Մենք վաղուց գիտենք, որ ժամանակակից մարդկանց նախնիները խաչասերվել են նեանդերթալցիների և դենիսովցիների հետ, և նրանց գեների մի մասը մինչ օրս պահպանվում է մեր ԴՆԹ-ում։ Սակայն պարզվել է, որ մեր նախնիների պատմությունն այսքանով չի ավարտվում։ Մարդու գենոմում հայտնաբերվել են առնվազն երկու անհայտ նախնիների հետքեր, որոնց գոյության մասին որևէ ոսկրային գտածո չի վկայում։ Գիտնականները նրանց անվանում են «ուրվականային» գծեր, քանի որ նրանց հետքերը տեսնում ենք միայն ԴՆԹ-ում, բայց մինչ օրս չենք հայտնաբերել նրանց իրական մնացորդները։
Ովքե՞ր են «ուրվականային» նախնիները
«Ուրվականային» են անվանում հնագույն մարդկանց այն գծերը, որոնց ներկայացուցիչները ժամանակին խաչասերվել են մեր նախնիների հետ և իրենց ԴՆԹ-ի մի մասը փոխանցել նրանց, բայց հետո անհետացել են՝ գրեթե ոչ մի նյութական հետք չթողնելով։ Նրանցից չեն պահպանվել ո՛չ գանգեր, ո՛չ ատամներ, ո՛չ էլ վերծանված գենոմ։
Սովորաբար հասկանալու համար, թե ԴՆԹ-ի այս կամ այն հատվածը ումից է ժառանգվել, գիտնականները ժամանակակից մարդու գենոմը համեմատում են հնագույն մարդկանց մնացորդներից ստացված գենոմների հետ։ Նեանդերթալցիների և դենիսովցիների դեպքում դա հնարավոր եղավ․ նրանց ոսկորները հայտնաբերվել են, իսկ ԴՆԹ-ն՝ վերծանվել։ Բայց հնագույն մարդկանց անհայտ տեսակի դեպքում համեմատելու նյութ պարզապես չկա։ Մենք գիտենք, որ նրանք գոյություն են ունեցել, բայց չգիտենք՝ ինչ տեսք են ունեցել և ինչպես են կոչվել։
Ինչպե՞ս են նրանց հայտնաբերել՝ առանց որևէ ոսկորի
Նման հետազոտությունների ժամանակ սովորաբար անհրաժեշտ է վերծանել հնագույն մարդկանց ԴՆԹ-ն պահպանված մնացորդներից։ Սակայն Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մշակել են մեկ այլ մեթոդ։ Նրանց աշխատանքը հրապարակվել է հեղինակավոր Science գիտական ամսագրում, իսկ մեթոդը ստացել է TRACE անվանումը։ Այն չի փորձում նմանություններ գտնել բրածո մնացորդներից ստացված ԴՆԹ-ի հետ, այլ վերականգնում է գենոմի առանձին հատվածների ծագման պատմությունը՝ կարծես յուրաքանչյուր հատվածի համար առանձին տոհմածառ կազմելով։

Մեթոդի տրամաբանությունը պարզ է․ եթե ԴՆԹ-ի որևէ հատված շատ հին ծագում ունի և նման չէ ո՛չ նեանդերթալյան, ո՛չ էլ դենիսովյան ԴՆԹ-ին, ապա այն, ամենայն հավանականությամբ, եկել է մեկ այլ աղբյուրից։ Գիտնականները վերլուծել են ժամանակակից մարդկանց հարյուրավոր գենոմներ և հենց այդպիսի «օտար» հատվածներ էլ հայտնաբերել։
Նախնիներից մեկի հետքը կա Երկրի բոլոր մարդկանց ԴՆԹ-ում
Ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն այն է, որ «ուրվականային» գծերից մեկի հետքերը կան Երկրի գրեթե յուրաքանչյուր մարդու ԴՆԹ-ում։ Նրա գեները մեր նախնիներին են փոխանցվել դեռ այն ժամանակ, երբ մարդիկ չէին սկսել Աֆրիկայից դուրս տարածվել։ Այդ պատճառով էլ այդ գեները մարդկանց հետ միասին տարածվել են ամբողջ աշխարհում։
Մինչ այժմ գիտնականները վիճում էին՝ այդ հնագույն գենետիկական խառնուրդը միայն աֆրիկացիների մո՞տ է հանդիպում, թե՞ բոլոր մարդկանց։ Այժմ պատկերը շատ ավելի հստակ է․ այն կա բոլորիս մոտ։ Հետազոտողների գնահատմամբ՝ այս «ուրվականային» գծից մեզ հասած ԴՆԹ-ն կազմում է յուրաքանչյուր մարդու գենոմի մոտ 0,5–1%-ը։ Դա մոտավորապես համեմատելի է նեանդերթալյան ԴՆԹ-ի մասնաբաժնի հետ։ Իսկ այդ գիծը մեր գծից առանձնացել է մոտ 800 հազար տարի առաջ՝ մոտավորապես այն ժամանակ, երբ միմյանցից բաժանվել են նաև նեանդերթալցիների և դենիսովցիների նախնիները։
Երկրորդ նախնու գեները մեզ են հասել դենիսովցիների միջոցով
Երկրորդ հայտնագործությունն ավելի ուշագրավ է։ Գիտնականները հայտնաբերել են շատ ավելի հին գենետիկական գծի հետքեր, որը նրանք անվանում են «սուպերարխայիկ»։ Այն շատ ավելի հին է․ այս գիծը մեր գծից առանձնացել է մոտ 1,8 միլիոն տարի առաջ։
Սակայն նրա գեները մեզ չեն հասել անմիջապես։ Ամենայն հավանականությամբ, այդ հնագույն մարդկանց խումբը նախ խաչասերվել է դենիսովցիների հետ, իսկ ավելի ուշ նրա ԴՆԹ-ի որոշ հատվածներ դենիսովյան գեների միջոցով փոխանցվել են ժամանակակից մարդկանց։ Այդ պատճառով էլ այդպիսի հետքեր հիմնականում հանդիպում են Օվկիանիայի բնակիչների մոտ՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներում, որտեղ դենիսովյան ԴՆԹ-ի մասնաբաժինը հատկապես մեծ է։
Ընդ որում՝ այդ ժառանգությունը կարող էր նաև օգտակար լինել։ Հայտնի է, որ դենիսովցիներից փոխանցված գենային տարբերակներից մեկն օգնել է Ամերիկայի բնիկ բնակիչներին գոյատևել։ Ստացվում է յուրօրինակ գենետիկական փոխանցում․ մի հնագույն խումբ իր գեների մի մասը փոխանցել է մյուսին, իսկ այդ խումբն էլ՝ արդեն մեզ։

Իրականում ովքե՞ր էին այդ նախնիները
Ամենահետաքրքիր հարցը դեռ անպատասխան է․ ովքե՞ր էին այդ «ուրվականային» նախնիները։ Գենետիկական տվյալները ցույց են տալիս, որ նման գծեր իսկապես գոյություն են ունեցել, սակայն առայժմ անհնար է վստահ ասել, թե կոնկրետ որ տեսակներին են դրանք պատկանել։
Առաջին «ուրվականային» գծի հնարավոր թեկնածուների թվում նշվում են Homo ցեղի հնագույն խմբեր, այդ թվում՝ աֆրիկյան Homo heidelbergensis-ի՝ Հայդելբերգյան մարդու պոպուլյացիաները։ Իսկ սուպերարխայիկ նախնու հնարավոր թեկնածու է համարվում Homo erectus-ը՝ ուղղաձիգ մարդը։ Սակայն առայժմ դրանք միայն ենթադրություններ են։ Հայտնաբերված գեները որևէ կոնկրետ տեսակի հետ վստահորեն կապել դեռ հնարավոր չէ։ Բացառված չէ նաև, որ այդ հնագույն մարդկանց որոշ խմբեր ընդհանրապես տեղ չեն գտել մեզ հայտնի բրածոների պատմության մեջ, և նրանց ոսկորները մենք գուցե երբեք էլ չհայտնաբերենք։
Ընդհանուր առմամբ՝ նեանդերթալցիներից, դենիսովցիներից և «ուրվականային» գծերից մեզ հասած ամբողջ արխայիկ գենետիկական ժառանգությունը կազմում է մեր գենոմի մոտ 2%-ը։ Թիվը մեծ չէ, բայց այդ գեները պարզապես անպետք մնացորդներ չեն։ Դրանցից շատերը կապված են իմունային համակարգի և նյութափոխանակության հետ և, հավանաբար, օգնել են հնագույն մարդկանց հարմարվել նոր միջավայրերին, հիվանդություններին և սննդին։ Իսկ թե ինչպես են դրանք ազդում մեզ վրա այսօր, գիտնականները դեռ շարունակում են պարզել։
«Ուրվականային» նախնիների ինքնությունը բացահայտելու համար գիտնականներին անհրաժեշտ են ժամանակակից մարդկանց գենոմների ավելի բազմազան տվյալների բազաներ և հնագույն ԴՆԹ-ի նոր նմուշներ՝ հատկապես Աֆրիկայից և Ասիայից։ Դրանք կարող են օգնել հասկանալ, թե երբ և որտեղ են տեղի ունեցել այդ խաչասերումները և ովքեր էին այն առեղծվածային հնագույն մարդիկ, որոնց ԴՆԹ-ն մինչ օրս ապրում է մեզանից յուրաքանչյուրի մեջ։








