Տասնամյակներ շարունակ ընդունված էր համարել, որ չափահաս մարդուն օրական ութ ժամ քուն է անհրաժեշտ։ Սակայն գիտական նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ կանոնը բոլորի համար չէ, որ գործում է։ Իսկ որքան քուն է անհրաժեշտ իրականում՝ գիտնականները դեռ փորձում են հստակ պարզել։ Այս մասին գրում է The Independent պարբերականը՝ հղում անելով նաև Brain Medicine ամսագրում հրապարակված նոր գիտական ուսումնասիրությանը։ Դրա հեղինակները փորձել են պարզել, թե իրականում որքան քուն է անհրաժեշտ մարդուն։
Պարզելու համար, թե բնական պայմաններում մարդիկ որքան են քնում, գիտնականներն ուսումնասիրել են որսորդությամբ և հավաքչությամբ ապրող համայնքների բնակիչներին։ Նրանց կենսակերպը շատ ավելի մոտ է մեր նախնիների ապրելակերպին։ Բացի այդ, այդ մարդիկ գրեթե չեն օգտվում արհեստական լուսավորությունից, իսկ որոշ համայնքներում այն ընդհանրապես հասանելի չէ։
Առաջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ Տանզանիայի, Նամիբիայի և Բոլիվիայի նման համայնքներում մարդիկ օրական քնում են 5,7–7,1 ժամ։ Ընդ որում, նրանց քնի համեմատաբար կարճ տևողությունը չի կարելի բացատրել երթևեկության աղմուկով, սոցիալական ցանցերից օգտվելով կամ գիշերային ժամերին արհեստական ուժեղ լուսավորությամբ։
Ավելին՝ թվում է, թե այդքան քունը նրանց լիովին բավարարում է։ Նրանք չեն փորձում գիշերային քնի պակասը լրացնել ցերեկային երկարատև քնով։ Զարթուցիչի կարիք էլ չունեն. սովորաբար արթնանում են լուսաբացին մոտ՝ անկախ նրանից՝ աշխատանքային օր է, թե հանգստյան։
Իհարկե, նման համայնքներում քնի տևողությունը միշտ չէ, որ նույնն է։ Այն կարող է տարբեր լինել՝ կախված բնակության վայրից, տարվա եղանակից, շրջակա միջավայրի պայմաններից և նույնիսկ նրանից, թե ինչպես են գիտնականները չափում քնի տևողությունը։ Այնուամենայնիվ, վերջերս կատարված վերլուծություններից մեկի համաձայն՝ այդ մարդկանց քնի միջին տևողությունը 6,4 ժամ է։
«Արդյո՞ք սա նշանակում է, որ ութ ժամ քնելը չափազանց շատ է։ Նման հետազոտությունները հիմնված են այն ենթադրության վրա, որ բնական պայմաններում մարդիկ քնում են ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է իրենց օրգանիզմին։ Բայց այդ դեպքում պետք է ենթադրել նաև, որ որսորդությամբ և հավաքչությամբ ապրող մարդիկ սթրես չեն ունենում, գերծանրաբեռնված առօրյա չունեն և չեն բախվում լիարժեք քնին խանգարող այլ խնդիրների։ Իսկ թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, դեռ հայտնի չէ», — նշվում է հոդվածում։
Գիտնականները նաև չգիտեն՝ արդյոք այդ համայնքների բնակիչները քնի պակասի պատճառով ունենում են առողջական նույն խնդիրները, ինչ ժամանակակից մարդիկ։ Հետևաբար, այն փաստը, որ նրանք ավելի քիչ են քնում, դեռ չի ապացուցում, թե ութժամյա քնի վերաբերյալ ընդունված խորհուրդը սխալ է։
Սակայն կան նաև այլ գիտական տվյալներ։ Դրանք ստացվել են արդյունաբերական զարգացած երկրներում անցկացված լայնածավալ հետազոտություններից, որոնց ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են քնի տևողության և առողջության միջև կապը։
Եթե փորձենք պարզել, թե որքան քնելն է առավել օգտակար առողջության համար, ապա բազմաթիվ խոշոր հետազոտությունների արդյունքները հուշում են, որ քնի օպտիմալ տևողությունը կարող է ութ ժամից պակաս լինել։
Վերջերս անցկացված հետազոտություններից մեկում գիտնականները սկանավորել են մասնակիցների գլխուղեղն ու մարմինը, ուսումնասիրել տարբեր մոլեկուլային ցուցանիշներ և փորձել հասկանալ, թե ինչպես է քունն ազդում տարբեր օրգանների ծերացման վրա։ Արդյունքում նրանք հաշվարկել են, որ քնի օպտիմալ տևողությունը կարող է լինել 6,4–7,8 ժամ՝ կախված մարդու սեռից և այն բանից, թե որ օրգանի առողջությունն է ուսումնասիրվում։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել նաև, որ առողջական խնդիրների հետ կարող են կապված լինել ինչպես անբավարար, այնպես էլ չափազանց երկար քունը։ Դրանց թվում են սրտանոթային հիվանդությունները, ինսուլտը, հիշողության և մտածողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև ճարպակալումը։
Սակայն այստեղ մի կարևոր հարց դեռ պատասխան չունի։ Գիտնականները փորձում են հասկանալ՝ երկար քունն ինքնին վնասո՞ւմ է առողջությանը, թե՞ պարզապես կարող է լինել որոշ հիվանդությունների վաղ նշաններից մեկը։ Ամեն դեպքում, հետազոտությունների արդյունքները կասկածի տակ են դնում այն տարածված համոզմունքը, թե բոլոր մարդիկ պարտադիր պետք է քնեն ուղիղ ութ ժամ։ Միևնույն ժամանակ, եթե մարդը մշտապես սովորականից զգալիորեն երկար է քնում, դա նույնպես անուշադրության մատնել պետք չէ։
Պետք է հաշվի առնել նաև, որ քնի օպտիմալ տևողության վերաբերյալ գիտական հաշվարկները հիմնված են միջին ցուցանիշների վրա։ Իսկ իրական կյանքում բոլորին համապատասխանող մեկ չափանիշ գոյություն չունի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե քնելու համար բավարար ժամանակ ունեն, երիտասարդներն ավելի երկար են քնում, քան առողջ տարեցները։ Ավելին՝ նույնիսկ մեկ տարեկան երկու երեխա կարող են քնի տարբեր պահանջներ ունենալ։
Անհատական այս տարբերությունները հաշվի են առնված նաև ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամի խորհուրդներում։ Դրանց համաձայն՝ 26–64 տարեկան չափահասներին խորհուրդ է տրվում օրական քնել 7–9 ժամ։ Սակայն որոշ մարդկանց համար ընդունելի կարող է լինել նաև 6–10 ժամ քնելը։ Սա արդեն բավական տարբեր է բոլորին պարտադիր ութ ժամ քնելու խորհուրդ տալուց։
Կարևոր է ոչ միայն այն, թե որքան ենք քնում, այլև՝ երբ
Պարզվում է՝ նշանակություն ունի ոչ միայն քնի տևողությունը։ Ժամանակակից մարդու քունը փոխվել է նաև մեկ այլ առումով։ Խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ սկսել են ավելի քիչ քնել։ Փոխվել են նաև քնելու և արթնանալու ժամերը, որոնք նախկինի պես չեն համընկնում ցերեկվա և գիշերվա բնական հերթափոխին։
Այսօր մարդկանց մեծ մասն այլևս ինքնուրույն չի արթնանում լուսաբացից առաջ։ Շատերը աշխատանքային օրերին չեն հասցնում բավարար քնել, իսկ հանգստյան օրերին փորձում են լրացնել շաբաթվա ընթացքում կուտակված քնի պակասը։
Այս փոփոխությունների հիմնական պատճառներից մեկը համարվում է արհեստական լուսավորությունը։ Այն ազդում է մեր քնելու սովորությունների վրա և փոխում օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցի աշխատանքը։ Հենց այդ ժամացույցն է կարգավորում, թե երբ ենք քնկոտություն զգում և երբ՝ առույգություն։
Մյուս տարածված խնդիրը քնի անկանոն ռեժիմն է։ Այն հատկապես հաճախ է հանդիպում հերթափոխով աշխատողների և ուսանողների շրջանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնի անկանոն ռեժիմը կապված է առողջության վատթարացման հետ։
Միևնույն ժամանակ գիտնականները պարզել են, որ եթե աշխատանքային օրերին մարդը բավարար չի քնում, հանգստյան օրերին քնի պակասը թեկուզ մասամբ լրացնելն ավելի լավ է, քան ընդհանրապես չլրացնելը։ Եվ դա ճիշտ է նույնիսկ այն դեպքում, երբ հանգստյան օրերին ավելի երկար քնելու պատճառով խախտվում է սովորական ռեժիմը։ Այլ կերպ ասած՝ կարևոր է ոչ միայն ամեն օր նույն ժամերին քնելը, այլև այն, թե ընդհանուր առմամբ որքան ենք քնում մեկ շաբաթվա կամ ավելի երկար ժամանակահատվածում։
Իսկ գլխավոր խորհուրդը շարունակում է մնալ նույնը. երբ հնարավորություն ունեք, աշխատեք բավականաչափ քնել և չափազանց մի անհանգստացեք, եթե երբեմն գիշերը լավ չեք քնում։








