Հոգեբանները վաղուց են խոսում այսպես կոչված «մութ եռյակի» մասին։ Այն ներառում է մարդկային բնավորության երեք տհաճ գիծ՝ հոգեպաթիա, նարցիսիզմ և մաքիավելիզմ։ Վերջինը ենթադրում է ուրիշներին սեփական շահի համար մանիպուլացնելու հակվածություն։
Սակայն հետազոտողները կարծում են, որ մարդու մութ կողմն այս երեք գծով չի սահմանափակվում։ Դրան կարելի է դասել նաև եսասիրությունը, սադիզմը, չարախնդությունը, վրեժխնդրությունը և մի շարք այլ հատկանիշներ։
Եվ հնարավոր է, որ այս ամենի հիմքում մեկ ընդհանուր աղբյուր լինի։
Ի՞նչ է անհատականության մութ գործոնը
2018 թվականին Գերմանիայի և Դանիայի հոգեբանները գիտական հետազոտության մեջ նկարագրեցին մի ընդհանուր գործոն, որը կարող է միավորել անհատականության տարբեր մութ գծերը։ Նրանք այն անվանեցին D՝ Dark Factor of Personality, այսինքն՝ անհատականության մութ գործոն։
Այս գաղափարը որոշ չափով հիշեցնում է ինտելեկտի ընդհանուր գործոնի մասին տեսությունը։
Ավելի քան մեկ դար առաջ անգլիացի հոգեբան Չարլզ Սփիրմանը նկատել էր, որ եթե մարդը լավ արդյունք է ցույց տալիս ճանաչողական թեստերից մեկում, հաճախ հաջող է կատարում նաև մյուսները։ Այդ դիտարկումից էլ առաջացավ ինտելեկտի ընդհանուր գործոնի գաղափարը։
Հետազոտողները ենթադրեցին, որ նման բան կարող է լինել նաև անհատականության մութ գծերի դեպքում։ Նարցիսիզմը, հոգեպաթիան, սադիզմն ու մաքիավելիզմը տարբեր կերպ են արտահայտվում, սակայն կարող են մասամբ բխել նույն խորքային հակվածությունից։
Կոպենհագենի համալսարանի հոգեբան Ինգո Ցետլերի խոսքով՝ անհատականության մութ կողմերը նույնպես ընդհանուր հիմք ունեն։ Ինչպես ինտելեկտի դեպքում, դրանք կարելի է դիտարկել որպես մեկ ներքին հակվածության տարբեր դրսևորումներ։
Ինը մութ գիծ՝ մեկ ընդհանուր հիմքով
Այս վարկածը ստուգելու համար գիտնականներն անցկացրին չորս հետազոտություն, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեց ավելի քան 2500 մարդ։
Մասնակիցներին տրվեցին հարցեր և պնդումներ, որոնց միջոցով չափվում էին անհատականության ինը մութ գծեր՝
- եսասիրություն,
- մաքիավելիզմ,
- բարոյական պատասխանատվությունից հեռացում,
- նարցիսիզմ,
- սեփական բացառիկության զգացում,
- հոգեպաթիա,
- սադիզմ,
- սեփական շահը ամեն ինչից վեր դասելու հակվածություն,
- չարամտություն։
Մասնակիցները պետք է նշեին, թե որքանով են համաձայն տարբեր պնդումների հետ։ Դրանցից մի քանիսը վերաբերում էին սեփական առանձնահատկության զգացմանը, նպատակին հասնելու համար ցանկացած բան ասելու պատրաստակամությանը, երբեմն անազնիվ ճանապարհ ընտրելու անհրաժեշտությանը և նույնիսկ այն մտքին, որ ուրիշներին ցավ պատճառելը կարող է հետաքրքիր լինել։
Դրանից հետո գիտնականները վիճակագրորեն վերլուծեցին ստացված պատասխանները։
Արդյունքները ցույց տվեցին, որ թվարկված գծերն իսկապես տարբեր են, բայց միաժամանակ որոշ չափով համընկնում են։ Դրանք կապող ընդհանուր հիմքը հենց մութ գործոնն է՝ D-ն։
Ինչպե՞ս է արտահայտվում D գործոնը
Տարբեր մարդկանց մոտ այն կարող է տարբեր ձևով դրսևորվել։
Մեկի դեպքում այն կարող է արտահայտվել նարցիսիզմով, մյուսի մոտ՝ հոգեպաթիայով, իսկ մեկ ուրիշի դեպքում՝ միաժամանակ մի քանի մութ գծերի համադրությամբ։
Սակայն D գործոնի բարձր ցուցանիշը նշանակում է, որ մարդու վարքում մեկ կամ մի քանի նման գծերի դրսևորման հավանականությունն ավելի մեծ է։
Հետագա տարիներին գիտնականները շարունակեցին ուսումնասիրել այս գործոնը, և նոր արդյունքները գնալով ավելի մտահոգիչ դարձան։
Անհատականության ամենակայուն ցուցանիշներից մեկը
2021 թվականին Social Psychological and Personality Science գիտական հանդեսում հրապարակված երկարաժամկետ հետազոտության ընթացքում գիտնականները չորս տարի հետևել են ավելի քան 1200 չափահաս մարդու։
Պարզվել է, որ D գործոնն անհատականության ուսումնասիրված բոլոր ցուցանիշներից ամենակայունն էր։ Այն ժամանակի ընթացքում ավելի քիչ էր փոխվում, քան առանձին մութ գծերը՝ օրինակ նարցիսիզմը կամ հոգեպաթիան։
Այլ կերպ ասած՝ ինչ էլ որ իրականում արտացոլի այս գործոնը, այն, ըստ ամենայնի, բավական խորն է արմատավորված մարդու անհատականության մեջ։
D գործոնը և մասնագիտության ընտրությունը
Ավելի ուշ անցկացված մեկ այլ հետազոտության մասնակցել է ավելի քան 8000 մարդ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դանիայից։ Գիտնականները փորձել են հասկանալ՝ արդյոք D գործոնը կապ ունի նաև մասնագիտության ընտրության հետ։
Պարզվել է, որ D-ի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ զգալիորեն ավելի հազվադեպ են աշխատում այնպիսի ոլորտներում, որտեղ աշխատանքը կապված է ուրիշների մասին հոգ տանելու հետ։ Խոսքը, օրինակ, դասավանդման, հիվանդների խնամքի կամ թերապիայի մասին է։
Նրանք նաև ավելի հազվադեպ էին ցանկություն հայտնում ապագայում աշխատել նման ոլորտներում։
Ստացվում է, որ առավել արտահայտված մութ գծեր ունեցող մարդիկ հաճախ իրենք են խուսափում այն աշխատանքից, որտեղ անհրաժեշտ է աջակցել, խնամել կամ օգնել ուրիշներին։
Մութ գծերը կարող են տարբեր լինել նաև հասարակությունից հասարակություն
Եվս մեկ ուշագրավ եզրակացություն ներկայացվեց 2025 թվականին Proceedings of the National Academy of Sciences գիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ ։
Գիտնականները ենթադրեցին, որ D գործոնի մակարդակը կարող է տարբեր լինել ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ հասարակությունների միջև։
Պարզվել է, որ ավելի թունավոր սոցիալական պայմաններ ունեցող երկրներում և ԱՄՆ նահանգներում հաճախ արձանագրվում էին մութ գծերի ավելի բարձր ընդհանուր ցուցանիշներ։
Սա չի նշանակում, որ D գործոնն անհատական և կայուն հատկություն չէ։ Սակայն արդյունքները ցույց են տալիս, որ միջավայրը նույնպես կարող է ազդել այն բանի վրա, թե որքան ուժեղ են մարդկանց մեջ արտահայտվում մութ գծերը։
Ինչո՞ւ է պետք ուսումնասիրել D գործոնը
Այս թեման գիտնականներին հետաքրքրում է ոչ միայն այն պատճառով, որ մարդկանց միշտ գրավել է սեփական մութ կողմը հասկանալու գաղափարը։
Հետազոտողների կարծիքով՝ D գործոնի մասին գիտելիքը կարող է օգտակար լինել հոգեբանության և թերապիայի համար։ Այն կարող է օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչու են որոշ մարդիկ վնասակար արարքներ գործում՝ սկսած բռնությունից և կանոնների խախտումից մինչև սուտ, խաբեություն բիզնեսում կամ չարաշահումներ պետական կառույցներում։
Ցետլերի խոսքով՝ ապագայում մարդու D գործոնի մասին տեղեկությունը կարող է դառնալ օգտակար գնահատման գործիք։ Օրինակ՝ այն կարող է օգնել հասկանալ, թե որքան հավանական է, որ տվյալ մարդը կրկին կխախտի կանոնները կամ վնաս կհասցնի ուրիշներին։
Առայժմ սա ոչ ախտորոշում է, ոչ էլ մարդու վրա դրվող պարզ պիտակ։
Սակայն գաղափարն ինքնին կարևոր է։ Հնարավոր է՝ մարդկային անհատականության ամենատհաճ գծերն առանձին և պատահական հատկանիշներ չեն, այլ մեկ ընդհանուր մութ միջուկի տարբեր դրսևորումներ։








