fbpx

Չեմպիոնների Լիգա. Գերհզոր բախումը եզրափակիչում

Հունիսի 3-ին՝ Քարդիֆի Միլենիում ստադիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Ռեալ – Յուվենթուս։ Հանդիպումից սպասելիքները շատ մեծ են, որովհետև երկու թիմերն էլ այս տարի ցուցադրում են այնպիսի խաղ, որի բանալին չեն կարողանում գտնել աշխարհի ուժեղագույն մարզիչները։

Սկսենք Ռեալից.

Մադրիդյան ակումբը ցուցադրում է արագ, գեղեցիկ ու մոտիվացիոն ֆուտբոլ։ «Մադրիդյան բնավորություն» բառակապակցությունն արդեն թևավոր խոսք է դարձել ռեալի երկրպագուների շրջանակում, որովհետև Զիդանի թիմը պայքարում է մինչև վերջին շունչը, երբեք չի հանձնվում և հաճախ կորզում է հաղթանակը հանդիպման վերջին վայրկյաններին։ Աչք է շոյում հատկապես պաշտպանությունից դուրս գալու գործընթացը։ Սերուցքայիններն այնպիսի ճշգրիտ և արագ փոխանցումներով են դա անում, կարծես մրցակիցը դաշտում չէ, և իրենք անցկացնում են պարզապես հերթական մարզումը։ Այդ թեթևությունը, մինիմալ լարվածությունն ու դաշտում ֆուտբոլիստների զբաղեցրած ճշգրտագույն դիրքերը հանդիսանում է արքայական ակումբի գլխավոր զենքը։ Տպավորիչ է նաև այն, թե ինչպես են քրտնաջան աշխատում Ռեալի եզրային պաշտպանները։ Մարսելոն ու Կարվախալը ֆրզիկական մեծ ջանքերի ու ահռելի վարպետության հաշվին կարողանում են փակել իրենց եզրը ողջ երկայնքով, ինչը հարձակման եռյակին հնարավորություն է տալիս հաճախ տեղակայվել տուգանային հրապարակում, ու աղետ ստեղծել մրցակիցների համար։

Հաճախ եզրային պաշտպանների շնորհիվ ռեալը կառուցում է ոչ միայն աշխարհի ամենավտանգավոր հարձակման տարբերակներից մեկը, այլ նաև մրցակցի տուգանային հրապարակը զարդարում համաշխարհային աստղերով՝ հանձինս Ռոնալդուի, Բենզեմայի ու Բեյլի։ Նման համաստեղությանը դիմակայել ոչ բոլորն են ունակ։ Տակտիկական առումով Ռեալը՝ Մոնակոյի կամ Դորտմունդի Բորուսիայի կատարելագործված տեսակն է։ Այսքան առավելություններ ունենալով հանդերձ մեծ հարցական է, թե արդյո՞ք Արքայական ակումբը կկարողանա հաղթահարել Չեմպիոնների լիգայի վերջին արգելքը, ինչը խոսում է Յուվենթուսի յուրահատկության մասին։ Եթե ձեզ հարցնեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գրեթե կատարյալ պաշտպանությունը, առանց վարանելու նրանց ցույց տվեք Յուվենթուսի այս տարվա անցկացրած հանդիպումների մեծ մասի տեսագրությունները։ Թուրինցիները Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ-ում բաց են թողել ընդամենը մեկ գնդակ։ Սա ոչ միայն զարմացնող ցուցանիշ է, այլ ժամանակակից ֆուտբոլում նման արդյունքի փորձի ճանապարհին շատ ու շատ հզոր ակումբներին չի փրկի անգամ Չինական պատը։ Յուվենթուսն ունի Կիելինի – Բոնուչի անվամբ մի պատ, որին անցնելը մեծագույն խնդիր է յուրաքանչյուր թիմի համար։ Այս երկու պաշտպանները մի ամբողջություն են, որոնք կերտում են թիմի ներկայիս ձեռագիրը։ Ալեգրիի մարզչական ճկուն մտահաղացումների շնորհիվ թուրինցիները չեն կենտրոնանում միայն պաշտպանության վրա և կարողանում են համատեղել հարձակման հետ։ Անհրաժեշտության դեպքում Յուվեն զսպանակի պես բացվում է ու լուրջ խնդիրներ ստեղծում մրցակցի պաշտպանների համար։

Նման առավելությունների կծիկ հանդիսացող թիմերի բախմանը սպասում է յուրաքանչյուր ֆուտբոլասեր։ Չափազանց հետաքրքիր է, թե ինչպիսի՞ հակախաղ կգտնեն մարզիչները կամ ո՞վ կկարողանա թելադրել իրենը։ Հունիսի 3-ին պարզ կդառնա, արդյո՞ք Յուվեի գործող լեգենդ Բուֆֆոնը կարիերայում առաջին անգամ կկարողանա նվաճել ակումբային ամենահզոր առաջնությունը, թե՞ Ռեալը լիգայի պատմության մեջ առաջին անգամ կկարողանա հաղթել 2 անընդմեջ խաղարկություններում։

Երեկոն թեժ է լինելու․․․

Հրապարակման ներկայացրեց՝ Ջիվան Օհանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Չեմպիոնների Լիգա. Գերհզոր բախումը եզրափակիչում
Ճանաչողական ԹԵՍՏ գիտելիքների հարստացման համար