Ուղիղ մեկ տարի առաջ, երբ դեռ քիմիա էի դասավանդում Երևանի պետական քոլեջներից մեկում, տեսնելով աշակերտների անտարբերությունը քիմիա առարկայի նկատմամբ, հասկացա, որ մեղավորը երեխաները չեն, այլ մենք՝ քիմիայի ուսուցիչները, գիտնականները: Հարկավոր էր ինչ որ բան ձեռնարկել, հարկավոր էր քիմիայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ, բայց ինչպե՞ս: Ինչպե՞ս կարող էի ես իմ համեստ անձով, միայնակ այդպիսի մեծ նպատակ իրականացնել:
Այն ժամանակ իմ այս բլոգը գոյություն ուներ և բլոգերությամբ արդեն մի քանի տարի էր ինչ զբաղվում էի: Եվ հանկարծակի մի միտք առկայծեծ գլխումս. «իսկ ինչու՞ չստեղծել մասնագիտական՝ քիմիական բլոգ և հենց դրա միջոցով փորձել գրավել երեխաների սրտերը»: Եվ բացի դրանից հայտնի էր, որ խորհրդային միության ժամանակաշրջանում Հայաստանը քիմիական հսկա էր, իսկ այսօր քիմիան Հայաստանում անցել է մեռնող գիտությունների շարքը: Եվ հենց այս բլոգը կարող էր իր համեստ, բայց հաստատուն լուման ունենալ գոնե քիմիայի չխորտակվելու մեջ: Որոշված էր, պե՛տք է ստեղծել բլոգը, պետք է համախմբել քիմիայի բնագավառի մարդկանց, պետք է հետաքրքրություն սերմանել երիտասարևդների մոտ, պետք է: Անմիջապես խորհրդակցեցի ղեկավարիս՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիրումյանի հետ ու անմիջապես ստացա նրա համաձայնությունը և ամենակարևորը աջակցությունը:
Եվ այսպես 2011թ. հուլիսի 30-ին ստեղծվեց առաջին Հայկական քիմիական բլոգը www.chemistry.am հասցեյում:
Իսկ թե ի՞նչ ձեռքբերումներ կամ բացթողումներ է ունեցել բլոգը այս մեկ տարվա ընթացքում, և որքան մարդ է աջակցել և աջակցում բլոգի կայացմանը՝ կարող եք կարդալ → ԱՅՍՏԵՂ: Միայն համեստորեն կասեմ, որ ձեռքբերումները քիչ չէին:
Ինչևէ, Հայկական քիմիական բլոգը արդեն 1 տարեկան է, այն դեռ բազում կիսատ մնացած և դեռ չսկսած գործեր ունի իր առջև, սակայն նրա հետագա առաջընթացի համար անհրաժեշտ է քիմիայի մասնագետների սրտացավությունը, հարկավոր են հովանավորներ մեծ նպատակները իրականացնելու համար: Ես հույս ունեմ, որ բլոգը կկարողանա կատարել իր առջև դրած բոլոր խնդիրները:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԼՈԳ