fbpx

Առակ. «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք»

Իմաստուն առակ միասնականության ուժի մասին։

Սողոմոն թագավորը մի հսկա փիղ ուներ, որ իր ճամփին ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մեծ վնաս էր հասցնում այդ հսկան, մանավանդ՝ մրջյուններին: Պառկում էր ու մի քանի մրջնապալատ միանգամից ավերում, ոտը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում:

Ճարահատյալ՝ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ:

-Իմաստուն թագավորն ապրա՛ծ կենա,- ասացին,- քո փիղը մեր տներն ավերում է, մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:

-Ի՞նչ,- գոռաց արքան,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց պատճառով իմ փղի առջև արգելք դնեմ:

Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց: Եվ տեր թագավորից հույսները կտրած՝ մրջյունները որոշեցին մեծ ժողով անել: Եկան, խելք խելքի տվին ու փղին հաղթելու համար ճար գտան: Մրջնավարի լուռ գործի կպան ու փղին վայել գերեզման փորեցին: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան. մրջյունները սսկվեցին: Դո՛փ, դո՛փ, դո՛փ…

Փիղը գալիս էր ավերելու: Ու մեկ էլ՝ թը՛մփ… հսկան փոսն ընկավ, ոտքերը տնկեց, մնաց ու մնաց:

Օրեր անցան, փիղը  չկար: Թագավորը ծառաներին ուղարկեց՝ փնտրելու: Այստեղ փիղ, այնտեղ փիղ. Փիղը  չկար: Մրջնաբնի մոտից ծանր հոտ էր գալիս. գնացին տեսան փիղը սատկել  է: Ծառաները Սողոմոն Իմաստունին հայտնեցին.

-Մեր թագավորն ապրած կենա, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը, սատկել:

Սողոմոն Իմաստունը ողբաց իր սիրելի փղի մահը, ափսոսաց, բայց և այնպես նրան հիացրեցին մրջյունների անվախությունը, հնարագիտությունը, ամուր կամքն ու միասնությունը: Նա մտածեց ու հասկացավ, որ այդ թույլ արարածները համախմբվելով այնպիսի ուժ են դարձել, որը երբեք արհամարհել չես կարող:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.17 из 5 )
MediaMag
Առակ. «Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք»
ԹԵՍՏ․ Բրդու՞ջ, թե՞ բրդուճ: Արի ստուգենք հայերենիդ իմացությունը