fbpx

Մեջբերումներ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքից

Ներկայացնում ենք մեջբերումներ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքից։

«-Ես հազվադեպ եմ հեռուստատեսային հաղորդումներ դիտում, գրեթե չեմ այցելում զվարճավայրեր, այդ պատճառով էլ խելացնոր մտքերը հաճախ են այցելում ինձ։
– Իսկ դուք երբեւէ կարդո՞ւմ եք ձեր այրած գրքերը։
Մոնթագը ծիծաղեց․
– Դա պատժվում է օրենքով։ »

«— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Մոնթագը իր երկրորդ՝ ենթագիտակցական եսին, այդ խենթուկին, որը մերթընդմերթ հանկարծ այլևս չի հնազանդվում և անիմաստ շաղակրատում է՝ չենթարկվելով ո՛չ կամքին, ո՛չ սովորույթին, ո՛չ ողջամտությանը»

«Կարո՞ղ էր նա խմել ողջ խավարը։ Կամ՝ ողջ թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ։ Նա ներծծում էր լռելյայն, ժամանակ առ ժամանակ խեղդվելով և տարօրինակ չպպոցներ հանելով, ասես հատակում ինչ- որ բան էր կորցրել։»

«Մարդիկ թղթե անձեռոցիկ են, օգտագործիր, շպրտիր, վերցրու նորը։»

« Բայց չէ՞ որ այդ ամենը կատարելապես անբովանդակ գունախաղ է»։

« Խոսող ժամացույցն, ասես, ողբում էր մռայլ առավոտի եւ անուրախ տարվա անցնող րոպեները։»

« Անցած գիշեր ես մտածում էի, թե որքան նավթ եմ ծախսել այս տասը տարիների ընթացքում։ Մեկ էլ մտածում էի գրքերի մասին։ Եվ առաջին անգամ հասկացա, որ յուրաքանչյուր գրքի ետևում մարդ է կանգնած։ Նա մտածել է, մտքեր է հղացել, անհաշիվ ժամանակ է վատնել, որ դրանք հանձնի թղթին։ Իսկ նախկինում երբեք մտքովս էլ չէր անցնում։»

« Կրճատե՛ք, սեղմե՛ք։ Վերապատմության վերապատմում։ Վերապատմության վերապատմումների ծաղկաքաղ։ Քաղաքականությո՞ւն։ Մի սյունակ, երկու դարձվածք, մի վերնագիր։ Եվ մի րոպե հետո ամեն ինչ արդեն ջնջվում է հիշողությունից։ Պտտեք մարդկային բանականությունը կատաղի հողմամրրիկի մեջ, արա՛գ, արա՛գ՝ հրատարակիչների, գործամոլների, հաղորդավարների ձեռքերով, այնպես, որ կենտրոնախույս ուժը դեն նետի ավելորդ, անպետք, անօգուտ բոլոր մտքերը »

«Կյանքը կարճ է։ Ի՞նչ է հարկավոր մարդուն։ Ամենից առաջ՝ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ զվարճություն, որ ամեն քայլափոխի սրտիդ ուզածի չափ կա, միայն վայելիր։ Ուրեմն էլ ինչի՞ է պետք ինչ-որ բան սովորել, բացի կոճակը սեղմելու, անջատիչի բռնակը քաշելու, պնդօղակը ամրացնելու, հեղույսը տեղը գցելու կարողությունից։»

«Հնարավորին չափ շատ սպորտ, խաղեր, զվարճալիքներ․ թող միշտ մարդը լինի ամբոխի մեջ, այդ ժամանակ նա կարիք չի զգա մտածելու։ Կազմակերպեցեք, ուրեմն, կազմակերպեցեք նորանոր մարզաձևեր, աստվածացրեք սպորտը։ Ավելի շատ պատկերազարդ գրքեր։ Ավելի շատ կինոնկարներ։ Իսկ մտավոր սնունդ ավելի ու ավելի քիչ։ Արդյունքում՝ ինչ-որ անհանգստություն։ ճանապարհները հեղեղված են մարդկանցով, որոնք ինչ- որ տեղ են ձգտում, միևնույն է, թե ուր։ Բենզինի աղետից խուճապահար փախչողներ։ Քաղաքները վեր են ածվել տուրիստական ճամբարների, մարդիկ՝ քոչվոր հորդաների, որոնք տարերայնորեն խռնվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ, ինչպես ծովը մակընթացության եւ տեղատվության ժամանակ, և ահա այսօր նա գիշերում է այն սենյակում, որտեղ դրանից առաջ գիշերել եք դուք, իսկ նախօրեին՝ ես։»

«Դե, դա շատ հեշտ է բացատրել։ Երբ դպրոցներն սկսեցին հետազոտողների, քննադատների, գիտնականների և արվեստի մարդկանց փոխարեն պատրաստել ավելի ու ավելի շատ վազորդներ, ցատկորդներ, ձիարշավորդներ, փինաչիներ, գռփողներ, թալանչիներ, օդաչուներ եւ լողորդներ, «ինտելեկտուալ» բառը արդարացիորեն դարձավ հայհոյանք։ Մարդ միշտ սարսափում է արտասովորից։ Հապա հիշեցեք՝ ձեր դասարանում հավանաբար որևէ բացառիկ ընդունակությունների տեր տղա կար։ Նա բոլորից լավ էր արտասանում և բոլորից շատ էր պատասխանում դասերին, մինչդեռ մյուսները նստում էին քարե արձանի պես եւ սրտի խորքում ատում նրան։ Դասերից հետո դուք ո՞ւմ եք ծեծել ու չարչարել, եթե ոչ այդ «բացառիկ» տղային։ Մենք բոլորս պետք է լինենք միանման։ Ոչ թե ազատ ու իրավահավասար ծննդյան օրվանից, ինչպես ասված է սահմանադրության մեջ, այլ պարզապես բոլորս պետք է դառնանք միանման։ Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեն միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչությունը չէին զգա։ Այսպես։ Իսկ գիրքը լիցքավորված հրացան է՝ հարևանի տանը։ Հարկավոր է այրել, լիցքաթափել հրազենը, սանձահարել մարդկային բանականությունը։ Ի՞նչ իմանաս՝ վաղն ո՞վ կդառնա շատ կարդացած մարդու հերթական թիրախը։ Գուցե ե՞ս։ Բայց ես այդ հասարակությանը տանել չեմ կարող։ Եվ ահա, երբ ողջ աշխարհում տներն սկսեցին կառուցել չհրկիզվող նյութերից, ու այլևս անհրաժեշտություն չկար այն աշխատանքին, ինչ նախկինում կատարում էին հրշեջները (նրանք հանգցնում էին հրդեհները, երեկ դուք իրավացի էիք, Մոնթագ), այդ ժամանակ հրշեջների վրա դրվեցին նոր պարտականություններ՝ դարձրին մեր անդորրի պահապաններ։ Նրանց մեջ, ինչպես կիզակետում, կենտրոնացել է ուրիշներից ցածր երևալու՝ միանգամայն հասկանալի եւ օրինական մեր սարսափը։ Նրանք դարձան մեր պաշտոնական գրաքննիչները, դատավորներն ու դատավճիռն ի կատար ածողները։ Նրանք, այսինքն՝ դու և ես, Մոնթագ։»

«Ինչ—որ մեկը գիրք է գրել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում։ Ծխախոտի գործարանատերերը խուճապի մեջ են։ Այրել այդ գիրքը։ Անդորր է հարկավոր, Մոնթագ, անխռով կյանք։ Կորչի՛ այն ամենը, ինչ տագնապ է ծնում։ Հարկավոր է նետել վառարանի մեջ։ »

«Եվ մարդիկ երջանիկ կլինեն, քանի որ փաստերը, որոնցով նրանց գլուխները լցված են, անփոփոխ են։ Սակայն մի տվեք նրանց այնպիսի լպրծուն, անվստահելի, երկիմաստ, կասկածելի նյութ, ինչպիսին փիլիսոփայությունն է կամ սոցիոլոգիան։ Աստված ոչ արասցե, որ նրանք սկսեն եզրակացություններ և ընդհանրացումներ անել, կընկնեն մելամաղձության գիրկը։ Այն մարդը, որ ունակ է քանդելու եւ հավաքելու հեռուստատեսային պատը,— իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է,— շատ ավելի երջանիկ է նրանից, ով ջանում է չափել և հաշվարկել տիեզերքը, քանի որ չի կարելի այն չափել ու հաշվարկել՝ առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալու։ Ես գիտեմ, ես փորձել եմ։ Ո՛չ, գրո՜ղը տանի։»

«Դժվար է ասել, թե հատկապես որ պահին է ծնվում բարեկամությունը։ Ջուրը կաթիլ—կաթիլ լցնելիս, լինում է մի վերջին կաթիլ, որից հանկարծ բերնեբերան լցվում է անոթը եւ թափվում եզրից, ճիշտ նույնն է, երբ բարի արարքներից մեկը հանկարծ լիքը լցնում է սիրտդ»։

«Գրքերը սոսկ մեկն են այն շտեմարաններից, որտեղ կուտակում ենք այն, ինչ վախենում ենք մոռանալ։ Նրանց մեջ չկա ոչ մի գաղտնիք, ոչ մի կախարդանք։ Կախարդանքը սոսկ այն է, ինչ ասում են գրքերը, այն, թե ինչպես են նրանք հավաքում, մի ամբողջական միասնության մեջ միացնում տիեզերքի տարբեր ծվենները։»

«Գիտե՞ք, մահապարտն էլ իր առավելություններն ունի։ Երբ այլևս կորցնելու ոչինչ չկա, վտանգից չես վախենում։»

«Չէ՞ որ մի ժամանակ գրքեր մեզ մոտ որքան ուզեք կային, իսկ մենք համառորեն զբաղված էինք մի բանով՝ փնտրում էինք ամենագահավեժ ժայռը, որպեսզի այնտեղից ցած թռչենք։ Ստույգ է միայն մի բան՝ այո՛, մեզ անհրաժեշտ է լիաթոք շնչել։ Այո՛, մեզ գիտելիքներ են պետք։ Եվ, թերևս, շուրջ հազար տարի հետո, մենք կսովորենք թռիչքների համար ընտրել ավելի փոքր ժայռեր։ Չէ՞ որ գրքերը գոյություն ունեն, որպեսզի հիշեցնեն մեզ, թե ինչպիսի՜ բթամիտ ու համառ ավանակներ ենք մենք։ Դրանք նման են Կեսարի վարձու պահախմբին, որը նրա հաղթարշավի ժամանակ շշնջաց, «Հիշի՛ր, Կեսա՛ր, դու ևս մահկանացու ես»։ Մեզնից շատերը չեն կարող ամեն տեղ լինել, բոլորի հետ խոսել, այցելել աշխարհի բոլոր քաղաքները։ Մենք չունենք ո՛չ ժամանակ, ո՛չ դրամ, ո՛չ էլ այդքան շատ ընկերներ։ Այն ամենը, ինչ դուք փնտրում եք, Մոնթագ, գոյություն ունի աշխարհում, բայց հասարակ մարդը թերևս սեփական աչքերով կարողանա տեսնել միայն մեկ հարյուրերորդը, իսկ մնացած իննսունինը տոկոսը նա ճանաչում է գրքերի միջոցով։ Երաշխիք մի՛ պահանջեք։ Եվ մի՛ սպասեք փրկություն ինչ- որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը։»

«Ով չի կառուցում, նա պետք է ավերի։ Սա հին է, ինչպես աշխարհը։ Անչափահաս հանցագործների հոգեբանություն։»

«Մեծագույն հիմարը նա է, ով գեթ մի կաթիլ խելք ունի»

«Սատանան Սուրբ գիրքն իր օգուտի համար վկա է կանչում»

«Արևն այրում է ամեն օր։ Նա այրում է ժամանակը։ Տիեզերքը շարժվում է շրջագծով և պտտվում է իր աոանցքի շուրջը։ Ժամանակն այրում է տարիները եւ մարդկանց, այրում է ինքը, առանց Մոնթագի օգնության։ Իսկ եթե ինքը՝ Մոնթագը, մյուս հրկիզողների հետ այրի մարդկանց ստեղծածը, իսկ արևն այրի ժամանակը, ապա ոչինչ չի մնա։ Ամեն ինչ կայրվի։
Նրանցից մեկը պետք է թողնի այրելը։ Անշուշտ, ոչ արևը։ »

«Նա կանգ առավ՝ շնչելով երկրի բույրերը։ Եվ որքան ավելի խորն էր շնչում, այնքան նրա համար շոշափելի էր դառնում շրջապատող աշխարհը՝ իր ողջ բազմազանությամբ։ Մոնթագն այլևս չուներ ամայության նախկին զգացումը՝ ամայությունը լցնելու շատ բան կար։ Եվ այդուհետև միշտ այդպես էր լինելու։»

«Նա չէր էլ իմացել, որ կրակը կարող է այդպիսին լինել։ Նա չէր էլ կասկածում, որ կրակը կարող է ոչ միայն խլել, այլև տալ։ Նույնիսկ այդ կրակի հոտն էր բոլորովին այլ։»

«Մարդկային հիշողությունը նման է լուսանկարչական զգայուն ժապավենի, և ողջ կյանքում մեր արածը լոկ այն է, որ ջանում ենք ջնջել նրա վրայի դրոշմը։»

«Ատում եմ Ստատուս Քվո անունով հռոմեացուն,— մի անգամ նա ինձ ասաց,— աչքերդ լայն բաց արա, ապրիր այնպես անհագորեն, ասես տասը վայրկյանից պետք է մահանաս։ Ձգտիր ընկալել աշխարհը։ Այն հրաշալի է ուզածդ երազանքից, որը ստեղծվում է գործարանում և հատուցվում դրամով։ Երբեք երաշխիք մի՛ խնդրիր, անդորր մի՛ փնտրիր, այն գոյություն չունի։ Իսկ եթե կա, ուրեմն նման է օրնիբուն ծառից գլխիվայր կախված և իր ողջ կյանքը քնած անցկացնող ծույլ կապիկի։ Գրողի ծոցը,— ասում էր նա,— ուժեղ թափահարիր ծառը, թող այդ ծույլ անասունը հետույքի վրա գետնին շրխկա»։

«Բայց մարդն ունի մի հրաշալի հատկություն․ եթե հարկ է լինում ամեն ինչ սկզբից սկսել, նա չի հուսալքվում եւ չի կորցնում արիությունը, քանզի գիտի, որ դա կարևոր է, որ դրա համար ջանք չպիտի խնայել»

«— Հնում, ինչ-որ ժամանակ ապրում էր փյունիկ կոչվող հիմար թռչունը։ Ամեն հինգ հարյուր տարին մեկ նա իրեն այրում էր խարույկի վրա։ Գուցե նա մարդու ամենամոտ ցեղակի՞ցն էր։ Սակայն ամեն անգամ այրվելով, նորից հառնում էր մոխրից: Մենք՝ մարդիկս, նման ենք այդ թռչունին, բայց մի առավելություն ունենք նրա նկատմամբ։ Մենք գիտենք, թե ինչ հիմարության ենք արել, մենք գիտենք հազարավոր տարիների ընթացքում կատարած մեր բոլոր հիմարությունները։ Ու քանի որ գիտենք այդ ամենը, քանի որ գրառված են այդ բոլորը, ուստի կարող ենք ետ նայել, տեսնել մեր անցած ճանապարհը և հուսալ, որ երբևէ վերջ կտանք թաղման հիմար խարույկներին ու ինքնակիզվելուն։ Ամեն մի սերնդի հետ ծնվում են անհատներ, ովքեր հիշում և հիշեցնում են մարդկության սխալների մասին։»

«Հիշեցեք մի բան․ մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարևոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբևէ դրանք անպայման պետք կգան մարդկանց։ Հիշեցեք, նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ, ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ։ Գալիք շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում ամենուր հանդիպելու ենք բազմաթիվ միայնակ մարդկանց։ Եվ երբ նրանք հարցնեն՝ ինչո՞վ ենք զբաղված, կպատասխանենք՝ մենք հիշում ենք։ Այո, մենք մարդկության հիշողությունն ենք և այդ պատճառով էլ ի վերջո անպայման կհաղթենք։ Երևի այնքան բան կհիշենք, որ կկառուցենք պատմության մեջ ամենամեծ հողաթափ մեքենան, կփորենք երբևէ եղած ամենախոր գերեզմանը և այնտեղ մեկընդմիշտ կթաղենք պատերազմը։ Իսկ այժմ գնանք։ Ամենից առաջ հայելու գործարան պետք է կառուցենք և առաջիկայում հայելիներ արտադրենք, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն։»

«Իսկ այժմ նրանք երկար ճանապարհ են կտրելու։ Նրանք քայլելու են առավոտից մինչև կեսօր եւ եթե առայժմ լուռ էին, ապա լոկ այն պատճառով, որ յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր։ Երբ արևը կծագի ու կջերմացնի, նրանք կսկսեն զրուցել կամ գուցե թե ամեն մեկը պարզապես կպատմի իր հիշածը, որպեսզի համոզվի, որպեսզի իսկապես վստահ լինի, որ այդ ամենը մնացել է իր հիշողության մեջ։ Մոնթագը զգում էր, որ իր մեջ ևս արթնանում և հետզհետե կենդանանում են բառերը։ Ի՞նչ է ասելու ինքը, երբ իր հերթը գա։ Ի՞նչ կարող է ասել այդպիսի մի օր, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնի, կարճի նրանց ծանր ու երկար ճանապարհը։ Ամեն բան իր ժամանակն ունի՝ ավերելու ժամանակը և կառուցելու ժամանակը։ Լռելու ժամանակը եւ խոսելու ժամանակը։ Այո, այդպես է, բայց ուրիշ էլ ի՞նչ։ Կա ինչ-որ բան, ինչ-որ բան, որ պետք է ասել…»

Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Հարությունյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մեջբերումներ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքից
Ինտելեկտուալ ԹԵՍՏ «Ամենագետի գանձարան». 10 տարատեսակ հարցեր