Գիտնականները հայտնաբերել են դեպրեսիայի նոր տեսակ, որը դժվարությամբ է բուժվում

Դեպրեսիայի այս տեսակի առաջացման պատճառներից մեկը կարող է լինել ժամանակակից ապրելակերպը։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Գիտնականները հայտնաբերել են դեպրեսիայի նոր տեսակ, որը կապված է մարդու կենսաբանական ժամացույցի խանգարման հետ։ Պարզվում է՝ քնի ռեժիմի փոփոխությունները կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա, քան մինչ այժմ ենթադրվում էր։

Ինչպես գրում է New Scientist պարբերականը, այսպես կոչված ցիրկադային դեպրեսիա կարող է ունենալ դեպրեսիայով տառապող մարդկանց գրեթե մեկ քառորդը։ Դեպրեսիայի այս տեսակը սովորական հակադեպրեսանտներով դժվար է բուժվում։ Սակայն գիտնականները կարծում են, որ կարող են օգնել մելատոնինը և առօրյա որոշ սովորությունների փոփոխությունը։ Օրինակ՝ առավոտյան արևի լույսի ներքո զբոսնելը։

Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ծանր և կրկնվող դեպրեսիա ունեցող ավելի քան 10 հազար մարդու տվյալները։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ՝ պատմելով իրենց քնի սովորությունների, ինքնազգացողության և այն մասին, թե ինչպես են դեպրեսիայի ախտանշանները փոխվում տարվա տարբեր եղանակներին։ Նրանք նաև թքի նմուշներ են հանձնել՝ ԴՆԹ-ի հետազոտության համար։

Պարզվել է, որ մասնակիցների 23%-ի մոտ առկա են ցիրկադային դեպրեսիային բնորոշ նշաններ։ Գիտնականներն առանձնացրել են վեց հիմնական հատկանիշ, որոնցից առնվազն երեքը նկատվել է այդ մարդկանց մոտ։

Ցիրկադային ռիթմերի խանգարման 6 նշանները

1

Գիշերային կենսակերպի նախընտրություն։ Մարդն իրեն ավելի առույգ և ակտիվ է զգում երեկոյան կամ գիշերը։

2

Ուշ քնելու սովորություն։ Քուն է մտնում մարդկանց մեծամասնությունից ավելի ուշ։

3

Առավոտյան ուժեղ հոգնածություն։ Արթնանում է հոգնած և ուժասպառ, նույնիսկ եթե բավականաչափ երկար է քնել։

4

Չափազանց քնկոտություն։ Դեպրեսիայի սրացման ժամանակ սովորականից ավելի շատ է քնում կամ անընդհատ քնելու ցանկություն է ունենում։

5

Հանգստյան օրերին ուշ քնելը։ Երբ աշխատանքի գնալու անհրաժեշտություն չկա, սովորականից զգալիորեն ուշ է պառկում քնելու։

6

Ինքնազգացողության սեզոնային փոփոխություններ։ Տարվա եղանակների փոփոխության հետ նկատելիորեն փոխվում են տրամադրությունը, էներգիան, քունն ու ախորժակը։

Հետազոտության հեղինակներից Էմիլիանա Տոնինին բացատրում է.

«Կարևոր չէ միայն այն, թե որքան ենք քնում։ Նույնքան կարևոր է, թե երբ ենք քնում և որքան կանոնավոր է մեր քունը»։

Գիտնականները նկատել են նաև մեկ այլ մտահոգիչ հանգամանք։ Ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ հիվանդությունը սովորաբար ավելի ծանր ընթացք է ունենում։ Նրանց շրջանում ավելի հաճախ են առաջանում նաև ինքնասպանության մասին մտքեր։

Բացի այդ, այս մարդկանց մոտ դեպրեսիան ավելի վաղ տարիքում է սկսվում։ Եթե ցիրկադային դեպրեսիա ունեցող մասնակիցների առաջին ախտանշանները հայտնվել են միջինում 18 տարեկանում, ապա մյուսների դեպքում այդ տարիքը կազմել է 23։

Հետազոտության հեղինակներից Իեն Հիկին կարծում է, որ խնդրի պատճառներից մեկը կարող է լինել մեր այսօրվա ապրելակերպը։

Նրա խոսքով՝ մարդու կենսաբանական ժամացույցը ճիշտ աշխատելու համար ամեն առավոտ բնական լույսի կարիք ունի։ Հենց լույսն է օգնում օրգանիզմին պահպանել օրվա 24-ժամյա բնական ռիթմը։ Սակայն ժամանակակից մարդը երեկոյան և գիշերային ժամերին անընդհատ արհեստական լուսավորության ազդեցության տակ է։ Իսկ դա այն ժամանակահատվածն է, երբ բնական պայմաններում արդեն պետք է մութ լիներ։ Արդյունքում մեր ներքին ժամացույցի աշխատանքը կարող է խախտվել։

Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդիկ ավելի հաճախ են դժգոհել տարածված հակադեպրեսանտների ազդեցությունից։ Նրանց խոսքով՝ դեղամիջոցներն այնքան էլ արդյունավետ չեն եղել, փոխարենն ավելի շատ կողմնակի ազդեցություններ են առաջացրել։

Գիտնականները ենթադրում են, որ պատճառը կարող է կապված լինել դեղամիջոցների ազդեցության ձևի հետ։ Շատ հակադեպրեսանտներ ազդում են սերոտոնինի՝ նյարդային համակարգում ազդակների փոխանցմանը մասնակցող նյութի վրա։ Մինչդեռ ցիրկադային դեպրեսիայի դեպքում խնդիրը կարող է կապված լինել նաև օրգանիզմի կենսաբանական ռիթմերի խանգարման հետ։

Ինչպե՞ս կարելի է բուժել ցիրկադային դեպրեսիան

Գիտնականները պատրաստվում են նոր կլինիկական հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք մելատոնինի ընդունումը կարող է օգնել ցիրկադային դեպրեսիա ունեցող մարդկանց։ Մելատոնինը հորմոն է, որն օգնում է օրգանիզմին կարգավորել քնելու և արթնանալու ժամանակը։ Հետազոտության ընթացքում նախատեսվում է օգտագործել դրա սինթետիկ տարբերակը։

Նախկին ուսումնասիրություններն արդեն ցույց են տվել, որ ագոմելատին կոչվող հակադեպրեսանտը, որն ուղեղում գործում է մելատոնինի նման, կարող է բարելավել քունը և մեղմել դեպրեսիայի ախտանշանները։

Իեն Հիկին նաև խորհուրդ է տալիս երեկոյան՝ մութն ընկնելուց հետո, խուսափել առատ ուտելուց, ինտենսիվ ֆիզիկական վարժություններից և ուժեղ լուսավորությունից։

Նրա խոսքով՝ կենսաբանական ժամացույցի ճիշտ աշխատանքը կարևոր է ոչ միայն հոգեկան առողջության համար։ Քնի և արթնության բնական ռիթմի վերականգնումը կարող է նաև նպաստել օրգանիզմում բորբոքային գործընթացների նվազեցմանը և առողջ քաշի պահպանմանը։

Ավելի վաղ հոգեբույժներից մեկը հիշեցրել էր, որ դեպրեսիան միշտ չէ, որ արտահայտվում է միայն տխրությամբ կամ տագնապով։ Դրա մասին կարող են հուշել նաև ախորժակի փոփոխությունները, քնի հետ կապված խնդիրները, դյուրագրգռությունը և այն զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, որոնք նախկինում հաճույք էին պատճառում։

Ի՞նչ է կարևոր իմանալ այս հետազոտության մասին

Հետազոտությունը հրապարակվել է 2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ հեղինակավոր The British Journal of Psychiatry գիտական ամսագրում։

Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 11 380 մարդու տվյալներ։ Նրանցից 2604-ի մոտ գիտնականները հայտնաբերել են ցիրկադային դեպրեսիային բնորոշ նշաններ։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են մասնակիցների գենետիկական տվյալները և պարզել, որ այս խմբում ավելի հաճախ են հանդիպում քնի ռիթմերի, նյութափոխանակության և որոշ հոգեկան խանգարումների հետ կապված ժառանգական նախատրամադրվածություններ։

Միևնույն ժամանակ, գիտնականները շեշտում են, որ ցիրկադային դեպրեսիան դեռ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվի։ Առայժմ այն դիտարկվում է որպես դեպրեսիայի հնարավոր ենթատեսակ, ոչ թե վերջնականապես հաստատված առանձին ախտորոշում։ Բացի այդ, հակադեպրեսանտների արդյունավետության վերաբերյալ տվյալները հիմնված են մասնակիցների անձնական գնահատականների վրա։

Կարևոր է իմանալ։ Հետազոտության արդյունքները չեն նշանակում, թե հակադեպրեսանտներից պետք է հրաժարվել կամ դրանք ինքնուրույն փոխարինել մելատոնինով։ Բուժման ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է քննարկել բժշկի հետ։

Գիտական սկզբնաղբյուր

Tonini E. և համահեղինակներ,
Clinical and genetic correlates of a circadian subtype of depression in the Australian Genetics of Depression Study,
The British Journal of Psychiatry, 2026։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Գիտնականները հայտնաբերել են դեպրեսիայի նոր տեսակ, որը դժվարությամբ է բուժվում
Եթե 11/11 արդյունքով անցնեք մեր ԹԵՍՏԸ, ապա հանգիստ կարող եք հավակնել գիտության թեկնածուի աստիճանին
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց