Իմաստուն առակ միասնականության ուժի մասին։
Սողոմոն թագավորը մի հսկա փիղ ուներ, որ իր ճամփին ամեն ինչ ոտնատակ էր տալիս, բայց քանի որ թագավորի սիրած փիղն էր, անպատիժ էր մնում: Մեծ վնաս էր հասցնում այդ հսկան, մանավանդ՝ մրջյուններին: Պառկում էր ու մի քանի մրջնապալատ միանգամից ավերում, ոտը դնում ու մի պալատ մրջյուն էր ջնջում, կնճիթով քաշում ու մի պալատ էր երկինք փչում:
Ճարահատյալ՝ մրջյունները գնացին Սողոմոն թագավորի մոտ:
-Իմաստուն թագավորն ապրա՛ծ կենա,- ասացին,- քո փիղը մեր տներն ավերում է, մեր ցեղը ջնջում է, արգելի՛ր:
-Ի՞նչ,- գոռաց արքան,- մրջյուններն ովքե՞ր են, որ նրանց պատճառով իմ փղի առջև արգելք դնեմ:
Երկրորդ, երրորդ անգամ գնացին գանգատի, թագավորը դարձյալ չլսեց: Եվ տեր թագավորից հույսները կտրած՝ մրջյունները որոշեցին մեծ ժողով անել: Եկան, խելք խելքի տվին ու փղին հաղթելու համար ճար գտան: Մրջնավարի լուռ գործի կպան ու փղին վայել գերեզման փորեցին: Ծանր փնչոց ու խուլ ոտնաձայներ եկան. մրջյունները սսկվեցին: Դո՛փ, դո՛փ, դո՛փ…
Փիղը գալիս էր ավերելու: Ու մեկ էլ՝ թը՛մփ… հսկան փոսն ընկավ, ոտքերը տնկեց, մնաց ու մնաց:
Օրեր անցան, փիղը չկար: Թագավորը ծառաներին ուղարկեց՝ փնտրելու: Այստեղ փիղ, այնտեղ փիղ. Փիղը չկար: Մրջնաբնի մոտից ծանր հոտ էր գալիս. գնացին տեսան փիղը սատկել է: Ծառաները Սողոմոն Իմաստունին հայտնեցին.
-Մեր թագավորն ապրած կենա, մրջյունները թակարդ են սարքել, փիղն ընկել է մեջը, սատկել:
Սողոմոն Իմաստունը ողբաց իր սիրելի փղի մահը, ափսոսաց, բայց և այնպես նրան հիացրեցին մրջյունների անվախությունը, հնարագիտությունը, ամուր կամքն ու միասնությունը: Նա մտածեց ու հասկացավ, որ այդ թույլ արարածները համախմբվելով այնպիսի ուժ են դարձել, որը երբեք արհամարհել չես կարող:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]