ԹԱԳՈՒՀԻ
Ընդունելությունը վերջացել է, և իմ բոլոր ծառաները ցրվել են արդեն, ո՞ւր ես եկել այդքան ուշ:
ԾԱՌԱ
Երբ բոլորը գնում են, այն ժամանակ է իմ հերթը գալիս:
Ուզում եմ խնդրել այն, ինչ որ մնում է դեռ քո վերջին ծառայի համար:
ԹԱԳՈՒՀԻ
Ի՞նչ կարող ես սպասել, երբ այդքան ուշ ես եկել:
ԾԱՌԱ
Նշանակիր ինձ խաղկոցիդ պարտիզպան:
ԹԱԳՈՒՀԻ
Ի՜նչ անմտություն:
ԾԱՌԱ
Ես կհրաժարվեմ իմ բոլոր ծառայություններից, տիրուհի:
Ես վայր կնետեմ իմ սուրն ու նիզակը: Մի՛ ուղարկիր ինձ այլևս հեռավոր պալատներ, մի՛ հրամայիր ինձ նոր հաղթություններ անելու: Միայն քո ծաղկոցի պարտիզպանը կարգիր ինձ:
ԹԱԳՈՒՀԻ
Բայց պարտականությունդ ի՞նչ պիտի լինի:
ԾԱՌԱ
Պարապ օրերիդ կծառայեմ, թագուհի:
Ես կպահպանեմ թարմ կանաչը այն արահետի, ուր զբոսնում ես դու առավոտյան, որտեղ քո ամեն մի քայլը օրհներգությամբ կդիմավորեն այն ծաղիկները, որ մահ են տենչում:
Քեզ կօրորեմ սապտապարնի ճյուղերի մեջ և իրիկվա մահիկը կերազի տերևների արանքից զգեստիդ քղանցքը համբուրել:
Խնկաբույր յողով կլցնեմ անկողնիդ մոտ վառվող ճրագն ու ոտներիդ աթոռակը կզարդարեմ հրաշագեղ նկարներով՝ ճանդանի և շաֆրանի ներկից:
ԹԱԳՈՒՀԻ
Եվ ի՞նչ վարձատրություն ես ուզում դրա համար:
ԾԱՌԱ
Որ ինձ թույլ տաս՝ վերցնեմ փթթող լոտոսից էլ քնքուշ ձեռներդ և զարդարեմ ծաղկե ապարանջաններով, ներկեմ ոտքերիդ կրունկները աշոկի ալ կարմիր հյութով ու փոշու հատիկները, եթե պատահմամբ կըպչեն, քաղեմ համբույրներով:
ԹԱԳՈՒՀԻ
Խնդիրդ կատարված է, ծառաս, եղի՛ր ծաղկոցիս պարտիզպան: