Լավն ու հարմարավետ լինելն առաջին հայացքից անվտանգ ռազմավարություն է թվում: Փորձում եք ամեն գնով խուսափել կոնֆլիկտներից, հաշվի առնել ուրիշների զգացմունքները, լինել ըմբռնող, համբերատար և հուսալի: Արդյունքում շատ բան եք անում դիմացինի համար և գրեթե ոչինչ՝ ձեզ համար:
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Իսկ հետո վրա է հասնում հոգնածությունը։ Ընդ որում՝ ոչ թե մարդկանցից, այլ այն ծանր զգացողությունից, որ ձեր իսկ կյանքում դուք կարծես գոյություն չունեք։ Որ ձեզ ընտրում են միայն այն դեպքում, երբ դուք չեք խանգարում: Որ սերը, փողն ու հարգանքը, չգիտես ինչու, որպես պարգև չեն տրվում ձեր տարած տանջանքի դիմաց: Այստեղ խնդիրը միայն հոգեբանական չէ. մշտապես սեփական հույզերը ճնշելը և ուրիշներին գոհացնելը սպառում են նյարդային համակարգը՝ վերածվելով քրոնիկական սթրեսի։
Այս կետում շատ կարևոր է ազնվորեն խոստովանել. լավը լինել՝ դեռ չի նշանակում ապրել:
1. Դադարեք վաստակել նորմալ վերաբերմունքը
Հարգանքը, ուշադրությունն ու հետաքրքրությունը մրցանակներ չեն, որ տրվեն լավ պահվածքի դիմաց: Նման մոդելը հաճախ արմատավորվում է դեռ մանկուց, բայց հասուն տարիքում այն դառնում է կործանարար: Եթե ստիպված եք անընդհատ ապացուցել ձեր արժանի լինելը, ուրեմն դա հարաբերություն չէ, այլ քննություն: Իսկ այդ քննությունը կարելի է պարզապես չհանձնել:
2. Թույլ տվեք ձեզ դուր չգալ ուրիշներին
Արժեքավոր լինելու համար պարտադիր չէ հարմարավետ լինել: Ոմանց համար դուք անընդունելի կլինեք, կնյարդայնացնեք կամ չեք համապատասխանի նրանց սպասելիքներին: Դա սխալ չէ, դա յուրատեսակ ֆիլտր է: Իրական ուժեղ կենսահայացք ունեցող մարդիկ միշտ բևեռացնում են շրջապատը. հարմարավետություն փնտրողները հեռանում են, իսկ մնում են նրանք, ովքեր գնահատում են իրական մարդուն:
3. Դադարեք արդարացնել ձեր որոշումները
Որքան շատ եք արդարանում, այնքան հարգանքը ձեր նկատմամբ պակասում է: Արդարացումը ենթագիտակցորեն ազդարարում է վստահության պակասի մասին: Հասուն մարդու դիրքորոշումը հստակ է՝ «ես այդպես եմ որոշել»։ Առանց երկարաշունչ պարզաբանումների ու պաշտպանական ռեակցիաների:
4. Ձեզ առաջնահերթություն դարձրեք առանց մեղավորության զգացումի
Դուք պահեստային տարբերակ չեք ձեր իսկ կյանքում: Եթե ձեզ վատ եք զգում, անհարմար է կամ ծանր, դա արդեն լիովին բավարար է ինչ-որ բան փոխելու համար: Մարդը, ով չի կարողանում հոգ տանել սեփական բարեկեցության մասին, ի վիճակի չէ լիարժեք հոգատարություն տալ ուրիշներին: Պետք չէ սպասել ինչ-որ մեկի թույլտվությանը:
5. Ասեք «ոչ» նախքան զայրույթի առաջանալը
Զայրույթն ինքնին խնդիր չէ, այն բնական հույզ է, ազդանշան, որ ձեր սահմանները կոպտորեն խախտվել են: Սակայն ավելի խելամիտ է գործը դրան չհասցնելը: Ժամանակին հնչած մերժումը փրկում է հարաբերությունները, մինչդեռ լռելյայն համբերելը վաղ թե ուշ կործանում է դրանք:
6. Մի փրկեք նրանց, ովքեր չեն ուզում փոխվել
Ուրիշների խնդիրները ձեր բեռը չեն: Շարունակաբար «փրկչի» դեր ստանձնելով՝ դուք պարզապես խրախուսում եք դիմացինի անպատասխանատվությունը: Օգնությունն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ մարդն ինքն էլ է քայլ անում ընդառաջ: Մնացած բոլոր դեպքերում դա դանդաղ ինքնաոչնչացում է՝ բարության քողի տակ:
Կարդացեք նաև՝ 7 բան, որից պետք է հրաժարվել իսկապես երջանիկ լինելու համար
7. Մի կոծկեք այն, ինչը ձեզ քայքայում է
Եթե ցավոտ է, տհաճ կամ նվաստացուցիչ, պետք չէ ձևացնել, թե ամեն ինչ կարգին է: Նման իրավիճակներում լռելը հավասարազոր է ինքնադավաճանության: Ներքին կոնֆլիկտը՝ իրական ապրումների ու ցուցադրական ժպիտի միջև, վերջնարդյունքում հանգեցնում է լուրջ հոգեսոմատիկ խնդիրների:
8. Դադարեք հարմարավետ լինել հանուն սիրո
Սերը, որը գոյատևում է բացառապես ձեր հարմարավետ լինելու հաշվին, իրականում սեր չէ: Դա կախվածություն է ձեր իսկ արած ներդրումներից ու այն կորցնելու վախ: Իրական մտերմությունը զգացմունքների ու հարգանքի փոխադարձ դրսևորում է, որը հաստատապես դիմանում է ձեր անձնական սահմանների առկայությանը:
9. Ընտրեք ազնվությունը «լավ մարդու» կերպարի փոխարեն
Լավ մարդու կերպարը հաճախ չափազանց թանկ է նստում: Դրա դիմաց մարդիկ վճարում են սեփական կյանքով, չիրականացված ցանկություններով ու էներգիայով: Ազնվությունն այն միակ բանալին է, որով վերադարձնում եք ինքներդ ձեզ:
10. Հիշեք, որ աշխարհը չի կործանվի, եթե դառնաք ինքներդ ձեզ նման
Նրանք, ովքեր սովորել են օգտագործել ձեր հարմարավետությունը, միանշանակ դժգոհ են մնալու: Եվ դա բնական է, քանի որ նրանց շահավետ գոտին խախտվում է: Փոխարենը կհայտնվեն մարդիկ, ում համար հետաքրքիր կլինի իրական և չկեղծված մարդը:
Բավական է լինել լավն ու հարմարավետ. սա ամենևին չի նշանակում վերածվել կոշտ ու չարակամ մարդու: Սա նշանակում է պարզապես դադարել ապրել սեփական անձն ուրանալու ռեժիմով:
- Քանի դեռ հարմար եք՝ ձեզ օգտագործում են:
- Երբ սկսում եք իրապես ապրել՝ ձեզ արդեն ընտրում են:
Եվ եթե այս կյանքում ինչ-որ բան իսկապես փոխվում է, ապա ոչ թե այն ժամանակ, երբ դուք ավելի շատ եք ջանում լավը լինել, այլ այն պահին, երբ վերջնականապես դադարում եք դավաճանել ինքներդ ձեզ՝ հանուն ուրիշների հարմարավետության:








