուլում, որից հետո դրանց շուրջ ձևավորվում է մկանային հյուսվածքը։ Սակայն դրանց հետագա գործառույթը մնում էր անհայտ։
Հետազոտությամբ բացահայտվել է կապ տրաբեկուլաների կառուցվածքի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի միջև։ Գիտնականները պարզել են, որ տրաբեկուլաների կառուցվածքային որոշակի առանձնահատկություններ կորելացվում են սրտի այնպիսի հիվանդությունների բարձր ռիսկի հետ, ինչպիսիք են սրտային անբավարարությունը և առիթմիան։ Այս բացահայտման կարևորությունն այն է, որ այժմ հնարավոր է որոշել մարդու գենետիկական նախատրամադրվածությունը սրտի հիվանդությունների նկատմամբ։
Կարդացեք նաև՝ Լեոնարդո դա Վինչիի հանելուկները. 5 օգտակար եզրակացություն բոլորի համար
Indian Defence Review-ի համաձայն՝ այս բացահայտման գործում վճռորոշ դեր է ունեցել ֆրակտալների տեսությունը, որն օգնում է ուսումնասիրել բնական ինքնանման կառույցները։ Հենց սա էլ օգնել է ուսումնասիրել տրաբեկուլաների կառուցվածքը, որոնք ծառերի պես անընդհատ ճյուղավորվում են՝ առաջացնելով ավելի փոքր ճյուղեր։ Տրաբեկուլաների բարդ երկրաչափության այսպիսի մանրամասն վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել տարբերակել սրտի առողջ և ախտահարված հատվածները։
«Այս գիտական առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում հաշվողական մոդելների կիրառման համար՝ նպատակ ունենալով մոդելավորել սրտի հիվանդությունները և կանխատեսել, թե ինչպես կարող են տարբեր գործոններ, օրինակ՝ գենետիկան կամ ապրելակերպը, ազդել սրտի առողջության վրա»,- ասվում է հոդվածում։
Իսկ տրաբեկուլաների գենետիկական հիմքերի իմացությունը կարող է հանգեցնել նպատակային թերապիայի մշակմանը, որն ուղղված կլինի այդ կառույցների ձևափոխմանը՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու կամ բուժելու նպատակով։








