fbpx

Ինչի մասին է խոսում ձեր աչքերի գույնը․ ի՞նչ գերունակությամբ եք դուք օժտված

Պարզվում է, որ նույն աչքերի գույնն ունեցող մարդիկ ունեն բնավորության նմանատիպ գծեր։

Աչքերը կարող են արտահայտել մեր հույզերը ցանկացած բառից ավելի լավ, սակայն դրանց դերը շատ ավելի խորն է։ Ի՞նչ են խորհրդանշում աչքերը և ինչո՞ւ դրանց գույնը կարող է մարդու մասին պատմել ավելին, քան թվում է։ Ահա թե ինչ են ասում այդ մասին ուսումնասիրությունները։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ի՞նչ կարող են պատմել աչքերը մարդու մասին

Շվեդիայի Էրեբրուի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ այն գեները, որոնք պատասխանատու են մեր ուղեղի ճակատային բլթերի ձևավորման համար, ազդում են նաև աչքերի գույնի վրա։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ միևնույն աչքերի գույն ունեցող մարդիկ կարող են ունենալ անհատականության ընդհանուր գծեր։ Եվ սա միակ գիտական ​​հետազոտությունը չէ, որը կապում է աչքերի գույնը անհատականության հետ, գրում է Your Tango: Էդինբուրգի համալսարանի հոգեբան, դոկտոր Էնթոնի Ֆալոնեն այս թեման ուսումնասիրելիս եկել է նմանատիպ եզրահանգման.

«Նյարդաբանական տեսանկյունից աչքն այնքան սերտ է կապված ուղեղի հետ, որ այն կարելի է անվանել մեր ուղեղի միակ հատվածը, որը տեսանելի է դրսից: Եվ, կարծես թե, այն կարևոր հուշումներ է պարունակում ուղեղի աշխատանքի մասին»:

Հետազոտողները պարզել են, որ աչքերի գույնը կարող է զգալի տեղեկատվություն տալ մեր վարքագծի, հոգեկան առողջության և ցավի հանդեպ հանդուրժողականության մասին: Պատմում ենք, թե անհատականության որ գծերն են կապված շագանակագույն, սև, կանաչ, կապույտ և մոխրագույն աչքերի հետ։

Ի՞նչ են նշանակում շագանակագույն աչքերը

Շագանակագույն աչքերն աշխարհում ամենատարածվածն են՝ համեմատած կապույտի և կանաչի հետ․ մոլորակի բնակչության մոտ 79%-ն ունի շագանակագույնի որևէ երանգի աչքեր։

Պարզվել է, որ շագանակագույն՝ բացից մինչև միջին շագանակագույն երանգի աչքեր ունեցող մարդիկ ինքնավստահ են և հաստատակամ։ Նրանք կարողանում են մեղմ, բայց արդյունավետ լուծել վեճերը, հաճելի են շփման մեջ, պատրաստ են լսել ուրիշների տեսակետը՝ նախքան սեփականն արտահայտելը։ Նրանք ունեն նաև շատ արագ արձագանք (ռեակցիա), ինչը թույլ է տալիս հաջողության հասնել այնպիսի մարզաձևերում, ինչպիսին թենիսն է։

Ջորջիայի պետական ​​համալսարանի հետազոտողները պնդում են, որ մելանինը, որը աչքերին հաղորդում է շագանակագույն երանգ, շագանակագույն աչքերով մարդկանց ավելի ընկալունակ է դարձնում ալկոհոլի նկատմամբ․ նրանք ավելի արագ են հարբում և կարող են ավելի հակված լինել ալկոհոլիզմին: Այնուամենայնիվ, ավելի ուշ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել հակառակը, և այս հարցի վերաբերյալ վերջնական դատավճիռը դեռ կայացված չէ:

Ի՞նչ են նշանակում մուգ և սև աչքերը

Մուգ շագանակագույն և գրեթե սև աչքերում մելանինի քանակն ամենաշատն է: Նման աչքերով մարդիկ էլ ավելի ինքնավստահ են։ Նրանք ի ծնե առաջնորդներ են և իսկական ղեկավարներ, որոնք միշտ պատրաստ են գրավել աշխարհը: Այս մարդիկ չեն գնում ամբոխի հետևից, ընդհակառակը՝ ամբոխն է սովորաբար գնում նրանց հետևից:

Պնդուկագույն (շագանակա-կանաչավուն) աչքերը հանդիպում են մարդկանց միայն 5%-ի մոտ: Նրանց անսովոր երանգը շագանակագույնի և սաթի համադրություն է, ինչի պատճառով գույնը կարող է փոխվել լուսավորությունից կախված։ Այսպիսի աչքերի տերերն նույնքան յուրահատուկ են, որքան դրանց երանգը՝ անկախ, ոչ միանշանակ, մի փոքր առեղծվածային. հենց սա էլ գրավում է շրջապատին:

Ի՞նչ են նշանակում կանաչ աչքերը

Աշխարհի բնակչության միայն 2%-ն ունի կանաչ աչքեր: Շատերը կարծում են, որ կանաչը աչքերի ամենաէկզոտիկ և գրավիչ գույնն է, և, ըստ երևույթին, գիտությունը համաձայն է դրա հետ:
Մի ուսումնասիրության ժամանակ մասնակիցների 29%-ը կանաչ աչքերը ասոցացրել է սեքսուալության հետ, 25%-ը կանաչ աչքերով մարդկանց համարել է ստեղծագործ, իսկ 20%-ը՝ «մի փոքր նենգ»: Ընդ որում՝ հետազոտության մասնակիցների 60%-ը կցանկանար փոխել իր աչքերի գույնը, և նրանցից 27%-ը ընտրել է հենց կանաչը:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Իհարկե, կանաչ աչքերով մարդիկ կարող են առաջարկել շատ ավելին, քան պարզապես ապշեցուցիչ արտաքինը: Կանաչ աչքերով մարդիկ օժտված են իրենց շագանակագույն աչքերով ընկերների հաճելի բնավորությամբ, ուժով, բայց նաև կապուտաչյաներին բնորոշ զգուշավորությամբ:

Կանաչաչյա մարդիկ, որպես կանոն, բավականին անկանխատեսելի են, ստեղծագործ և ունակ են շարունակել զբաղվել իրենց գործերով նույնիսկ այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է լարված:

Կարդացեք նաև՝ Բավական է մեկ հայացքը. ինչպես է աչքերի գույնը բացահայտում մարդու բնավորության ամենաուժեղ գծերը

Ի՞նչ են նշանակում կապույտ աչքերը

Կոպենհագենի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կապույտ աչքերը «գենետիկ մուտացիայի արդյունք են, որը տեղի է ունեցել 6-10 հազար տարի առաջ», այսինքն՝ համեմատաբար նոր երևույթ մարդու էվոլյուցիայի երկար պատմության մեջ: Ըստ էության, սա նշանակում է, որ բոլոր կապուտաչյա մարդիկ, իսկ նրանք կազմում են մոլորակի բնակչության ընդամենը 8-10%-ը, ազգականներ են, քանի որ բոլորն ունեն մեկ ընդհանուր նախնի:

Բաց կապույտ աչքերը հաճախ ասոցացվում են մեղմության և երկչոտության հետ, բայց դա թյուր կարծիք է: Իրականում կապուտաչյա մարդիկ աչքի են ընկնում ներքին ուժով. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք ավելի հեշտ են տանում ցավը՝ համեմատած աչքերի այլ երանգներ ունեցողների հետ:

Օրինակ, Պիտսբուրգի համալսարանի դոկտոր Իննա Բելֆերը պարզել է, որ կապույտ և կանաչ աչքերով կանայք ավելի հանգիստ են տանում ծննդաբերությունը, էմոցիոնալ առումով ավելի արագ են վերականգնվում և ավելի հազվադեպ են բախվում հետծննդյան դեպրեսիայի, քան շագանակագույն կամ պնդուկագույն աչքերով մարդիկ:

Նաև կապուտաչյա մարդիկ կարողանում են կառավարել իրենց հույզերը և հիանալի կերպով հաղթահարում են բացասական զգացմունքները։ Զգուշավորությունը նրանց ուժեղ կողմն է. նրանք հակված են մանրակրկիտ գնահատել մարդկանց և իրավիճակները՝ նախքան գլխովին գործի անցնելը:

Մարդիկ հաճախ սխալմամբ այդ հատկանիշները համարում են անվստահություն կամ ամբարտավանություն, բայց դա միայն այն պատճառով է, որ ոչ ոք բավականաչափ խորը չի նայել նրանց կապույտ աչքերի մեջ:

Ի՞նչ են նշանակում մոխրագույն աչքերը

Աչքերի այս գույնը կապույտի տարատեսակ է և հանդիպում է չափազանց հազվադեպ՝ մոլորակի մարդկանց 1%-ից պակասի մոտ: Նրանց տերերի բնավորությունը մեծապես կախված է նրանից, թե որքան մուգ կամ բաց է նրանց երանգը։

Բաց մոխրագույն աչքերը պարունակում են շատ ավելի քիչ մելանին, քան մուգ մոխրագույնները, ուստի բաց մոխրագույն աչքերով մարդիկ հակված են զգոն լինել և իրենց մոտ չթողնել կողմնակի մարդկանց: Բայց արժե նվաճել նրանց վստահությունը, և նրանք լիովին բացվում են՝ դառնալով զարմանալիորեն ջերմ, նվիրված և ուշադիր:

Մուգ մոխրագույն աչքերը, ընդհակառակը, աչքի են ընկնում առանձնահատուկ ներքին ներդաշնակությամբ։ Նրանց տերերը ամենահավասարակշռվածն են բոլոր «գունային տիպերի» մեջ։ Նրանց մեջ համերաշխ ապրում են անհատականության երկու կողմերը, և նրանք հստակ գիտեն, թե որը պետք է լինեն անհրաժեշտ պահին:

Այլ կերպ ասած, նրանք կարող են լինել մի փոքր լավը կամ մի փոքր վատը՝ կախված իրավիճակից, ասես ուսին նստած փոքրիկ հրեշտակն ու սատանան հուշում են, թե որ որոշումն ընտրել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչի մասին է խոսում ձեր աչքերի գույնը․ ի՞նչ գերունակությամբ եք դուք օժտված
Կյանք մահից հետո երևակայության արդյունք չէ