Զույգերի իրական համատեղելիության մասին կարելի է դատել դեռևս ծանոթության առաջին օրերից։ Եվ խոսքն ամենևին էլ բուռն կրքի կամ այսպես կոչված «փորում թռչող թիթեռների» մասին չէ։ Շատ ավելի կարևոր է, թե որքան հանգիստ եք զգում այդ մարդու կողքին, կարողանո՞ւմ եք լինել այնպիսին, ինչպիսին կաք, և արդյոք նա հարգո՞ւմ է Ձեր անձնական սահմանները։
Հոգեբանը բացատրել է, թե ինչպես հասկանալ՝ համապատասխանում եք արդյոք միմյանց, և որ իրավիճակներում է լավագույնս դրսևորվում զույգերի համատեղելիությունը։
Մասնագետի խոսքով՝ առողջ և երկարատև հարաբերությունները սովորաբար շատ ավելի հանգիստ են, քան դրանք ներկայացվում են ֆիլմերում կամ սիրային վեպերում։ Հարաբերություններում կայունությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը շատ ավելի կարևոր են, քան բուռն ապրումներն ու զգացմունքների մշտական տատանումները։
Ահա 5 նշան, որոնք, ըստ հոգեբանի, վկայում են, որ դուք իսկապես համապատասխանում եք միմյանց։
1. Այդ մարդու կողքին հանգիստ եք զգում
Համատեղելիության առաջին նշաններից մեկն այն է, թե ինչպես է Ձեր նյարդային համակարգն արձագանքում տվյալ մարդու ներկայությանը։ Եթե նրա կողքին հանգիստ եք, կայունություն ու վստահություն եք զգում և գիտեք, թե ինչ սպասել նրանից, ապա դա առողջ հարաբերությունների լավ նախադրյալ է։
Մինչդեռ այսպես կոչված «թիթեռները փորում» միշտ չէ, որ մեծ սիրո նշան են։ Հոգեբանի խոսքով՝ այդ զգացողությունը կարող է նաև տագնապի ազդանշան լինել, քանի որ այն կարող է առաջանալ սթրեսի և ադրենալինի արտազատման հետևանքով։ Դա հատկապես բնորոշ է այն իրավիճակներին, երբ անընդհատ անհանգստանում եք՝ նա կզանգի՞, կպատասխանի՞ Ձեր հաղորդագրությանը, ինչպե՞ս կարձագանքի Ձեր այս կամ այն քայլին։
2. Ուրիշ մարդ ձևանալու կարիք չունեք
Համատեղելիության մյուս կարևոր նշանն այն է, որ աստիճանաբար կարողանում եք բացվել այդ մարդու առջև և չեք փորձում իդեալական երևալ նրա աչքերում։ Հոգեբանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, թե արդյոք առաջին երկու-երեք հանդիպումից հետո դեռևս զգո՞ւմ եք յուրաքանչյուր բառը կշռադատելու, Ձեր անսովոր սովորությունները թաքցնելու կամ ամեն քայլը վերահսկելու անհրաժեշտություն։
Եթե կարողանում եք բնական պահել Ձեզ՝ չվախենալով, որ զուգընկերը կդատապարտի, կծաղրի կամ կմերժի Ձեզ, նշանակում է՝ նրա հետ շփվելիս ապահով եք զգում։
3. Զուգընկերը հարգում է Ձեր անձնական սահմանները
Մարդու հետ համատեղելիության մասին շատ բան կարող է ասել այն, թե ինչպես է նա արձագանքում Ձեր մերժմանը։ Օրինակ՝ եթե չեք կարող հանդիպել պայմանավորված օրը կամ խնդրում եք հանդիպումն այլ օր տեղափոխել, ուշադրություն դարձրեք, թե որքան հանգիստ է նա ընդունում Ձեր որոշումը։
Հոգեբանի խոսքով՝ անհանգստանալու առիթ կա, երբ զուգընկերը դիմում է մանիպուլյացիաների, վիրավորում է Ձեզ կամ փորձում ճնշում գործադրել՝ ստիպելով փոխել որոշումը։ Առողջ հարաբերություններում «ոչ» ասելը չպետք է պատժվելու կամ հուզական շանտաժի ենթարկվելու պատճառ դառնա։
Համապատասխանո՞ւմ է Ձեզ տղամարդը: 8 հարց, որոնք կօգնեն հասկանալ դա
Ի՞նչ հարցեր արժե քննարկել զուգընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե որքանով եք համապատասխանում միմյանց և պատրաստ միասին ապագա կառուցել։
4. Ձեր արժեքներն ու կյանքի ծրագրերը համընկնում են
Հաճելի շփումն ու փոխադարձ համակրանքը դեռևս երկարատև հարաբերությունների երաշխիք չեն։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե որքանով են համընկնում կյանքի նկատմամբ Ձեր հայացքներն ու առաջնահերթությունները։
Հոգեբանը խորհուրդ է տալիս դեռևս ծանոթության սկզբում խոսել կարևոր հարցերի շուրջ՝ արդյոք զուգընկերը ցանկանո՞ւմ է երեխաներ ունենալ, ինչպիսի՞ ապրելակերպ է նախընտրում, ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան։ Եթե երկուսիդ համար էլ կարևոր հարցերում սկզբունքային տարաձայնություններ ունեք, չարժե հանուն սիրային զգացմունքների աչք փակել դրանց վրա։
5. Նույնիսկ վեճերի ժամանակ շարունակում եք մնալ մեկ թիմ
Իրական համատեղելիությունը լավագույնս դրսևորվում է ոչ թե ռոմանտիկ հանդիպումների, այլ դժվարությունների ու թյուրիմացությունների ժամանակ։ Հենց այդպիսի պահերին է պարզ դառնում՝ կարողանո՞ւմ եք լսել միմյանց և միասին ելք գտնել, թե՞ ամեն մի տարաձայնություն վերածվում է միմյանց դեմ պայքարի։
«Համատեղելիության գլխավոր նշանն այն է, որ վեճի ժամանակ զուգընկերները կենտրոնանում են խնդրի, այլ ոչ թե միմյանց վրա և փորձում լուծում գտնել»։
— պարզաբանել է հոգեբանը։
Այլ կերպ ասած՝ զուգընկերները պետք է փորձեն միասին հաղթահարել դժվարությունը, այլ ոչ թե մեղավոր փնտրել կամ ամեն գնով ապացուցել սեփական իրավացիությունը։
Ինչպիսի՞ վարքագիծն է քայքայում հարաբերությունները. «Ապոկալիպսիսի չորս ձիավորները»
Խոսելով շփման այն սովորությունների մասին, որոնք կարող են քայքայել նույնիսկ լավ հեռանկարներ ունեցող հարաբերությունները՝ հոգեբանն անդրադարձել է ամուսնության հոգեբանությունն ու զույգերի հարաբերությունների կայունությունն ուսումնասիրող ամերիկացի գիտնական Ջոն Գոթմանի տեսությանը։
Գոթմանն առանձնացրել է հարաբերությունների համար վտանգավոր վարքագծի չորս դրսևորում, որոնք անվանել է «Ապոկալիպսիսի չորս ձիավորներ»։
Արհամարհանք։ Զուգընկերոջը վերևից նայելը, հեգնանքը, ծաղրանքը, նրա խոսքերին ի պատասխան դժգոհությամբ աչքերը պտտելը։
Քննադատություն։ Երբ մարդը դժգոհություն է հայտնում ոչ թե զուգընկերոջ կոնկրետ արարքից, այլ քննադատում է հենց նրա անձը։
Պաշտպանողական վարքագիծ։ Սեփական պատասխանատվությունն ընդունելու և վեճում սեփական մեղքի բաժինը տեսնելու փոխարեն անընդհատ ինքնարդարանալը։
Երկխոսությունից հրաժարում։ Երբ մարդը հուզականորեն հեռանում է զուգընկերոջից, փակվում իր մեջ և այլևս չի արձագանքում շփումը վերականգնելու նրա փորձերին։
Այսպիսով, համատեղելի լինել դեռ չի նշանակում երբեք չվիճել կամ մշտապես սիրային ոգևորություն ապրել։ Շատ ավելի կարևոր է, որ երկու մարդ կարողանան միմյանց կողքին լինել այնպիսին, ինչպիսին իրականում կան, հարգեն միմյանց անձնական սահմանները, ապագան պատկերացնեն նույն կերպ և մնան միմյանց կողքին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց շահերը չեն համընկնում։








