fbpx

Հրաշագործ զորությամբ օժտված ԱՂՈԹՔՆԵՐ շաբաթվա բոլոր օրերի համար․ Հովհաննես Գառնեցի

Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու այս վկայությունը 12-13-րդ դարերի սրբակենցաղ ճգնավոր, հրաշագործի համբավ ունեցող Հովհաննես Գառնեցու մասին է։ Նրա անունով մեզ են հասել բազմաթիվ աղոթքներ, որոնք սիրված ու տարածված են եղել։ Վկայությունն են պահպանվել դրանց հրաշագործ զորության մասին։ Սա է թերևս պատճառը, որը այս աղոթքներով պատրաստվել են հմայիլ-թալիսմաններ և դրանք մարդիկ մշտապես իրենց մոտ են պահել, հավատացել դրանց չարխափան, պաշտպանիչ, բժշկող զորությանը։ Ներկայացնում ենք Հովհաննես Գառնեցու շաբաթվա օրերի համար նախատեսված աղոթքները՝ Ա․ Մադոյանի աշխարհաբար թարգմանությամբ։ Աղոթքներից յուրաքանչյուրը սկսվում է Հովհաննես Գառնեցու անվան համապատասխան տառով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՂՈԹՔ

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փառք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից: Տեր և Աստված իմ, որ այս օրը լույսը տիվ անվանեցիր, իսկ խավարը` գիշեր, իմ մեղքի գիշերը և իմ անօրինությունների խավարը հերքիր ու հեռացրու ինձնից:

Բայց դու, Տեր, գթած և մարդասեր, որ երկնքի ու երկրի լինելուց առաջ նախապես պատրաստեցիր արքայությունդ սուրբ առաքյալներին և բոլոր քեզ սիրողներին, ինձ ևս արժանի արա նրանց հետ ժառանգելու խոստացածդ բարիքները և նրանց
հետ փառավորելու Երրորդությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

2. ԱՂՈԹՔ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Ով ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:
Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ.

Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քեզ մեղքերդ» բազում:
Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ:

Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս: Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և
Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

3. ԱՂՈԹՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Վերին վայելչություններիդ վերանորոգող և ստորիններիս ստեղծող, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը անհատակ ջրերին հրամայեցիր կուտակվելու իրար վրա, ուր երևաց ցամաքը բարեբողբոջ բույսերով ու տունկերով, ծառերով ու ծաղիկներով և ամեն տեսակ բարի պտուղներով, ընկնում եմ քո առջև ու խնդրում քեզնից` հոգու ծաղիկներից մեղքով թառամածիս և բարի արգասիքներից անպտուղիս, նայի՛ր, Տեր, անմեղ մատներիդ ստեղծածիս, և անարատ ձեռքիդ գործիս մի՛ անտեսիր, այլ նախախնամական սիրովդ խնայիր խախտվածիս ու մեղքով տարակուսածիս, որովհետև նենգավորի նետերն ինձ խոցոտեցին, և իմ մեջ ծլեցին բանսարկուի փշերը, ինձ վիրավորեց ահագին վիշապը, և մահաբեր գազանի թույները թափվեցին վրաս: Այլ տեղից փրկություն չկա և ոչ` բժշկություն իմ հոգուն և մարմնին:
Արդ, ամենամեղս հայցում եմ ամենազոր տերությունիցդ, բուժիր բեկված սիրտս, կապիր, մարդասեր Տեր, խոր վերքերս, և ինչպես այսօր անջատեցիր ջուրը ցամաքից, նույնպես անջատիր ինձնից բոլոր անօրինություններս և արժանացրու
երկնային արքայությանդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

4. ԱՂՈԹՔ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Աղաչում եմ քեզ, քո առջև ընկնելով, Տեր իմ և Աստված իմ, անճառ ճառագայթև անհասանելի լույս և լուսեղեն դասերի ստեղծող,
երկնքի լուսավորներին հորինող, Սուրբ Երրորդություն, որ այս օրը գոյացրիր արեգակը, լուսինն ու աստղերը և նրանց տեղավորեցիր երկնքում` լուսավորելու արարածներիս և ցույց տալու ժամ ու ժամանակ, օր ու տարի, և արդ, ես` լույսից
զրկվածս և մեղքի խավարով պատածս, լուսաշող ողորմությունիցդ հայցում եմ` ինչպես տարրեղեն լուսավորներիդ շնորհեցիր լույս, ինձ ևս շնորհիր մի փոքր մաս ու բաժին առատ և անհամեմատելի լույսիցդ, և ինձնից փարատիր հանցանքի մեգն ու
խավարը, և անանց լույսովդ առաջնորդիր ինձ երկնային արքայությունդ` բոլոր սրբերի հետ փառավորելու ամենազոր տերությունդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Կարդացեք նաև՝ Աստվածաշնչյան 10 հզոր ԱՂՈԹՔ

 

5. ԱՂՈԹՔ ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՎԱ

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի
զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու
այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից:

Մի՛ բարկանար ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

6. ԱՂՈԹՔ ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը
մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք
պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար,
Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի,
քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից:

Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:

7. ԱՂՈԹՔ ՇԱԲԱԹ ՕՐՎԱ

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու
կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի
համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը,

Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Աղբյուրը՝ Մեր սուրբ հայր Հովհաննե Գառնեցու աղոթքները՝ իր անվան տառերով,

Սբ, Էջմիածին, 2008:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հրաշագործ զորությամբ օժտված ԱՂՈԹՔՆԵՐ շաբաթվա բոլոր օրերի համար․ Հովհաննես Գառնեցի
Ինչպե՞ս գեղջուկ աղջիկը կարողացավ սկուտեղի վրա աղ հյուրասիրելով գրավել կայսեր սիրտը և դառնալ Չինաստանի կայսրուհին (+տեսանյութ)