Ցանկանո՞ւմ եք ավելի երկար ապրել. հանգստացրեք ձեր միտքը

Ուղեղի չափազանց բարձր ակտիվությունը կարող է կրճատել կյանքի տևողությունը։

Երկարակեցության մասին բազմաթիվ տեսություններ կան։ Այս թեմայով հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ եթե ցանկանում ենք ավելի երկար ապրել, տարիքի հետ կարևոր է պահպանել թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր ակտիվությունը։ Այլ կերպ ասած՝ մասնագետները երկար ժամանակ ընդգծել են, որ ակտիվ ուղեղը կարևոր դեր ունի առողջ ծերացման և երկար կյանքի համար։

Սակայն Հարվարդի բժշկական դպրոցի Բլավատնիկի ինստիտուտում անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս նաև մեկ այլ կարևոր հանգամանք․ երկարակեցության համար նշանակություն կարող է ունենալ ոչ միայն ուղեղի ակտիվ լինելը, այլև այն, թե որքան ինտենսիվ է այդ ակտիվությունը և ինչ բնույթ ունի։

Հետազոտության հեղինակները պարզել են, որ նեյրոնների չափազանց բարձր ակտիվությունը կապված է կյանքի ավելի կարճ տևողության հետ։ Միաժամանակ մի քանի գործով զբաղվելը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն անընդհատ ստանալն ու առանց հանգստի մի զբաղմունքից մյուսին անցնելը կարող են գերբեռնել և գրգռել ուղեղը։

Գերբեռնված ուղեղում հիշողության և մտածողության հետ կապված տարիքային փոփոխությունները կարող են ավելի արագ ընթանալ։ Իսկ հակառակ դեպքում, երբ ուղեղը մշտական գերլարվածության մեջ չէ, պատկերը կարող է այլ լինել։ Գիտնականները կապ են նկատել ավելի հանգիստ նեյրոնային ակտիվության և երկարակեցության միջև։

Իհարկե, դա ասելն ավելի հեշտ է, քան իրականացնելը։ Թվային դարաշրջանում ուղեղի մշտական գերլարվածությունը գրեթե սովորական վիճակ է դարձել։ Տարբեր տարիքի մարդիկ շարունակ մի գործից անցնում են մյուսին և անընդհատ նոր խթան են փնտրում՝ հեռուստահաղորդումից մինչև սմարթֆոնի հերթական ծանուցումը։

Մարդիկ ավելի ու ավելի ուժեղ են զգում արտաքին աշխարհի հետ մշտապես կապված լինելու անհրաժեշտությունը։ Pew Research Center-ի տվյալները ցույց են տալիս, որ տեղեկատվության բազմաթիվ հոսքերի պատճառով մենք հաճախ հայտնվում ենք մշտական բազմախնդրության վիճակում։ Արդյունքում ուղեղին դժվար է լինում կենտրոնանալ մեկ գործի վրա, ավարտել այն կամ պարզապես ընդմիջում անել։

Եվ ամենաանսպասելի եզրակացությունն այն է, որ բնականոն ծերացման համար ուղեղի նեյրոնային ակտիվությունը որոշ չափով պետք է սահմանափակվի։

Ի՞նչ են պարզել Հարվարդի գիտնականները

Հարվարդում անցկացված հետազոտություններից մեկի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են հարյուրավոր մարդկանց ուղեղներ, որոնք մահից հետո նվիրաբերվել էին գիտությանը։ Այդ մարդիկ մահացել էին 60-ից 100 տարեկանում և կյանքի ընթացքում համարվել էին կոգնիտիվ առումով առողջ։

Տարբեր տարիքում մահացած մարդկանց գենետիկական տվյալները համեմատելուց հետո գիտնականները մի հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել։ 85–100 տարեկանում մահացած մարդկանց մոտ նեյրոնների գերակտիվության հետ կապված գեների արտահայտվածությունն ավելի ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր մահացել էին 60–80 տարեկանում։

Հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի գենետիկայի պրոֆեսոր և Փոլ Ֆ. Գլենի անվան ծերացման կենսաբանության կենտրոնի համահիմնադիր Բրյուս Յանկներն ասում է․

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծերացման ընթացքում կարող է ի հայտ գալ աննորմալ և վնասակար նեյրոնային ակտիվություն։ Այն ոչ միայն նվազեցնում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը, այլև կարող է վնասել մարդկանց և կենդանիների առողջությանը՝ կրճատելով կյանքի ընդհանուր տևողությունը։ Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ուղեղի ակտիվությունը կարգավորելու միջոցով հնարավոր է ազդեցություն ունենալ երկարակեցության վրա»։

Լիբերի ուղեղի զարգացման ինստիտուտի նեյրոկենսաբան Մայքլ ՄաքՔոննելը նշում է․

«Ամենաանսպասելին այն է, որ բնականոն ծերացումը պահանջում է ուղեղում նեյրոնային ակտիվության որոշակի սահմանափակում»։

Առաջին հայացքից մտավոր խթանումը նվազեցնելու գաղափարը կարող է հակասական թվալ։ Բայց գիտնականների կարծիքով՝ ուղեղին պարբերաբար հանգստանալու հնարավորություն տալը կարող է կարևոր լինել նրա առողջությունը պահպանելու համար։

Պահպանեք հավասարակշռությունը․ ակտիվ պահեք ուղեղը, բայց մի մոռացեք նաև հանգստի և ընդմիջումների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դանդաղ կյանքի» արվեստը․ ինչպես պաշտպանվել տոքսիկ արդյունավետությունից և ներքին հանգստություն գտնել գերարագ առօրյայում

Ինչպե՞ս դուրս գալ մշտական շտապողականության, բազմախնդրության ու գերլարվածության շրջանից և վերադարձնել առօրյային ավելի առողջ ու հանգիստ ռիթմ։

Կարդալ հոդվածը →

Որտե՞ղ է օգտակար ակտիվության և գերլարվածության սահմանը

Դեռևս հեշտ չէ հստակ որոշել, թե որտեղ է ավարտվում ուղեղի բնական ու օգտակար ակտիվությունը և որտեղից է սկսվում արդեն վնասակար գերլարվածությունը։

Յանկներն ասում է․

«Այդ սահմանը հստակ գծել դժվար է, որովհետև ուղեղը նոր գործառույթների համար օգտագործելը՝ օրինակ նոր լեզու սովորելը, նոր երաժշտական գործիք նվագել սովորելը կամ անծանոթ առաջադրանքներ կատարելը, դրական ազդեցություն է ունենում սովորելու և հիշողության վրա»։

Այսպիսի ակտիվությունը պետք չէ շփոթել վնասակար նյարդաբանական գրգռվածության հետ։ Վերջինս կարող է արտահայտվել մկանային կծկումներով, տրամադրության կտրուկ փոփոխություններով, նոպաներով և ուղեկցել այնպիսի հիվանդությունների կամ խանգարումների, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, երկբևեռ խանգարումը և նյարդաբանական այլ խնդիրներ։

Calico Labs-ի ծերացման հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինթիա Քենյոնը բացատրում է․

«Կարծում եմ՝ չափազանց մեծ ակտիվությունն ու չվերահսկվող գրգռվածությունը վնասակար են ուղեղի համար։ Դուք ցանկանում եք, որ նեյրոններն ակտիվանան, երբ դրա կարիքը կա, բայց ոչ թե աշխատեն անդադար»։

Ինչպե՞ս օգնել գերբեռնված ուղեղին և ավելի երկար ապրել

Լավ նորությունն այն է, որ ուղեղի գերգրգռվածության դեմ հնարավոր է պայքարել։ Երբեմն դրա համար բավական է փոխել առօրյա վարքագիծը, սովորել նկատել գերլարվածության պահերը և ձևավորել այնպիսի սովորություններ, որոնք կօգնեն հանգստանալ։

Harvard Heart Letter-ի խմբագիր Պատրիկ Ջ. Սկերեթը գրում է․

«Եթե աշխատանքը ձեզ ուժասպառ է անում, խանգարում է քնել և ստիպում հրաժարվել հաճելի զբաղմունքներից, ապա մտավոր, ֆիզիկական և հուզական առողջության մասին հոգ տանելը կարող է օգնել տարիքի հետ պահպանել մտքի հստակությունը»։

Ի՞նչ կարելի է անել, եթե այս նկարագրությունը ձեզ շատ ծանոթ է թվում։

Սկսեք ավելի շատ գնահատել հանգիստ պահերը։ Օրվա ընթացքում հատուկ ժամանակ առանձնացրեք ինքներդ ձեզ համար։ Գիրք կարդացեք, նկարեք, նամակ գրեք կամ օրագիր պահեք։

Կամ պարզապես որոշ ժամանակ նստեք լռության մեջ։ Փորձեք հետևել ձեր մտքում հայտնվող ու անցնող մտքերին՝ առանց դրանցից որևէ մեկի վրա երկար կանգ առնելու, և այդ ընթացքում կենտրոնացեք ձեր շնչառության վրա։

Հոգեկան հանգստության և մարմնի թուլացման համար նույնպես որոշակի վարժություն է պետք։ Այդ պատճառով ազատ ժամանակը չպետք է ընկալվի որպես այն, ինչ մնում է բոլոր գործերն ավարտելուց հետո։ Այն պետք է իր տեղն ունենա ձեր առօրյայում։

Եթե ամեն օր ժամանակ հատկացնեք որևէ զբաղմունքի, որը կօգնի հանգստանալ, դանդաղեցնել մտքերի հոսքը և ավելի լավ զգալ սեփական մարմինը, դա կարող է նպաստել ոչ միայն ավելի խաղաղ առօրյային, այլև ավելի երկար ու առողջ կյանքին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Ցանկանո՞ւմ եք ավելի երկար ապրել. հանգստացրեք ձեր միտքը
🎁💡 ԹԵՍՏ. Դուք տաղանդավոր ուղեղ ունեք, եթե հավաքեք 10/10 միավոր 🏆
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց