Մոր և զավակի կապը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Մոր սերն ու հոգատարությունը կարևոր դեր են խաղում երեխայի բնավորության ձևավորման և զարգացման գործում։ Սակայն մոր և որդու հարաբերություններն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց մասին արժե առանձին խոսել։
Ինչպե՞ս է մոր սերն ազդում որդու բնավորության, վարքի և ապագայի վրա։ Ահա 7 հետաքրքիր փաստ։

7. Ավելի քիչ չմտածված քայլեր
Կանայք սովորաբար ավելի զգուշավոր են, քան տղամարդիկ։ Նրանք հակված են ավելի ուշադիր գնահատելու հնարավոր վտանգները և խուսափելու այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել իրենց առողջությանը կամ վտանգել կյանքը։ Հաճախ նաև ավելի գործնական են և որևէ որոշում կայացնելուց առաջ փորձում են հասկանալ, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ։
Հենց մորից էլ տղան սովորում է, որ զգուշավոր լինելը ոչ թե վախկոտություն է, այլ խելամտություն։ Նա սկսում է մտածել իր արարքների հետևանքների մասին և դեռ փոքր տարիքից սովորում է պատասխանատվություն կրել դրանց համար։
Մոր սիրով ու հոգատարությամբ մեծացած տղան ավելի մեծ հավանականությամբ կդառնա պատասխանատու և հասուն մարդ։
6. Հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ
Հետազոտությունները ցույց են տվել, որ մոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող տղաների պատասխանատվության զգացումը հաճախ ավելի զարգացած է։ Նրանք սովորաբար ավելի լուրջ են վերաբերվում իրենց գործերին, լավ են հասկանում, թե ինչ են անում, և ավելի մեծ հնարավորություններ ունեն հաջողության հասնելու։
Կան նաև ուսումնասիրություններ, որոնց հեղինակները ենթադրել են, որ երեխան իր մտավոր ունակությունները հիմնականում ժառանգում է մորից։ Այս տեսակետի կողմնակիցները դրանով են փորձում բացատրել նաև մոր և երեխայի առանձնահատուկ մտերմությունը։
Սակայն գիտական տեսանկյունից այստեղ մի կարևոր հանգամանք կա. երեխայի ինտելեկտը կախված չէ միայն մորից ժառանգած գեներից։ Դրա ձևավորման վրա ազդում են երկու ծնողների գեները, ինչպես նաև այն միջավայրը, որտեղ երեխան մեծանում ու զարգանում է։
5. Լավագույն հատկանիշների փոխանցում սերնդեսերունդ
Այն ամենը, ինչ տղան սովորում է մորից, հետագայում կարող է փոխանցել սեփական երեխաներին։
Մայրը նրան սովորեցնում է լինել համբերատար, ջերմ, մեծահոգի ու կարեկից, սիրել և հոգ տանել ուրիշների մասին։
Այս արժեքները տարիների ընթացքում դառնում են նրա բնավորության մի մասը։ Դրանք ուղեկցում են նրան ողջ կյանքի ընթացքում, իսկ երբ ինքն է ծնող դառնում, նույն ջերմությունն ու հոգատարությունը փոխանցում է իր որդիներին ու դուստրերին։
ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԹԵՄԱ
7 բան, որ կարևոր է իմանան տղաների մայրերը
4. Ավելի քիչ նախապաշարմունքներ
Մեր հասարակության մեջ դեռևս տարածված են բազմաթիվ նախապաշարմունքներ ու կարծրատիպեր, հատկապես՝ կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ։ Դրանցից որոշներն այնքան սովորական են դարձել, որ մարդիկ նույնիսկ չեն նկատում դրանցում թաքնված խտրականությունը։ Օրինակ՝ կանանց հասցեին արված որոշ կատակներ։
Նման պատկերացումները կարող են աննկատ արմատավորվել մարդու մտածելակերպում և ժամանակի ընթացքում դառնալ նրա համար միանգամայն բնական։
Սակայն երբ տղան մտերիմ է մոր հետ, նա ավելի լավ է տեսնում ու հասկանում, թե նման վերաբերմունքն ինչ ազդեցություն կարող է ունենալ կանանց վրա։ Նա դա նկատում է ոչ միայն սեփական մոր, այլև շրջապատի մյուս կանանց օրինակով։
Մոր հետ շփվելով՝ տղան սովորում է տարբերել ընդունելին անընդունելիից, ավելի լավ հասկանալ ուրիշների զգացմունքները և չառաջնորդվել տարածված կարծրատիպերով։
3. Շփվելու ավելի լավ հմտություններ
Կանայք սովորաբար ավելի հեշտ են արտահայտում իրենց մտքերն ու զգացմունքները, քան տղամարդիկ։ Նրանք նաև հաճախ ավելի լավ են հասկանում մարդկանց միջև շփման նրբությունները։
Այդ պատճառով մայրը կարող է լավ օրինակ լինել որդու համար՝ սովորեցնելով նրան, թե ինչպես շփվել մարդկանց հետ։
Երբ տղան մտերիմ է մոր հետ, նա նրանից շատ բան է սովորում։ Աստիճանաբար սկսում է ավելի ազատ արտահայտել իր մտքերը, ուշադիր լսել ուրիշներին և հասկանալ, թե ինչ են զգում դիմացինները։
Այս ամենն օգնում է նրան ավելի հեշտությամբ լեզու գտնել մարդկանց հետ։
2. Հարգանք և արժանապատվություն
Երեխաները շատ բան են սովորում՝ պարզապես հետևելով ծնողների վարքին։ Տղան տեսնում է, թե ինչպես է մայրը շփվում մարդկանց հետ, ինչպես է արձագանքում տարբեր իրադարձությունների և ինչ է անում, երբ տարաձայնություններ են առաջանում։
Մոր օրինակն օգնում է նրան հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել վեճերը, լուծել խնդիրները և արժանապատվորեն դուրս գալ բարդ իրավիճակներից։
Տղան նաև սովորում է իրեն պատկերացնել ուրիշի տեղում։ Փորձելով հասկանալ մոր զգացմունքներն ու ապրումները՝ նա աստիճանաբար դառնում է ավելի կարեկից։
Կանայք հաճախ ավելի հոգատար են և մեծ ուշադրություն են դարձնում տարեցների նկատմամբ հարգալից վերաբերմունքին։ Մայրերն այդ արժեքները փոխանցում են նաև իրենց որդիներին՝ սովորեցնելով հարգել ուրիշներին և միաժամանակ պահպանել սեփական արժանապատվությունը։
1. Ավելի զարգացած հուզական ինտելեկտ
Համարվում է, որ կանայք սովորաբար ավելի լավ են հասկանում և արտահայտում զգացմունքները, քան տղամարդիկ։ Բացի այդ, երեխաների խնամքով ու դաստիարակությամբ շատ ընտանիքներում հիմնականում մայրերն են զբաղվում։ Ուստի նրանք մեծ դեր ունեն որդիների հուզական ինտելեկտի զարգացման գործում։
Մայրերը սովորաբար ուշադիր են երեխաների հուզական վիճակի նկատմամբ։ Նրանք նկատում են, երբ փոքրիկը տխուր է, անհանգիստ կամ վախեցած, և փորձում են հասկանալ ու հանգստացնել նրան։
Եթե մայրն ինքն էլ կարողանում է լավ հասկանալ և կառավարել իր զգացմունքները, որդին նրանից սովորելու շատ բան ունի։
Տղան ամեն օր հետևում է, թե ինչպես է մայրը վերաբերվում մարդկանց, ինչպես է արձագանքում նրանց ապրումներին և ինչպես է արտահայտում սեփական հույզերը։
Տարիների ընթացքում նա սովորում է ոչ միայն ճանաչել իր զգացմունքները, այլև հասկանալ ուրիշներին, նկատել նրանց տրամադրության փոփոխությունները և ճիշտ արձագանքել դրանց։
Այդպես, հետևելով մոր օրինակին, որդին աստիճանաբար զարգացնում է սեփական հուզական ինտելեկտը։







