fbpx

Աստղիկ – հին հայ վիպաշխարհ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտանմունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ: Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին: Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց:

Աստղիկին պատկերում էին մերկ, չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս: Նա ամեն գիշեր լոցղանում էր Եփրատ գետում: Նրա սիրով տարված երիտասարդ տղաները Տարոնի Դաղոնաց սարի վրչա գիշերները խարույկներ էին վառում, որպեսզի դրանց լույսի տակ կարողանան տեսնել Եփրատում լողացող դիցուհուն, հիանան նրա չքնաղ գեղեցկությամբ: Բայց Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել:

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի (Քսիսութրիոս) դուստրն է: Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներ են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն: Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը բռնանում է մյուս եղբայրների վրա և կամենում է նրանց երկրներում իր որդիներին թագավորեցնել: Տիտանն ու Հաբեթոսթեն ըմբոստանում են ավագ եղբոր՝ Զրվանի դեմ և պատերազմի մեջ մտնում նրա հետ: Տիտանը հափշտակում է Զրվանի երկրների մի մասը: Այս խռովություններին միջամտում է նրանց քույր. Աստղիկը, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները: Տիտանն ու Հաբեթոսթեն համաձայնվում են, որ առայժմ իրենց վրա թագավորի ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրանից ծնվելիք բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի թագավորությունն իրենց վրա սերնդից սերունդ հավերժական չլինի: Համաձայնում են, դաշինք կնքում: Տիտանն ու Հաբեթոսթեն իրենց հզոր մարդկանցից վերահսկիչներ են նշանակում Զրվանի բոլոր կանանց ծննդաբերության վրա: Եց երբ Զրվանի նորածին զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խղճահարվում է և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի տիտանների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որը կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝  աստվածների ընկնելու տեղ):

Աստղիկը Տարոնի կողմերում շինել է տալիս Աստղնաբերդ (համառոտված՝ Աստղնբերդ) ամրոցը իր Զրվան եղբոր ապահովության համար: Այն հետագայում կոչվեց նաև Մոկաց բերդ:

Բացի Աշտիշատից, Աստղիկին նվիրված տաճարներ կային Վանա լճի մոտակայքում գտնվող Արտամետ ավանում, Անձրևացիք կոչված գավառում, Արտաշատում և այլ տեղերում: Աստղիկին նվիրվում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում: Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը:

Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, համաժողովրդական մեծ հանդիսություններով ու արարողություններով: Այդ տոնը կոչվում էր վարդավառ, որը մինչ այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ: Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում:

Սարգիս Հարությունյան
«Հայ հին վիպաշխարհը»
Երևան,  «Արևիկ» 1987թ. 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag