Եթե օրվա հոգսերիդ ժամին ուզես լցնել քո սափորը՝ ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ:
Ջրի ալիքները կգրկեն ոտքերդ ու թոթովելով իրենց գաղտնիքը կպատմեն քեզ:
Հորդ անձրևի ստվերն ընկել է ավազներին և ամպերը մառ կախվել են ծառերի գլխին՝ ինչպես վարսերիդ գանգուրները հոնքերիդ վրա:
Ես շա՛տ լավ գիտեմ քայլերիդ չափը, սիրտս նրանց հետ ներդաշնակ է զարկում:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե սափորդ լցնել ես ուզում:
Եթե ուզում ես ափին նստած խայտալ անհոգորեն և սափորդ նետել լիճը, որ լողա, օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ:
Սիզաբեր լանջերը կորած են կանաչների մեջ, իսկ դաշտի ծաղկունքը թիվ-համար չունին:
Քո թուխ ծավի աչքերից դուրս կճախրեն հոգսերդ՝ ինչպես թռչունները իրենց բներից:
Ու շղարշե ծածկոցդ կընկնի ոտքերիդ:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես խայտալ անհոգորեն:
Երբ քո խաղերից հոգնած ուզենաս ջուրը սուզվել՝ օ՜, ե՛կ, եկ իմ լճակի մոտ:
Թող քո կապույտ շղարշը մնա ավազի վրա:
Կապույտ ջրերը քեզ կսքողեն ու կծածկեն:
Վերնաճեմ ալիքները կբարձրանան վիզդ համբուրելու և ականջիդ թաքուն խոսքեր շշնջալու:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես ջուրը սուզվել:
Եթե հանկարծ ցնորվես և կամենաս մահվան գիրկը ցատկել, ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ:
Զով է նա, անդնդախոր ու անհուն:
Մթին է և մռայլ՝ աներազ քնի պես: Այնտեղ՝ նրա անդունդում գիշեր ու ցերեկ մեկ են, իսկ երգերը՝ լռություն:
Ե՛կ, օ՜, եկ իմ լճակի մոտ, եթե ուզում ես մահվան գիրկը սուզվել: