Մի սուլթան ուներ չորս կին։
Ամենից շատ նա սիրում էր իր չորորդ կնոջը՝ ամենաերիտասարդ և քնքուշ։ Սուլթանը նրան էր նվիրում ճոխ հագուստներ, թանկարժեք զարդեր, գովում էր նրան և փայփայում։
Նա սիրում էր նաև իր երրորդ կնոջը՝ բացառիկ գեղեցկուհի։ Այլ երկրներ մեկնելիս, նա միշտ իր հետ էր տանում երրորդ կնոջը, որպեսզի բոլորը տեսնեն նրա գեղեցկությունը, և միշտ վախենում էր, որ մի օր այս կինը կլքի իրեն և կգնա մեկ ուրիշի մոտ։
Սուլթանը սիրում էր նաև իր երկրորդ կնոջը՝ խորամիտ և ինտրիգներում կոփված։ Նա սուլթանի վստահելի դեմքն էր, միշտ խելացի, բարյացկամ և համբերատար։
Երբ սուլթանը պրոբլեմներ էր ունենում, նա վստահում էր դրանք իր երկրորդ կնոջը և նա օգնում էր ամուսնուն դուրս գալ դժվար իրավիճակից, կարողանալ դիմանալ ծանր ժամանակաշրջանին։
Առաջին կինը ամենածերն էր և ժառանգաբար սուլթանին էր փոխանցվել իր հանգուցյալ մեծ եղբորից։ Կինը շատ նվիրված և հավատարիմ էր իր ամուսնուն և անում էր ամեն հնարավորը որպեսզի պահպանի և բազմապատկի ինչպես սուլթանի հարստությունը, այնպես էլ ամբողջ երկրինը։
Չնայած այս ամենին, սուլթանը չէր սիրում իր առաջին կնոջը, և նույնիսկ այն, որ կինը շատ խորն էր սիրում նրան՝ սուլթանին դա չէր հուզում։ Նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում առաջին կնոջ վրա։
Մի անգամ սուլթանը հիվանդանում է։ Այդժամ հիշում է նա իր ամբողջ կյանքը՝ լի ճոխությամբ, և մտածում. «Հիմա ես ունեմ չորս կին, բայց երբ մահանամ՝ կմնամ միայնակ»։
Եվ նա հարցնում է չորորդ կնոջը.
– Ես սիրել եմ քեզ բոլորից և ամեն ինչից շատ։ Ես քեզ եմ տվել ամենալավը, հոգում էի քո մասին առանձնահատուկ կերպով։ Հիմա, երբ մահանում եմ, պատրա՞ստ ես արդյոք հետևել ինձ մահացածների թագավորություն։
– Նույնիսկ չմտածես այդ մասին, – ասում է չորորդ կինը և հեռանում։ Նրա խոսքերը դաշույնի պես մխրճվում են սուլթանի սիրտը։
Տխուր սուլթանը հարցնում է երրորդ կնոջից.
– Ես ամբողջ իմ կյանքը հպարտացել եմ քեզնով։ Հիմա երբ մահանում եմ, պատրա՞ստ ես հետևել ինձ ստվերների թագավորություն։
– Ոչ, – պատասխանում է երրորդ կինը։
– Կյանքը այնքան հրաշալի է։ Երբ մահանաս, ես մտածում եմ նորից ամուսնանալ։
Սուլթանը տխրում է։ Այդպիսի ցավ նրա սիրտը դեռ չէր զգացել։
Այդ ժամանակ նա դիմում է երկրորդ կնոջը.
– Ես միշտ օգնության համար քեզ եմ դիմել և դու միշտ օգնել ես ինձ և եղել ես իմ լավագույն խորհրդատուն։ Հիմա, երբ մահանում եմ, դու պատրա՞ստ ես հետևել ինձ այնտեղ, որտեղ սփրթնած ստվերները տնքում են և գթասրտություն խնդրում հոգիների տիրակալից։
– Ցավում եմ, այս անգամ չեմ կարող քեզ օգնել, – պատասխանում է երկրորդ կինը։ -Միակ բանը որ կարող եմ անել քեզ համար՝ դա պատվով քեզ թաղելն է։
Նրա պատասխանը ցնցում է սուլթանին, ինչպես հազարավոր շանթեր և կայծակներ։
Հանկարծ նա լսում է մի ձայն.
– Ես կգամ քեզ հետ և կհետևեմ քեզ ամենուր՝ ուր կգնաս։ Մինչև վերջ…
Սուլթանը շրջվում է ձայնի ուղղությամբ և տեսնում իր առաջին կնոջը՝ սգից տառապած և հյուծված, դարձած անճանաչելի։
Ապշահար սուլթանը խոսում է.
– Ես պետք է ավելի ուշադիր լինեի քո հանդեպ, երբ ունեի դրա հնարավորությունը։
———————————
Մեզնից յուրաքանչուրը ունի չորս կին։
Մեր չորորդ կինը՝ դա մեր մարմինն է։ Կարևոր չէ, որքան ուժ և ժամանակ ենք ծախսում նրա վրա, որպեսզի գեղեցիկ տեսք ունենանք։ Միևնույնն է նա մեզ կլքի, երբ մահանանք։
Մեր երրորդ կինը՝ դա մեր կարիերան է, ունեցվածքը, փողերը, սոցիալական դիրքը։ Երբ մահանանք, դրանք բաժին կհասնեն մեկ ուրիշին։
Մեր երկրորդ կինը՝ դա մեր ընտանիքն ու հարազատներն են։ Կարևոր չէ, թե որքան նրանք կօգնեն մեզ այստեղ, ամենամեծ բանը, որ կարող են անել մեզ համար՝ դա ճանապարհել մինչև գերեզման։
Եվ մեր առաջին կինը՝ դա մեր հոգին է։ Հաջողության, իշխանության, հարստության, հաճույքների ետևից վազելու պատճառով՝ հաճախ մեր կողմից անտեսված հոգին։
Չնայած այդ ամենին, հոգին՝ միակն է, ով կուղեկցի մեզ ամենուր, ուր որ գնանք։ Լինելով նրա հանդեպ ուշադիր և հոգատար, պաշտպանելով և զարգացնելով նրան՝ մենք կարող ենք աշխարհին և ինքներս մեզ մեծ նվեր մատուցել։