fbpx

Ինչպես են ապրում իսկապես երջանիկ մարդիկ. 88 տարվա գիտական դիտարկումների արդյունքները

1938 թվականից ի վեր Հարվարդի գիտնականները ուսումնասիրում են հարյուրավոր մարդկանց ու նրանց սերունդների կյանքը։ Սա երջանկության թեմայով պատմության մեջ ամենաերկարատև հետազոտությունն է։ 88 տարվա ընթացքում հավաքվել են հազարավոր հարցաթերթիկներ, բժշկական քարտեր և հարցազրույցներ։ Գլխավոր եզրակացությունը զարմացրել է նույնիսկ հենց գիտնականներին. պարզվում է՝ ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ էլ խելքը երջանիկ կյանքի գրավական չեն:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Երջանկության ամենաերկարատև հետազոտությունը

1938 թվականին՝ Մեծ դեպրեսիայի ամենաթեժ շրջանում, Հարվարդի համալսարանի գիտնականները մի խոշոր նախագիծ սկսեցին։ Նրանք ընտրեցին երիտասարդ սպիտակամորթ տղամարդկանց երկու խումբ՝ Հարվարդի 268 ուսանողների (արտոնյալ խավ) և Բոստոնի ամենաաղքատ թաղամասերում ապրող 456 դեռահասների։ Ի դեպ, առաջին խմբում էր նաև ԱՄՆ ապագա նախագահ Ջոն Քենեդին։

Նախագիծը կոչվում է «Հասուն մարդկանց զարգացման հարվարդյան հետազոտություն» (Harvard Study of Adult Development)։ 88 տարվա ընթացքում այն ղեկավարել են չորս տարբեր տնօրեններ, իսկ մասնակիցների թիվը հարյուրներից հասել է հազարների։ Ժամանակի ընթացքում ծրագրին միացել են նաև առաջին մասնակիցների կանայք ու երեխաները՝ երկրորդ սերնդի ավելի քան 1300 ներկայացուցիչ։ Ներկայումս նախագիծը ղեկավարում է հոգեբույժ Ռոբերտ Ուոլդինգերը։

Նման տևողությունը գրեթե աննախադեպ է։ Երկարաժամկետ հետազոտությունների մեծ մասը սովորաբար ավարտվում է մոտ տասը տարուց, քանի որ մասնակիցները պարզապես դադարում են հաճախել դրանց։ Իսկ Հարվարդի այս ծրագիրը շատ քիչ կորուստներ է ունեցել, ինչն էլ հավաքագրված տվյալները դարձնում է չափազանց արժեքավոր։

Ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար

Նախագծի մեկնարկին գիտնականները վստահ էին, որ մարդու առողջությունն ու հաջողությունը կախված են նրա ֆիզիկական տվյալներից, ինտելեկտից և գենետիկայից։ Առաջին հետազոտողները չափում էին մասնակիցների գանգերը, ուսումնասիրում նրանց ձեռագիրն ու գրանցում ներքին օրգանների աշխատանքը։

Սակայն տասնամյակների դիտարկումները բոլորովին այլ պատկեր ցույց տվեցին։ Երբ թիմն ամփոփեց 50-ն անց մասնակիցների տվյալները, պարզվեց, որ երկարակեցության գլխավոր նախապայմանը ոչ թե խոլեստերինի ցածր մակարդակն է կամ լավ գենետիկան, այլ այն, թե որքանով է մարդը գոհ իր հարաբերություններից՝ զուգընկերոջ, ընկերների ու ընտանիքի անդամների հետ։

Նրանք, ովքեր միջին տարիքում բավարարված էին իրենց շրջապատով ու մտերիմներով, 80 տարեկանում անհամեմատ ավելի առողջ էին, հազվադեպ էին հիվանդանում և շատ ավելի արագ էին ապաքինվում։ Ինչպես նշում է Ուոլդինգերը. «Սկզբում մենք ինքներս չէինք հավատում այդ տվյալներին»։

Ինչպես է հարաբերությունների որակն ազդում առողջության և երկարակեցության վրա

Հետազոտության ամենահետաքրքիր արդյունքներից մեկը վերաբերում է ամուսնությանը։ 2010 թվականին Ուոլդինգերն ու կլինիկական հոգեբան Մարկ Շուլցն ուսումնասիրեցին 80-ն անց 47 ամուսնական զույգերի։ Պարզվեց, որ նրանք, ովքեր երջանիկ էին իրենց ընտանեկան կյանքում, շատ ավելի հեշտ էին հաղթահարում ֆիզիկական ցավը. անգամ ուժեղ ցավերի դեպքում նրանց տրամադրությունը կայուն էր մնում։ Իսկ ահա դժբախտ ամուսնության մեջ գտնվողների մոտ ֆիզիկական ցավն ավելի էր սրում հոգեկան տառապանքները։

Այլ կերպ ասած՝ առողջ ու ներդաշնակ հարաբերությունները ծառայում են որպես պաշտպանիչ վահան՝ ընդդեմ սթրեսի, տագնապի և ծերացման հետ կապված ֆիզիկական խնդիրների։ Սա հաստատվում է ոչ միայն Հարվարդի տվյալներով. այլ ուսումնասիրություններ ևս ապացուցում են, որ սոցիալական կապերը օգնում են պահպանել պայծառ միտքը տարիքի հետ և դանդաղեցնում են ուղեղի ծերացումը։

Ընդ որում, կարևորը ոչ թե շփումների քանակն է, այլ դրանց որակը։ Ինչպես բացատրում է Ուոլդինգերը, բազմաթիվ մարդկանցով շրջապատված լինելը դեռևս չի փրկում միայնությունից։ Շատ ավելի կարևոր է կողքին ունենալ մարդկանց, որոնց վրա կարող ես հույս դնել, և պահպանել հարաբերություններ, որոնք ջերմություն ու աջակցություն են տալիս։

ԿԱՐԵՎՈՐ Է ՆՇԵԼ. Հետազոտությունը չի պնդում, որ միայն լավ հարաբերություններն են երջանկության կամ քաջառողջության միակ պատճառը։ Խոսքը փոխադարձ կապի մասին է, որը տարիների ընթացքում շարունակաբար հաստատվել է վիճակագրությամբ։ Բայց այդ օրինաչափությունն այնքան ակնհայտ է, որ անհնար է այն անտեսել։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Որքանով է վտանգավոր միայնությունն առողջության համար

Այս բացահայտման հակառակ կողմը ոչ պակաս տպավորիչ է։ Միայնությունը և սոցիալական մեկուսացումը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության համար։ Համաձայն մի խոշոր վերլուծության, որն ամփոփել է ավելի քան 3,4 միլիոն մարդու տվյալներ, միայնությունն ու սոցիալական մեկուսացումը մոտ 26–32%-ով մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեկուսացումը կարող է բառացիորեն փոխել ուղեղի կառուցվածքն ու աշխատանքը։ Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2025 թվականի իր հատուկ զեկույցում միայնությունն անվանել է «մեր ժամանակների գլխավոր մարտահրավերը». ըստ ԱՀԿ-ի գնահատականների՝ մոլորակի յուրաքանչյուր վեցերորդ մարդը տառապում է միայնությունից։

Ուոլդինգերը շատ հստակ է ձևակերպում այս միտքը.

«Միայնությունը սպանում է։ Դրա կործանարար ազդեցությունը կարելի է համեմատել ծխելու կամ ալկոհոլիզմի հետ»։

Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ իրական վիճակագրություն, որն ապացուցում է՝ խրոնիկ միայնակ մարդիկ իրականում ավելի կարճ են ապրում։

Կարդացեք նաև՝ 🌱 Ուսումնասիրություն. Երեխաները կյանքին իմաստ են տալիս, բայց չեն երաշխավորում երջանկությունը

Ինչ են ասում քննադատները երջանկության այս հետազոտության մասին

Չնայած իր ողջ մասշտաբայնությանը, Հարվարդի հետազոտությունը անթերի չէ։ Քննադատները միանգամայն արդարացիորեն մատնանշում են մի քանի թույլ կողմեր.

  • Մասնակիցների միատարրությունը. Սկզբնական շրջանում ուսումնասիրվել են միայն միևնույն քաղաքում ապրող սպիտակամորթ տղամարդիկ։ Ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք այս արդյունքները կարելի է կիրառել բոլորի դեպքում։
  • Սուբյեկտիվ մոտեցում. «Լավ հարաբերություններ» և «բավարարվածություն» հասկացությունները չափազանց դժվար է օբյեկտիվորեն գնահատել։ Դրանք զուտ անձնական զգացողություններ են, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոխվել։
  • Պատճառահետևանքային կապի բարդությունը. Մարդու հուզական վիճակն ուղղակիորեն կապել կոնկրետ հիվանդությունների հետ բավականին բարդ խնդիր է, և վիճակագրական համընկնումը դեռևս չի նշանակում հստակ պատճառահետևանքային կապ։

Ճիշտ է, վերջին տարիներին մասնակիցների կազմը բազմազան է դարձել. այժմ ներգրավված են կանայք, մասնակիցների երեխաները և տարբեր սոցիալական ու էթնիկ խմբեր ներկայացնող ավելի քան 1700 հոգի։ Սակայն առաջին տասնամյակների եզրակացությունները դեռևս հիմնված են այդ սկզբնական, սահմանափակ խմբի վրա։

Այնուամենայնիվ, հենց դիտարկումների տևողությունն ու խորքայնությունն են այս հետազոտությունը դարձնում բացառիկ։ Մինչ օրս ոչ մեկին չէր հաջողվել հետևել նույն մարդկանց ամբողջ կյանքի ընթացքում՝ երիտասարդությունից մինչև խոր ծերություն։

Ինչպես դառնալ երջանիկ մարդ

Ուոլդինգերի և Շուլցի «Լավ կյանք» (The Good Life) գիրքը, որը հիմնված է այս հետազոտության վրա, դարձել է The New York Times-ի բեսթսելլեր։ Իսկ Ուոլդինգերի ելույթը TED հարթակում հավաքել է ավելի քան 42 միլիոն դիտում և համարվում է պատմության մեջ ամենադիտված TED ելույթների տասնյակից մեկը։

Սա վկայում է այն մասին, որ թեման իսկապես հուզում է մարդկանց. բոլորն էլ ուզում են հասկանալ՝ ինչպես ապրել լիարժեք ու երջանիկ կյանքով։

88 տարվա ուսումնասիրությունների գործնական արդյունքները թվում են անհավանական պարզ.

  • Ժամանակ և էներգիա ներդրեք հարաբերությունների մեջ՝ լինի դա ընտանիքի, ընկերների, գործընկերների, թե անգամ հարևանների հետ։ Նույնիսկ թեթև, բայց ջերմ ամենօրյա շփումները մեծ նշանակություն ունեն։
  • Որակն ավելի կարևոր է, քան քանակը. մի քանի իրական, հարազատ մարդիկ շատ ավելի արժեքավոր են, քան հարյուրավոր մակերեսային ծանոթները։
  • Երբեք ուշ չէ սկսել. հետազոտության մասնակիցների թվում կային մարդիկ, ովքեր իրենց իսկական ընկերներին ու կյանքի սերը գտել էին 70 կամ 80 տարեկանում։
  • Ինտրովերտներին ևս հարաբերություններ են պետք՝ պարզապես շատ ավելի փոքր շրջապատով։ Պետք չէ շփոթել միայնությունը ինտրովերտության հետ։

Հետազոտությունն արդեն թևակոխել է իր իններորդ տասնամյակը և դեռ շարունակվում է։ Այժմ հեղինակներն ուսումնասիրում են, թե ինչպես է մանկության տարիների փորձն ազդում հասուն տարիքի առողջության վրա, ինչպես են ծնողների հարաբերություններն անդրադառնում երեխաների կյանքի վրա և ինչպես են նոր սերունդները կառուցում իրենց կյանքը թվային դարաշրջանում։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ինչպես են ապրում իսկապես երջանիկ մարդիկ. 88 տարվա գիտական դիտարկումների արդյունքները
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների գաղտնի ֆանտազիաները. ինչի՞ մասին են նրանք երազում իրականում
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց