Շատերս համոզված ենք, որ կյանքի լավագույն տարիները 20–30 տարեկանում են, երբ մեր մտավոր և հուզական կարողությունների հետ մեկտեղ առավելագույնն են թվում նաև երիտասարդական եռանդն ու գրավչությունը։ Նույնիսկ եթե այդպես չենք մտածում, հասարակությունն ամեն կերպ փորձում է մեզ հակառակը համոզել։ Չէ՞ որ ընդունված է համարել, որ հենց երիտասարդ տարիքում ենք ամենագեղեցիկը, գրավիչն ու եռանդունը։
Սակայն քչերն են հիշում, որ մինչև 30 տարեկանը շատերիս կյանքում իսկական խառնաշփոթ է տիրում։ Մյուս կողմից՝ վերջին տարիներին հաճախ ենք լսում, թե կյանքը սկսվում է 40-ից կամ նույնիսկ 50-ից հետո։ Եվ, ինչպես պարզվում է, այս խոսքերում ճշմարտության մեծ բաժին կա։ Համենայն դեպս, գիտական հետազոտությունները նման եզրակացության հիմքեր են տալիս, գրում է YourTango պարբերականը։
Գիտնականները պարզել են, որ մարդու մտավոր, հուզական և նույնիսկ ինտուիտիվ կարողությունների ընդհանուր գագաթնակետը շատ ավելի ուշ է գալիս, քան մեզ սովորեցրել են մտածել։
60 տարեկանը՝ մտավոր և հուզական կարողությունների ծաղկման շրջան
Արևմտյան Ավստրալիայի և Վարշավայի համալսարանների գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են Intelligence գիտական ամսագրում։
Նախկինում գիտնականները սովորաբար առանձին-առանձին էին ուսումնասիրում մարդու մտավոր ունակությունները։ Այս անգամ նրանք որոշել են դիտարկել դրանք միասին՝ հաշվի առնելով նաև հոգեբանական տարբեր հատկանիշներ։ Հենց այս մոտեցումն էլ անսպասելի արդյունք է տվել։ Պարզվել է, որ երիտասարդ տարիքը մարդու հնարավորությունների գագաթնակետը համարելու տարածված պատկերացումն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։
Այո՛, տեղեկություններն արագ ընկալելու և մշակելու ունակությունը, ինչպես նաև հիշողության որոշ գործառույթներ իսկապես սկսում են թուլանալ արդեն 25 տարեկանից հետո։ Բայց եթե հաշվի առնենք ոչ միայն դրանք, այլև մարդու մտավոր ունակությունները, հուզական բանականությունն ու որոշումներ կայացնելու կարողությունը, բոլորովին այլ պատկեր կստանանք։ Պարզվում է՝ մեր հնարավորությունների ընդհանուր գագաթնակետը գալիս է այն ժամանակ, երբ արդեն մոտենում ենք կյանքի, այսպես կոչված, «ոսկե տարիներին»։
Գիտնականների հաշվարկներով՝ մարդու մտավոր և հոգեբանական կարողությունների համակցված ցուցանիշն ամենաբարձր մակարդակին է հասնում 55–60 տարեկանում։
Այս շրջանը կարելի է անվանել իմաստության տարիք։ Հետազոտողները պարզել են, որ մարդու մտավոր և հոգեբանական կարողությունների համակցված ցուցանիշն ամենաբարձր մակարդակին է հասնում 50-ականների վերջին և 60-ականների սկզբին։ Այս բացահայտումը ստիպում է վերանայել ոչ միայն տարիքի հետ մտավոր կարողությունների թուլացման, այլև ընդհանրապես ծերացման մասին մեր պատկերացումները։
Ինչպես է ուղեղը փոխհատուցում տարիքի հետ առաջացող փոփոխությունները
Իրականում, եթե մի փոքր մտածենք, այս ամենն այնքան էլ զարմանալի չէ։ Այդ տարիքում մարդն արդեն կյանքի հարուստ փորձ ունի, շատ բան է տեսել ու սովորել, կարողանում է իրավիճակներին ավելի լայն հայացքով նայել։ Բացի այդ, 50-ականների վերջին և 60-ականների սկզբին շատերի կյանքը վերջապես ավելի հանգիստ ու կայուն է դառնում։
Համաձայնեք՝ դժվար է 20 տարեկանում իմաստուն ու խորաթափանց լինել, երբ դեռ ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում կյանքից և ինչպիսի մարդ ես ցանկանում դառնալ։ 30–40 տարեկանում էլ հեշտ չէ, երբ մի կողմից աշխատանքն է, մյուս կողմից՝ երեխաները, վարկերն ու առօրյա հոգսերը։ Իսկ ահա 50–60 տարեկանում տարիների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները կարող են իրենց ամբողջ ուժով դրսևորվել։
Սակայն գիտնականները մեկ այլ հանգամանք էլ են առանձնացնում։ Նրանց կարծիքով՝ տարիքի հետ ուղեղը կարծես փորձում է փոխհատուցել որոշ կարողությունների թուլացումը՝ ավելի շատ հենվելով այն ունակությունների վրա, որոնք տարիների ընթացքում զարգացել ու ամրապնդվել են։
Խոսքը, մասնավորապես, բանականության երկու տեսակների մասին է։
Շարժուն բանականություն
Նոր խնդիրներ լուծելու, անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և տեղեկություններն արագ մշակելու ունակությունն է։ Այն սովորաբար ավելի ուժեղ է երիտասարդ տարիքում, իսկ տարիների ընթացքում աստիճանաբար թուլանում է։
Բյուրեղացած բանականություն
Տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն են, փորձն ու հարուստ բառապաշարը։ Ի տարբերություն շարժուն բանականության՝ այն իր գագաթնակետին է հասնում ավելի ուշ՝ միջին տարիքի երկրորդ կեսում։
Նման պատկեր է նկատվում նաև ֆինանսական գրագիտության, բարոյական հարցերի շուրջ դատողություններ անելու և հուզական բանականության դեպքում։ Տարիների ընթացքում զարգանում են նաև մարդու բարեխղճությունը, պատասխանատվության զգացումն ու հուզական կայունությունը։
Այս ամենը համադրելով՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդու մտավոր և հոգեբանական կարողությունների ընդհանուր ցուցանիշն ամենաբարձր մակարդակին է հասնում 55–60 տարեկանում, իսկ նկատելի անկումը սկսվում է միայն 65–70 տարեկանից հետո։
Այսինքն՝ մեր մտավոր հնարավորությունների լավագույն շրջանը գալիս է շատ ավելի ուշ, քան մեզ սովորեցրել են կարծել։
Ժամանակն է փոխել տարիքի նկատմամբ մեր վերաբերմունքը
Այսօր աշխատանք գտնելը շատերի համար է դժվար։ Սակայն 50-ն անց մարդկանց դեպքում խնդիրը հաճախ ավելի է բարդանում։
Ամերիկյան AARP կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ 50 տարեկանից բարձր մարդկանց 74%-ը կարծում է, որ նոր աշխատանք գտնելու հարցում իրենց հիմնական խոչընդոտներից մեկը հենց տարիքն է։
Այլ ուսումնասիրություններ նույնպես վկայում են, որ նման մտահոգությունները պատահական չեն։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ գործատուների 24%-ը 50 տարեկանից բարձր մարդկանց աշխատանքի ընդունելը համարում է ոչ խելամիտ որոշում։ Իսկ մեկ այլ հետազոտության համաձայն՝ շատ գործատուների պատկերացմամբ 57 տարեկան մարդն արդեն չափազանց մեծ է նոր աշխատանքի ընդունվելու համար։
Եվ ահա այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ գիտնականների տվյալներով՝ հենց 57 տարեկանում մարդը կարող է գտնվել իր մտավոր և հոգեբանական կարողությունների ծաղկման շրջանում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հեռու կարող են լինել իրականությունից տարիքի մասին մեր տարածված պատկերացումները։
Հետազոտողների կարծիքով՝ այն աշխատանքներում, որտեղ անհրաժեշտ է լուրջ և պատասխանատու որոշումներ կայացնել, արժե ավելի մեծ տեղ տալ 40–65 տարեկան մարդկանց փորձին ու կարողություններին, այլ ոչ թե նախապատվությունը միշտ տալ 27-ամյա հավակնոտ երիտասարդներին։
Բայց դե փորձեք այս միտքը բացատրել կադրերի բաժնի աշխատակցին։ Հավանաբար նրա դեմքի արտահայտությունից անմիջապես կհասկանաք, թե ինչ է մտածում այդ մասին։
Սակայն այս պատմությունն ունի նաև մյուս կողմը։
Հետազոտությունն անդրադառնում է ժամանակակից Ամերիկայի մեկ այլ խնդրի՝ այսպես կոչված գերոնտոկրատիային, երբ երկրի կառավարման համակարգում գերիշխում են շատ տարեց քաղաքական գործիչները։
83-ամյա Միթչ Մաքքոնելը բազմիցս հայտնվել է տեսախցիկների առաջ այնպիսի իրավիճակներում, երբ հանկարծակի քարացել է կամ վայր ընկել։ Այդ դեպքերն այնքան շատ են քննարկվել, որ դժվար է նույնիսկ հիշել բոլորը։
Իսկ սենատոր Դայան Ֆայնշտայնը մինչև իր մահը՝ 90 տարեկանում, շարունակում էր մասնակցել Կոնգրեսի նիստերին, թեև նրա մտավոր կարողությունների թուլացման մասին վաղուց արդեն լուրջ մտահոգություններ կային։
Գիտության տեսանկյունից այս երկու ծայրահեղություններն էլ խնդրահարույց են։ Հավանաբար պատահական չէ, որ նման իրավիճակներն առավել հաճախ հանդուրժվում են հենց քաղաքականության մեջ։ Եվ գուցե հենց դրանով է բացատրվում, որ աշխարհի բազմաթիվ առաջնորդներ իրենց գործունեության լավագույն տարիներն անցկացնում են 50–60 տարեկանում։
Ավելին՝ այլ հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ որսորդությամբ և հավաքչությամբ ապրող համայնքներում սնունդ հայթայթելու հմտություններն իրենց գագաթնակետին են հասնում մոտ 50 տարեկանում։
Գիտությունն արդեն բավական համոզիչ փաստարկներ է ներկայացնում։ Մնում է, որ հասարակությունն էլ վերջապես սկսի ուշադրություն դարձնել դրանց։
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄ
Ի՞նչ է իրականում ցույց տվել հետազոտությունը
2025 թվականին Intelligence ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակներ Ջիլ Է. Ժինյակն ու Մարչին Զայենկովսկին համադրել են մարդու ճանաչողական կարողություններին և անձնային հատկանիշներին վերաբերող 16 ցուցանիշ։
Հետազոտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտնականները փորձել են պարզել ոչ թե, օրինակ, որ տարիքում է հիշողությունն ամենալավը, այլ երբ են մարդու տարբեր կարողությունները միասին առավել բարձր մակարդակի հասնում։
Սակայն 55–60 տարեկանը բոլորի համար մտավոր զարգացման գագաթնակետի հստակ սահման չէ։ Խոսքը հետազոտողների հաշվարկած ընդհանուր ցուցանիշի մասին է։ Առանձին կարողություններ տարբեր տարիքում են հասնում իրենց առավելագույն մակարդակին։ Օրինակ՝ բարեխղճությունը կարող է իր գագաթնակետին հասնել մոտ 65, իսկ հուզական կայունությունը՝ մոտ 75 տարեկանում։
Այլ կերպ ասած՝ հետազոտությունը չի պնդում, թե 60 տարեկան յուրաքանչյուր մարդ ավելի խելացի է, քան 30 տարեկանը։ Այն ցույց է տալիս, որ տարիքի հետ որոշ ունակությունների թուլացումը կարող է զուգորդվել մյուսների զարգացմամբ, և հենց այդ համադրությունն էլ հաճախ առավել բարենպաստ է դառնում կյանքի ավելի ուշ շրջանում։
Գիտական սկզբնաղբյուր՝ Humans peak in midlife: A combined cognitive and personality trait perspective, Intelligence, 2025։








