108-ամյա Սյուզան Յանգ Բրաունը մինչ օրս հաճույքով վարում է իր կապույտ Subaru-ն։ Վերջերս նա նույնիսկ երկարաձգել է վարորդական իրավունքի ժամկետը՝ մինչև 2033 թվականը։
Նա միայնակ է ապրում սեփական տանը, ամեն օր մարզվում է, սիրային վեպեր է կարդում, սիրում է պարել և մարդկանց հետ շփվել։
«Չգիտեմ՝ ինչու եմ այսքան երկար ապրել։ Պարզապես միշտ փորձել եմ հոգ տանել իմ մասին»,- Today.com-ին տված հարցազրույցում ասել է Բրաունը։
Նա նաև պատմել է այն հինգ պարզ սովորությունների մասին, որոնք, իր կարծիքով, օգնել են իրեն հասնել այս տարիքին և պահպանել թե՛ ֆիզիկական ուժը, թե՛ մտքի պայծառությունը։
1. Շատ շարժվեք
Բրաունը համոզված է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն իր երկարակեցության կարևոր պատճառներից մեկն է։
Ամեն առավոտ նա պառկում է հատակին և մոտ տասը րոպե տարբեր վարժություններ կատարում՝ ձգում է մարմինը, ամրացնում մկանները և մարզում հավասարակշռությունը։
Նա նաև աթոռով պարային մարզումների է մասնակցում և շաբաթը երեք անգամ ինքն է մեքենայով գնում պարապմունքների։
Մարզումներն իսկապես արդյունք են տվել․ 108 տարեկանում Բրաունը քայլում է առանց ձեռնափայտի կամ քայլակի։
2. Առողջ սնվեք
Բրաունն ասում է, որ իր սիրելի մթերքներից են հավի միսն ու մրգերը։
Նա գրեթե ամեն օր խնձոր է ուտում, սիրում է նաև դեղձ և հապալաս։ Առավոտյան սովորաբար խմում է մեկ բաժակ սև սուրճ, ուտում վաֆլի և խմում լոռամրգի հյութ։
Միևնույն ժամանակ նա խուսափում է տապակած սննդից։
«Իհարկե, ես այն սիրում եմ, բայց գիտեմ, որ չպետք է ուտեմ, դրա համար էլ չեմ ուտում»,- ասում է նա։
Բրաունը նաև ալկոհոլ չի օգտագործում և հրաժարվել է շաքարից։
Այս կենսակերպը, ըստ ամենայնի, իր արդյունքը տվել է։ 108 տարեկանում նա ընդամենը մեկ դեղ է ընդունում՝ զարկերակային ճնշումը վերահսկելու համար։
3. Պահպանեք ձեր ինքնուրույնությունը
«Առողջ կյանքով ապրելու համար մարդը պետք է կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել»,- կարծում է Բրաունը։
Նրա համար անկախության կարևոր մաս են մեքենա վարելն ու սեփական տանն ինքնուրույն ապրելը։
4. Միշտ զբաղեցրեք ձեր միտքը
Բրաունը սիրում է կարդալ, հատկապես՝ սիրային վեպեր։ Նա հաճույքով նաև գլուխկոտրուկներ է լուծում և բառախաղեր խաղում։
Նա շարունակում է ակտիվ մասնակցել համայնքի կյանքին։ Հաճախում է եկեղեցի, շփվում Modern Maturity Center-ի այցելուների հետ և հանդիպում իր կանանց միության անդամներին։
«Նա շատ կազմակերպված մարդ է։ Միշտ հետևում է, որ ուր էլ գնա, իր հետ փոքրիկ օրացույց ունենա»,- պատմում է նրա որդին։
5. Ընդլայնեք ձեր մտահորիզոնը
Բրաունն աշխատել է Ալյասկայում և Հավայան կղզիներում, ինչպես նաև ճանապարհորդել է Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրազիլիայում և աշխարհի այլ երկրներում։








