«Մտքերը նյութական են»՝ իհարկե այս արտահայտությունը շատ եք լսել: Տիեզերքը գիտի, թե ինչ է մտածում մարդը և այդ ամենը իրականացնում է որպես երազանք: Նույնիսկ եթե այդ կատեգորիայի մեջ է հայտնվում նեգատիվ: Ինչին տրամադրում ես քեզ՝ դա էլ լինում է:
Խոսում են երկու հրեշտակ՝ ղեկավարը լսում է իր ենթակայի հաշվետվությունը:
– Բացատրիր երկու բառով՝ կարճ և կոնկրետ:
– Նա ողջ է, աշխատում է, ինչ-որ հույսեր ունի:
– Եվ ի՞նչ հույս:
– Չեմ կարող ասել: Արդեն երկու անգամ ցուցադրել եմ նրան բարի երազ: Ասում է, որ չի տեսնում: Իբր շատ է հոգնում աշխատավայրում:
– Իսկ այնտեղ ի՞նչ:
– Ինչպես բոլորի մոտ: Ղեկավարություն, հանձնարարություններ, շատ սուրճ և բանբասանք:
– Ղեկավարությունը նրան հանգիստ չի՞ տալիս:
– Չէի ասի: Բայց նա միևնույնն է վախենում է, ամեն ինչի հետ համաձայնվում է, իր կարծիքը չի պնդում:
– Դու նրա վախերը ցրե՞լ ես:
– Որքան կարողացել եմ: Նա աշխատանքի էր գնում, իսկ ես նրա գլխավերևում թևերս էի թափահարում: Ցրում էի ամպերը, ցույց տալիս արևը: Բայց նա նույնիսկ չնկատեց: Ստիպված էի կսմթել:
– Իսկ ի՞նչ կասես գրավիչ անծանոթուհու մասին: Գեղեցիկ կազմվածք, հաճելի պարֆյում:
– Տրորեց նրա ոտքը մետրոյում:
– Աշխատե՞ց:
– Ցավոք: նա շարունակում էր ուսումնասիրել իր հեռախոսի պարունակությունը:
– Իսկ աշխատանքից հետո ի՞նչ էր տեղի ունենում:
– Ուտում է, հեռուստացույց դիտում, մտնում է ինտերնետ, իսկ հետո պառկում է քնելու:
– Հեռուստացույցը խափանվե՞լ է:
– Այն էլ ինչպես: Բայց նա գնաց և նորը գնեց:
– Իսկ ինտերնետը կորե՞լ է:
– Ուղիղ մեկ շաբաթ: Իսկ նա սովորույթ դարձրեց աշխատավայրում ավելի երկար մնալ: Պարզվում է նրանց մոտ արգելված չէ:
– Հանգստյան օրերի՞ն:
– Քնում է մինչև ճաշ: Հետո փոշեկուլով վազում է բնակարանով մեկ: Երեկոյան ընկերների հետ պիցցա է ուտում և օղի խմում: Միայն լսեիք, թե ինչ դատարկություններ են քննարկում: Տուն է գալիս լուսաբացին մոտ: Նոր օրը նրա մոտ սկսում է զանգակները գլխում, իսկ վերջանում է հեռուստացույցով կամ համակարգչով:
– Իսկ սիրո առումով ի՞նչ:
– Կողքին է: Ապրում է երեք տուն այն կողմ: Օգտվում են նույն սուպերմարկետից:
– Հանդիպեցրե՞լ ես:
– Եվ հերթի մեջ, և մետրոյի մուտքի մոտ, և այգում: Ես նույնիսկ գերակատարել եմ հրահանգները:
– Բախտի գծերը նայե՞լ ես:
– Համապատասխանում են… Բայց ես այլևս չեմ կարող: Անհնարին խնդիր է սա:
– Դե, դե… Ուժեղ ազդող միջոցների ցուցակը քեզ մո՞տ է:
– Ահա այն: Գրիպ, կոտրվածք, աշխատանքից ազատում, հրդեհ, տնտեսական ճգնաժամ, հեղափոխություն, պատերազմ…
– Հանուն սիրո թույլ եմ տալիս գնալ ծայրահեղ քայլերի: Միայն ընտրիր դրանցից մեկը: Կատարի՛ր:
– Լսում եմ և կատարում…
Առակը կցուցանե. Նկատեք հնարավորությունները, արևը գլխավերևում և թռչունների դայլայլը, երազեք և մտածեք միայն լավի մասին: Այդ դեպքում հրեշտակները ստիպված չեն լինի ձեզ համար տարատեսակ ցնցումներ և անհաջողություններ կազմակերպել:
Ցանկանում ենք Ձեզ ամենայն բարիք: