Չարլի Մանգերը լեգենդար ամերիկացի ներդրող էր, միլիարդատեր, Berkshire Hathaway ընկերության փոխնախագահը և Ուորեն Բաֆեթի ամենամտերիմ գործընկերը։ Նա ապրեց 99 տարի և իր կյանքի ընթացքում բազմիցս շեշտեց՝ բարձր ինտելեկտը դեռ հաջողության երաշխիք չէ։ Շատ ավելի կարևոր է հիմար սխալներ թույլ չտալը։
Մանգերի կարծիքով՝ մարդիկ չափազանց մեծ նշանակություն են տալիս IQ-ի ցուցանիշին և հաճախ հպարտանում դրանով։ Մինչդեռ նրան բոլորովին այլ հարց էր հետաքրքրում. ինչո՞ւ են խելացի և կրթված մարդիկ շարունակ նույն հիմար սխալները գործում։ Ինչպես գրում է New Trader U, միլիարդատերը սիրում էր կրկնել. «Զարմանալի է, թե ժամանակի ընթացքում որքան մեծ առավելություն են ստացել մեզ նման մարդիկ՝ պարզապես հետևողականորեն փորձելով հիմարություններ չանել, ոչ թե առանձնապես խելացի լինել»։
Իր երկարամյա գործունեության ընթացքում Չարլի Մանգերն առանձնացրել է վարքագծի 10 տեսակ, որոնք, նրա կարծիքով, վկայում են մտածողության լուրջ թերությունների մասին։ Հետաքրքիրն այն է, որ այս թակարդներում հաճախ են հայտնվում նույնիսկ շատ խելացի ու հաջողակ մարդիկ։ Դրանցից խուսափելն այնքան էլ դժվար չէ։ Կարևորը ժամանակին նկատելն է, որ ինքներդ էլ երբեմն այդպես եք վարվում։
1. Չընդունել, որ որոշ հարցեր չափազանց բարդ են
Շատերը կարծում են, թե պարտավոր են պատասխան ունենալ ցանկացած բարդ հարցի։ «Չգիտեմ» ասելը նրանց համար գրեթե ամոթ է։ Ուստի նախընտրում են ենթադրություններ անել և խոսել այնպիսի վստահությամբ, կարծես ամեն ինչից տեղյակ են։
Մանգերն ու Ուորեն Բաֆեթը բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մանգերը բացատրում էր.
«Ներդրումային գաղափարները մենք բաժանում ենք երեք խմբի՝ «այո», «ոչ» և «չափազանց բարդ է հասկանալու համար»»։
Գաղափարների մեծ մասը հայտնվում էր հենց երրորդ խմբում, և դա նրանց ամենևին չէր անհանգստացնում։ Իսկ այն մարդը, որը չի գիտակցում իր գիտելիքների սահմանները, շարունակելու է ինքնավստահ որոշումներ կայացնել այն հարցերում, որոնցից իրականում գլուխ չի հանում։
2. Համառորեն պաշտպանել կարծիքներ, որոնք չեք կարող հիմնավորել
Որոշ մարդիկ իրենց համոզմունքներին վերաբերվում են այնպես, ինչպես երկրպագուն՝ սիրելի մարզական թիմին։ Պատրաստ են ժամերով վիճել ու պաշտպանել իրենց տեսակետը, բայց երբեք լրջորեն չեն փորձել հասկանալ, թե ինչ փաստարկներ ունի հակառակ կողմը։
Այս հարցում Մանգերը խիստ կանոն ուներ.
«Ես ինձ թույլ չեմ տալիս որևէ հարցի շուրջ կարծիք ունենալ, քանի դեռ հակառակ կողմի փաստարկներն ավելի լավ չգիտեմ, քան հենց այդ տեսակետը պաշտպանողները»։
Փորձեք այս կանոնով ստուգել Ձեր սեփական համոզմունքները։ Հավանաբար դրանցից շատերը նույնիսկ մեկ րոպե չեն դիմանա։ Եթե չեք կարողանում համոզիչ փաստարկներ բերել հակառակ տեսակետի օգտին, հնարավոր է՝ Ձեր կարծիքն իրականում պարզապես ուրիշից եք վերցրել։
3. «Մուրճով մարդու» համախտանիշը
Այս սովորությունն ի հայտ է գալիս, երբ մարդը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրեն ծանոթ միևնույն եղանակով։ Օրինակ՝ հաշվապահը ցանկացած խնդրի մեջ թվերի ու աղյուսակների հետ կապված հարց է տեսնում, իսկ մարքեթինգի մասնագետը՝ բրենդի։
Մանգերը սիրում էր հիշեցնել հայտնի ասացվածքը. «Եթե ձեռքումդ միայն մուրճ է, ամեն ինչ մեխ է թվում»։ Նրա կարծիքով՝ այս մտածելակերպից ազատվելու լավագույն միջոցը տարբեր գիտությունների հիմնական գաղափարներն ուսումնասիրելն ու դրանք միասին կիրառելն է։
«Ձեր գլխում պետք է տարբեր մտավոր մոդելներ ունենաք։ Եվ թե՛ սեփական, թե՛ ուրիշների փորձը պետք է կարողանաք տեղավորել այդ մոդելների համակարգում»։
Այսպես էր Մանգերը բացատրում իր մոտեցումը 1994 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) բիզնես դպրոցի ուսանողներին։
Նրա կարծիքով՝ հատկապես կարևոր էր գիտելիքներ ունենալ հոգեբանությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից և պատմությունից։
4. Անընդհատ ինչ-որ բանով զբաղված լինելու մոլուցքը
Որոշ ներդրողներ օրական տասնյակ անգամներ ստուգում են իրենց հաշիվները և շուկայի յուրաքանչյուր նորությանն արձագանքում նոր գործարքով։ Նրանք պարզապես չեն կարողանում հանգիստ նստել։ Եթե ոչինչ չեն անում, սկսում են անհանգստանալ։
Մանգերը կարծում էր, որ սա ոչ թե աշխատասիրության, այլ կարգապահության պակասի նշան է։ Պարզապես անընդհատ զբաղված լինելը դեռ չի նշանակում արդյունավետ աշխատել։
«Մեծ փողերը վաստակում են ոչ թե առքուվաճառքով, այլ սպասելով»։
Ինքը՝ Մանգերը, կարող էր երկար ժամանակ պարզապես գիրք կարդալ՝ առանց օրը հանդիպումներով ու գործերով լցնելու։ Իսկ Berkshire Hathaway-ն իր որոշ ներդրումները պահում էր տասնամյակներ շարունակ։ Սովորական թրեյդերների մեծ մասը դրանք շատ ավելի շուտ կվաճառեր։
5. Ամեն գնով կառչել սեփական համոզմունքներից
Սեփական սխալն ընդունելը հեշտ չէ։ Հատկապես երբ տարիներ շարունակ ինչ-որ բան եք պնդել և դրանում համոզել նաև ընկերներին։ Նման իրավիճակում մարդիկ հաճախ ավելի են համառում և փորձում ամեն կերպ բացատրել այն փաստերը, որոնք հակասում են իրենց համոզմունքներին։
Մանգերը կարծում էր, որ կարծիքը փոխելու կարողությունը հմտություն է, որը պետք է զարգացնել։ Նա հիանում էր այն մարդկանցով, որոնք շարունակում էին սովորել նույնիսկ համալսարանն ավարտելուց շատ տարիներ անց։
«Ես անընդհատ տեսնում եմ, թե ինչպես են կյանքում առաջ գնում մարդիկ, որոնք ամենախելացիները չեն, երբեմն նույնիսկ ամենաաշխատասերները չեն։ Բայց նրանք երբեք չեն դադարում սովորել»։
Այս խոսքերը Մանգերն ասել էր 2007 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական դպրոցի ավարտական հանդիսության ժամանակ։
Նա նման մարդկանց համեմատում էր անընդհատ սովորող մեքենաների հետ։ Իսկ սովորելու համար երբեմն պետք է նաև հրաժարվել հին պատկերացումներից, որպեսզի կարողանաք ընդունել նորերը։
6. Չափազանց շատ հաշվել և չափազանց քիչ մտածել
Թվերը վստահություն են ներշնչում։ Եթե որևէ կանխատեսման արդյունքը ներկայացված է ստորակետից հետո երկու նիշի ճշգրտությամբ, այն շատ ավելի համոզիչ է թվում, քան սովորական գնահատականը։ Նույնիսկ եթե այդ հաշվարկի հիմքում ընդամենը ենթադրություններ են։
«Մարդիկ չափազանց շատ են հաշվում և չափազանց քիչ են մտածում»։
Ինքը՝ Մանգերը, թվերի հետ աշխատելու հիանալի ունակություն ուներ։ Սակայն նրան նյարդայնացնում էին մարդիկ, որոնք բարդ հաշվարկների հետևում թաքցնում էին խնդրի բուն էությունը։ Հատկապես երբ կարևորն իրականում ոչ թե թվերն էին, այլ մարդկանց շարժառիթները կամ տվյալ բիզնեսի որակը։
Եթե հաշվարկի հիմքում սխալ ենթադրություններ են, նույնիսկ ամենաճշգրիտ թվերը Ձեզ չեն փրկի սխալ եզրակացությունից։ Մանգերի համար շատ ավելի արժեքավոր էր կարևոր հարցի վերաբերյալ մոտավոր, բայց ողջամիտ գնահատականը, քան գեղեցիկ ձևավորված Excel աղյուսակը։
7. Կուրորեն հետևել ամբոխին
Մեծամասնության հետևից գնալը հեշտ է։ Երբ բոլորը նույն բանն են անում, սխալվելու դեպքում գոնե մենակ չեք լինի։ Ֆինանսական շուկաներում բազմաթիվ փուչիկներ են առաջացել հենց այս պատճառով. մարդիկ ինչ-որ բան են գնել միայն այն բանի համար, որ իրենց հարևաններն էլ էին գնում։
«Ամբոխին ընդօրինակելը հանգեցնում է միջին արդյունքի»։
Եթե անեք այն, ինչ անում են բոլորը, լավագույն դեպքում կհասնեք միջին արդյունքի։ Իսկ վատագույն դեպքում կարող եք շատ ավելի մեծ կորուստներ կրել, հատկապես երբ ամբոխը սկսի խուճապի մատնվել։
Մարդկային մտածողության սխալներին նվիրված իր հայտնի ելույթում Մանգերն անդրադարձել էր նաև շրջապատի ճնշմանը։ Նա ընդգծում էր, որ խելացի մարդիկ դրանից պակաս ազդեցության տակ չեն ընկնում, քան մյուսները։
8. Նախանձ և վիրավորվածություն
Նախանձ մարդիկ անընդհատ իրենց համեմատում են ուրիշների հետ։ Ընկերոջ նոր զբոսանավը կամ գործընկերոջ պաշտոնի բարձրացումը կարող են փչացնել նրանց տրամադրությունը մի ամբողջ շաբաթով։ Եվ դա այն դեպքում, երբ իրենց կյանքում ոչ մի վատ բան տեղի չի ունեցել։
«Աշխարհը շարժում է ոչ թե ագահությունը, այլ նախանձը»։
Նա նախանձն անվանում էր նաև «իսկապես հիմար մեղք»։ Պատճառն այն էր, որ նախանձից ոչ ոք երբեք հաճույք չի ստանում։
Բայց խնդիրը միայն վատ տրամադրությունը չէ։ Նախանձը կարող է մարդուն դրդել անհարկի ռիսկի դիմել կամ ծախսել ավելին, քան կարող է իրեն թույլ տալ։ Եվ այս ամենը՝ միայն հարևաններից կամ գործընկերներից հետ չմնալու համար։
9. Այսօրվա փոքր հաճույքը գերադասել վաղվա մեծ արդյունքից
Անհամբեր մարդիկ նախընտրում են փոքր պարգևն ստանալ հենց հիմա՝ հրաժարվելով ավելի մեծ օգուտից, որին կարող էին հասնել ապագայում։ Ֆինանսների դեպքում դա հաճախ նշանակում է խնայողությունները ժամանակից շուտ հանել կամ ծախսել այն գումարը, որը տարիների ընթացքում կարող էր զգալիորեն աճել։
Մանգերն իր կարողությունը կուտակել էր նաև այն շնորհիվ, որ հաջող ներդրումներին ժամանակ էր տալիս աճելու։ Եվ ոչ թե մեկ-երկու տարի, այլ տասնամյակներ։ Նա ասում էր.
«Բարդ տոկոսի առաջին կանոնն է՝ երբեք առանց անհրաժեշտության մի՛ ընդհատեք դրա աշխատանքը»։
Մանգերը խոստովանում էր, որ որոշ մարդիկ ի ծնե ավելի համբերատար են, քան մյուսները։ Իսկ նրանք, ում համբերությունը չի բավականացնում, պետք է սովորեն սպասել։ Հակառակ դեպքում անհամբերությունը տարիների ընթացքում կամաց-կամաց կխլի և՛ նրանց խնայողությունների մի մասը, և՛ կարիերայում առաջ գնալու հնարավորությունները։
10. Չմտածել, թե ինչ կարող է սխալ ընթանալ
Մարդիկ սովորաբար ծրագրում են, թե ինչպես հասնել հաջողության։ Մտածում են՝ ինչ քայլեր անել, ինչ հնարավորություններ օգտագործել, ինչպես ստանալ ցանկալի արդյունքը։ Բայց շատ քչերն են նույնքան լրջորեն մտածում, թե ինչը կարող է ձախողել իրենց ծրագիրը։
Մանգերը հաճախ էր օգտվում 19-րդ դարի մաթեմատիկոս Կարլ Յակոբիի հայտնի սկզբունքից՝ «Շրջիր խնդիրը, միշտ շրջիր»։ Այլ կերպ ասած՝ երբեմն պատասխանը գտնելու համար պետք է խնդրին նայել հակառակ կողմից։
«Ես միայն ուզում եմ իմանալ, թե որտեղ եմ մահանալու, որպեսզի երբեք այնտեղ չգնամ»։
Այս մոտեցումը կարելի է կիրառել թե՛ կարիերայի, թե՛ ներդրումների հարցում։ Նախ կազմեք այն սխալների ցանկը, որոնք անխուսափելիորեն ձախողման կհանգեցնեն։ Հետո պարզապես աշխատեք դրանք չգործել։ Շատ դեպքերում դա ավելի հեշտ է, քան ամեն գնով հանճարեղ լուծում գտնելը։
Եզրակացություն
Այս սովորություններից ոչ մեկը դեռ չի նշանակում, որ մարդը ցածր IQ ունի։ Մանգերի ասածի իմաստն էլ հենց այն էր, որ նույնիսկ շատ խելացի մարդիկ կարող են պարբերաբար նույն սխալները գործել։
Իսկ դրանցից խուսափելու համար առանձնապես բարդ բաներ պետք չեն։ Ընդունեք, երբ ինչ-որ բան չգիտեք։ Շարունակեք սովորել տարբեր ոլորտներից։ Եվ եթե լավ ներդրում եք արել, ամեն օր մի՛ շտապեք ինչ-որ բան փոխել։
Նախքան հաջողության հասնելու ծրագիր կազմելը մտածեք, թե ինչը կարող է Ձեզ ձախողման տանել։ Մանգերը դարձավ ներդրումային աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկը մեծապես այն բանի շնորհիվ, որ կարողանում էր խուսափել հենց այսպիսի սխալներից։








