Բոլորը լսել են ավոկադոյի օգտակարության մասին, սակայն քչերը գիտեն, թե կոնկրետ որոնք են դրա առավելությունները։ Այս մրգի ամենօրյա օգտագործումը կարող է բարելավել քունը, նվազեցնել խոլեստերինի մակարդակը և զգալիորեն բարձրացնել սննդակարգի որակը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Very Well Health պարբերականը պարզել է, թե ինչպես կարող է ավոկադոյի ամենօրյա օգտագործումն անդրադառնալ առողջության վրա։
Վեցամսյա հետազոտությանը մասնակցել է որովայնային ճարպակալում ունեցող 969 չափահաս ամերիկացի, որոնք սովորաբար ամսական երկու ավոկադոյից ավելի չէին ուտում։
Մասնակիցների մի խումբն ամեն օր ավոկադո է կերել, իսկ մյուսը՝ ամսական երկու անգամից ոչ ավելի։ Կարևոր է նշել, որ մնացած հարցերում նրանց սննդակարգը մնացել է անփոփոխ։
Հետազոտության այն մասնակիցները, որոնք ամեն օր ավոկադո են օգտագործել, նկատել են քնի որակի և տևողության բարելավում։
«Սա սիրտ-անոթային համակարգի առողջությանը նվիրված հետազոտություն էր, ուստի քնի վրա դրական ազդեցությունն առավել հավաստի է թվում, քանի որ այն դարձավ լավ պլանավորված, պատահականացված և վերահսկվող փորձարկման անսպասելի երկրորդական արդյունք»։
— նշել է բժշկական գիտությունների դոկտոր, Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի ներկայացուցիչ և Օրինջ շրջանի մանկական հիվանդանոցի (CHOC) թոքաբան Ջոն Սայտոնը։
Փորձագետը պարզաբանել է, որ ավոկադոն քնաբեր չէ, սակայն այն պարունակում է քունը խթանող այնպիսի սննդանյութեր, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը և օգտակար ճարպերը։
«Օգտակար ճարպերի, բարդ ածխաջրերի և սպիտակուցների համադրությամբ կանոնավոր, հավասարակշռված սննդակարգը կօգնի պահպանել ձեր ցիրկադային ռիթմը»։
— ասել է Սայտոնը։
Բացի այդ, ավոկադոն «օգտակար» մոնոչհագեցած ճարպերի հիանալի աղբյուր է։
Կարդացեք նաև՝ Ավոկադո. միրգ, որը շատ օգտակար է հատկապես աղջիկների և կանանց համար
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոյի օգտագործումը, հատկապես հագեցած ճարպերով հարուստ մթերքների՝ կարագի ու պանրի փոխարեն, օգնում է նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը։
Մեկ ավոկադոն պարունակում է 10 գրամ բջջանյութ, որը կարող է նպաստել խոլեստերինի մակարդակի և սրտային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։ «Ավոկադոյի լուծվող բջջանյութը կարող է գելանման զանգված առաջացնել, որը բարակ աղիքում կապվում է լեղաթթուների և «վատ» խոլեստերինի հետ՝ նպաստելով դրանց դուրսբերմանն օրգանիզմից», — բացատրում է սննդաբան-դիետոլոգ Ջուդի Սայմոնը։








