Իմաստուն առակ այն մասին, թե ի՞նչն է աշխարհում ամենաքաղցրը և ամենադառը։
Մի թագավոր հրամայում է իր վեզիրին.
– Գնա և ինձ բեր մի կերակուր, որից քաղցրը չես գտնի ոչ երկրի երեսին, ոչ էլ ծովերի խորքերում։
Վեզիրը գնում է, լեզու գնում, բերում, խորովում այն և մատուցում։ Թագավորին դուր է գալիս։
Մյուս անգամ թագավորը հրամայում է.
– Գնա և ինձ բեր մի այնպիսի կերակուր, որից դառը չես գտնի աշխարհի երեսին։
Վեզիրը գնում է, կրկին լեզու գնում և մատուցում։
Թագավորն ասում է.
– Ես խնդրեցի քաղցր՝ դու գնացիր և լեզու բերեցիր, խնդրեցի դառը՝ ու կրկին լեզո՞ւ։
Վեզիրը պատասխանում է.
– Երդվում եմ քո գլխով, Աշխարհում չկա ավելի քաղցր, քան լեզուն և չկա ավելի դառը բան, քան լեզուն։