fbpx

Ամսվա օրը, երբ ծնվել եք. ի՞նչ կարող է այն պատմել ձեր բնավորության մասին

Շատերը համոզված են, որ մարդու վրա ազդում է ոչ միայն կենդանակերպի նշանը, այլև բուն ծննդյան օրը։ Նումերոլոգիայում այն կարևոր ուղենիշ է համարվում։ Ծննդյան թիվը կարող է հուշել ձեր ուժեղ կողմերի, սովորությունների, թաքնված վախերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես եք ձեզ դրսևորում սիրո, ընկերության և առօրյա կյանքում։ Գտեք ձեր թիվը և պարզեք, թե ինչ կարող է այն պատմել հենց ձեր մասին։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նումերոլոգիան ոչ թե ճշգրիտ գիտություն է, այլ հիմնված է թվերի խորհրդանիշների ու հնագույն մեկնաբանությունների վրա։ Հենց այս պատճառով են նման վերլուծություններն այդքան սիրված. դրանցում հեշտությամբ կարող եք ճանաչել ինքներդ ձեզ, ձեր ընկերուհուն, զուգընկերոջը կամ մայրիկին։ Ծննդյան օրն ընկալվում է որպես յուրօրինակ անձնական կոդ, որն ընդգծում է մարդու բնավորության հիմնական գծերը։ Մեկը մանկուց ձգտում է առաջնորդության, մյուսն ամեն ինչ իր ներսում է պահում, ոմանք ապրում են սրտի թելադրանքով, իսկ ոմանք էլ նախապատվությունը տալիս են սառը հաշվարկին։

Նումերոլոգիայի կողմնակիցները վստահ են՝ այս ամենը մեծամասամբ պարզ է դառնում հենց այն օրվանից, երբ մարդը լույս աշխարհ է գալիս։

Կարևոր է այս մեկնաբանություններն ընդունել ոչ թե որպես վերջնական դատավճիռ, այլ որպես հետաքրքիր հուշում։ Միևնույն թիվը կարող է դրսևորվել տարբեր կերպ. ավելի մեղմ, երբ մարդն իր հետ ներդաշնակ է, և ավելի սուր, եթե նա հոգնած է, տագնապած կամ մշտական լարվածության մեջ է ապրում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր թիվ ունի իր ընդհանուր տրամադրությունը, որը հաճախ զարմանալիորեն դիպուկ է լինում։

Ի՞նչ է նշանակում ձեր ծննդյան օրն ըստ նումերոլոգիայի

1-ին

Ամսվա 1-ին ծնված մարդիկ հաճախ ուժեղ և ինքնաբավ անձնավորության տպավորություն են թողնում։ Նրանք սիրում են զգալ, որ անձամբ են կառավարում իրենց կյանքը, տանել չեն կարողանում ճնշումը և առանձնապես չեն սիրում, երբ իրենց թելադրում են անելիքը։ Նրանց բնավորության մեջ վառ արտահայտված են նպատակասլացությունն ու գոնե ինչ-որ հարցում առաջինը լինելու ցանկությունը։ Սակայն արտաքին վստահության տակ հաճախ թաքնված է խոցելիություն քննադատության հանդեպ։ Նրանց համար շատ կարևոր է հարգված լինելը։

2-ին

Ամսվա 2-ին ծնվածները շատ նրբորեն են զգում դիմացինի տրամադրությունը։ Նրանք հիանալի դիվանագետներ են, կարողանում են հարթել սուր անկյունները, գնահատում են մտերմությունն ու հաճախ դառնում այն մարդը, ում մոտ շտապում են աջակցություն գտնելու ակնկալիքով։ Սրանք «մեղմ ուժի» տեր մարդիկ են. արտաքուստ հանգիստ են, բայց ունեն խորը ու հարուստ ներաշխարհ։ Նրանց թույլ կետն ուրիշների կարծիքից չափազանց մեծ կախվածությունն ու բոլորին դուր գալու ցանկությունն է։

3-ին

Այս մարդիկ աչքի են ընկնում կենսուրախությամբ, հումորի զգացումով և ուշադրություն գրավելու ձիրքով։ Նրանք շփվող են, ստեղծագործ, սիրում են շարժումն ու նոր տպավորությունները։ Նրանց համար խիստ կարևոր է ինքնադրսևորվելը՝ խոսքի, ոճի, արվեստի կամ հետաքրքիր գաղափարների միջոցով։ Որպես կանոն, հենց նրանք են դառնում ընկերական շրջապատի հոգին։ Բայց կա նաև հակառակ կողմը՝ նրանք կարող են շատ արագ ոգևորվել և նույնքան արագ էլ կորցնել հետաքրքրությունը։

4-ին

Գործնական են, հուսալի և հավաքված։ Այս թվի տակ ծնված մարդիկ սիրում են կարգուկանոն, հստակություն և կանխատեսելիություն։ Նրանց վրա կարելի է վստահորեն հենվել. նրանք խոսքերը քամուն չեն տալիս և համբերատար գնում են դեպի իրենց նպատակը։ Կյանքում նրանց համար շատ կարևոր է ոտքերի տակ ամուր հող զգալը։ Երբեմն կարող են չափազանց խիստ կամ փակ թվալ, բայց դրա տակ թաքնված է ոչ թե սառնություն, այլ իրենց գործի հանդեպ չափազանց լուրջ վերաբերմունք։

5-ին

5 թիվը խորհրդանշում է փոփոխություններ, ազատություն և կյանքի ծարավ։ Այս մարդիկ տանել չեն կարողանում ձանձրույթը, միշտ նորություն են որոնում, արագ են կողմնորոշվում, հեշտությամբ են հարմարվում իրավիճակին և կարող են արկածներ գտնել անգամ ամենասովորական օրը։ Հմայիչ են ու աշխույժ, բայց երբեմն՝ անկայուն։ Նրանց անհնար է պահել այնտեղ, որտեղ չկա հետաքրքրություն ու առաջընթացի հեռանկար։

6-ին

Սա ջերմության, հոգատարության և գեղեցկության թիվն է։ Ամսվա 6-ին ծնվածները մշտապես ձգտում են ներդաշնակության, գնահատում են հարմարավետությունն ու ջերմ մարդկային հարաբերությունները։ Նրանք գիտեն սիրել, աջակցել և տանը խաղաղ մթնոլորտ ստեղծել։ Հաճախ մտերիմների հանդեպ պատասխանատվության սուր զգացում ունեն։ Հենց այդ պատճառով նրանց համար ամենադժվարը մյուսներին փրկելը դադարելն ու վերջապես իրենց մասին հոգ տանել սկսելն է։

7-ին

7-ի տակ ծնված մարդիկ հաճախ շատ ավելի խորն են, քան փորձում են երևալ։ Նրանք դիտողունակ են, խելացի, հակված են վերլուծությունների, գնահատում են անձնական տարածքն ու չեն սիրում ավելորդ աղմուկ։ Նրանց ժամանակ է պետք մենակ մնալու և ամեն ինչ իմաստավորելու համար։ Հնարավոր է՝ հետաքրքրվեն հոգեբանությամբ, միստիկայով կամ պարզապես սիրեն փորփրել ու հասնել ամեն ինչի բուն էությանը։ Նրանց հիմնական խնդիրը փակվածությունն է ու զգացմունքները խորը թաքցնելու սովորությունը։

8-ին

Սա ուժի, կարգավիճակի և հստակ արդյունքի էներգիա է։ 8-ին ծնվածները հիմնականում մասշտաբային մտածողություն ունեն, կարողանում են նպատակներ դնել և հասնել դրանց։ Նրանք սիրում են կառավարել իրավիճակը, գնահատում են հաջողությունն ու չեն վախենում պատասխանատվությունից։ Նրանք ներքին ամուր առանցք ունեն, որը երբեմն նրանց չափազանց կոշտ է դարձնում։ Այս մարդկանց համար կարևոր է սովորել ոչ միայն հաղթել, այլև թուլանալ ու հանգստանալ։

9-ին

9-ը կապված է էմոցիոնալ խորության, առատաձեռնության և ներքին հասունության հետ։ Այս մարդիկ հաճախ չափազանց մարդասեր են, հասկացող ու մեծահոգի։ Նրանք ավելին են զգում, քան արտահայտում են բառերով, և տեսնում են ուրիշի ցավը։ Նրանց ձգում են արվեստն ու խորը ապրումները։ Երբեմն նրանց համար դժվար է լինում բաց թողնել անցյալը կամ չձուլվել ուրիշների խնդիրներին։

10-ին

Այս թվի մեջ միահյուսված են առաջնորդությունն ու ճկունությունը։ Նման մարդիկ կարողանում են աչքի ընկնել, բայց հաճախ գործում են ավելի խելացի ու նուրբ, քան թվում է կողքից։ Նրանք ունեն վառ խարիզմա, ինքնուրույն են և կարողանում են արագ որոշումներ կայացնել։ Սիրում են ազատություն և տանել չեն կարողանում կոշտ սահմանափակումները։ Ներքուստ միշտ կարիք ունեն ապացուցելու, որ ընդունակ են շատ ավելիին։

11-ին

Այս թիվը հաճախ կապում են ինտուիցիայի և առանձնահատուկ ընկալունակության հետ։ 11-ին ծնվածները նրբորեն զգում են մթնոլորտը, ենթատեքստն ու մարդկանց տրամադրությունը։ Նրանք ունեն հարուստ ներաշխարհ ու վառ երևակայություն։ Թվում է՝ նրանք կյանքն ավելի սուր են ընկալում, քան մյուսները։ Սակայն դրա հետ մեկտեղ գալիս են տագնապայնությունը, խոցելիությունն ու էմոցիոնալ վայրիվերումները։

12-ին

Այս մարդիկ սովորաբար կարողանում են հիանալի համատեղել թեթևությունն ու դիտողունակությունը։ Նրանք շփվող են, գիտեն ինչպես իրենց մատուցել և լավ են հասկանում մարդկանց տեսակները։ Նրանք կարող են օժտված լինել հռետորական ձիրքով, լինել հմուտ բանակցողներ և ունենալ հիանալի հումոր։ Ընդ որում, երբեմն չափազանց շատ են մտահոգվում այն մասին, թե ինչ տպավորություն են թողնում դիմացինի վրա։

13-ին

Չնայած այս թվի վատ համբավին, նումերոլոգիայում այն խոսում է ուժեղ բնավորության և լուրջ դժվարությունների միջով անցնելու ունակության մասին։ Սրանք մարդիկ են, ովքեր կարողանում են վերականգնվել, նորից ոտքի կանգնել ու գոյատևել այնտեղ, որտեղ մյուսները հանձնվում են։ Նրանց մեջ ահռելի ներքին ուժ կա, թեև դեպի ներդաշնակություն տանող ճանապարհը երբեմն փշոտ է լինում։ Նրանք հազվադեպ են մակերեսային լինում։

14-ին

Սա ազատության և ներքին անհնազանդության թիվ է։ 14-ին ծնվածները չեն հանդուրժում միապաղաղություն և հաճախ ապրում են այնպես, կարծես ստանդարտ սցենարներն իրենց համար չեն։ Նրանք հմայիչ են, ճկուն, սիրում են տպավորությունների փոփոխություն, բայց կարող են նաև իմպուլսիվ լինել։ Նրանց գլխավոր խնդիրն ազատությունն ու կայունությունը ճիշտ համատեղել սովորելն է։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

15-ին

Այս թիվն ունի մեղմ ու գրավիչ էներգետիկա։ Նման մարդիկ հաճախ շատ են սիրվում շրջապատի կողմից, գիտեն ինչպես հմայել ու ջերմություն ստեղծել։ Նրանք ձգտում են գեղեցկության, սիրո և հուզական մտերմության։ Նրանց մեջ միահյուսված են քնքշությունն ու ներքին ուժը։ Բայց երբեմն նրանք չափազանց շատ են կառչում իրենց սիրելիներից և կարող են երկար հանդուրժել մի բան, որը վաղուց պետք էր բաց թողնել։

Տես նաև՝ Ձեր ծննդյան ամսաթիվը պատմում է Ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին: Կարդացեք ձեր անձի գաղտնի կոդը

16-ին

Այս թիվը հաճախ ասոցացվում է կյանքի լուրջ դասերի հետ։ 16-ին ծնված մարդիկ կարող են լինել չափազանց խելացի, խորաթափանց և լուրջ։ Նրանք չեն սիրում մակերեսայնություն, տեսնում են մարդկանց թաքնված շարժառիթները։ Հաճախ անցնում են հիասթափությունների միջով, որոնք նրանց ավելի իմաստուն են դարձնում։ Արտաքուստ հանգիստ են, բայց ներսում խորը ապրումներ ունեն։

17-ին

Որպես կանոն, այս թիվը տալիս է հավակնոտություն, գործնականություն և մարդկանց դուր գալու ձիրք։ Նրանք հիանալի համատեղում են անձնական հմայքը կյանքի հանդեպ սթափ հայացքի հետ։ Նրանք պարզապես չեն երազում, այլ կոնկրետ արդյունքի են հասնում։ Նրանց համար կարևոր է զգալ իրենց ջանքերի արժեքը և վայելել հարգանք։ Հաճախ հիանալի գործարար հոտառություն են ունենում։

18-ին

Սրանք զգացմունքային, ուժեղ, բայց բարդ բնավորությամբ մարդիկ են։ Նրանք ունեն վառ խառնվածք, հարուստ ինտուիցիա և անարդարության հանդեպ չափազանց սուր զգացում։ Շրջապատում կատարվող ամեն ինչի հանդեպ նրանց արձագանքը շատ բուռն է լինում։ Կարողանում են խորը սիրել, բայց և երկար ժամանակով ոխ պահել։ Այս թվի տակ հաճախ ծնվում են մարդիկ, որոնց բնավորության մեջ համատեղվում են մեղմությունն ու փոթորիկը։

19-ին

Այս մարդիկ մանկուց ձգտում են ապավինել միայն իրենց։ Նրանք ինքնուրույն են, հպարտ և տանել չեն կարողանում ուրիշներից կախված լինելը։ Նրանք ունեն վառ արտահայտված ներքին անկախություն և ցանկանում են ապրել միմիայն իրենց կանոններով։ Երբեմն կարող են շրջապատին չափազանց կտրուկ թվալ, բայց իրականում նրանք պարզապես մարդիկ են, որոնց համար կենսականորեն կարևոր է չկորցնել սեփական եսը։

20-ին

Ամսվա 20-ին ծնվածները սովորաբար շատ նուրբ և ընկալունակ են։ Նրանք համար գերխնդիր է հոգևոր անվտանգության զգացումն ու ներդաշնակ հարաբերությունները։ Նրանք ոչ միշտ են անմիջապես ցույց տալիս իրենց իրական բնավորությունը, բայց օժտված են սուր ինտուիցիայով։ Նրանց գլխավոր առանձնահատկությունը շատ ավելի խորը զգալու կարողությունն է, քան կարող է թվալ մյուսներին։

21-ին

Այս թիվը մարդկանց օժտում է թեթևությամբ, հմայքով և բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։ Նրանք հրաշալի զրուցակիցներ են, արագ են մտածում, սիրում են գտնվել իրադարձությունների կենտրոնում և գիտեն ինչպես դուր գալ։ Նրանց մեջ կա կենսուրախություն ու արտիստիզմ։ Բայց շատ կարևոր է նպատակային ուղղել էներգիան և այն չվատնել միանգամից շատ բաների վրա։

22-ին

Նումերոլոգիայում այն համարվում է ամենաուժեղ թվերից մեկը։ Այն ասոցացվում է մասշտաբային մտածողության, պատասխանատվության և մեծ գործեր կառուցելու կարողության հետ՝ ընդ որում, ոչ միայն կարիերայում։ Այս մարդիկ հեռատես են և չեն վախենում բարդ մարտահրավերներից։ Սակայն մեծ ուժի հետ հաճախ գալիս են ճնշվածությունը, սեփական անձի հանդեպ խիստ պահանջներն ու մշտական պատասխանատվությունից առաջացած հոգնածությունը։

23-ին

Սրանք չափազանց աշխույժ ու սրամիտ մարդիկ են։ Սիրում են ազատություն, նոր ծանոթություններ, հեշտությամբ ադապտացվում են և գրեթե երբեք տեղում չեն մնում։ Նրանց էներգիան ուղղակի վարակիչ է։ Նրանք կարողանում են գրավել բոլորի ուշադրությունն առանց առանձնահատուկ ջանքերի։ Սակայն հենց այս մարդկանց համար է ամենադժվարն ապրել խիստ ու նախապես պլանավորված գրաֆիկով։

24-ին

Սա ընտանիքի, հուսալիության և ջերմության թիվն է։ Նման մարդիկ գիտեն հոգ տանել, տան ջերմություն ստեղծել ու ճիշտ պահին կանգնել սիրելիների կողքին։ Հաճախ ունենում են նուրբ ճաշակ և պարտքի չափազանց սուր զգացում։ Երբեմն նրանք չափից շատ բան են վերցնում իրենց ուսերին՝ հատկապես մտերիմների խնդիրների հետ կապված։

25-ին

25-ին ծնվածների մեջ հիանալի կերպով համադրվում են խելքը, ինտուիցիան և զգուշավորությունը։ Նրանք շտապողականություն չեն սիրում. նախընտրում են նախ ուսումնասիրել, հասկանալ ու զգալ իրավիճակը։ Սրանք մարդիկ են, ովքեր գրեթե երբեք կույր քայլեր չեն անում, նույնիսկ եթե կողքից սպոնտան են թվում։ Նրանք չեն սիրում աղմկոտ ու բացահայտ անկեղծություն և իրենց մտերիմ շրջապատը շատ զգուշորեն են ընտրում։

26-ին

Սա պատասխանատվության և կազմակերպվածության թիվ է։ Նման մարդիկ չափազանց գործնական են, ուժեղ և նպատակասլաց։ Նրանք գիտեն ինչպես ճիշտ որոշումներ կայացնել և հաճախ ամուր հենարան են դառնում ուրիշների համար։ Սակայն նրանք չպետք է մոռանան, որ ուժը միշտ չէ, որ կոշտության մեջ է արտահայտվում։ Երբեմն պետք է թույլ տալ ինքդ քեզ թուլանալ, հանգստանալ և աշխարհին մի փոքր ավելի մեղմ աչքերով նայել։

27-ին

Այս թիվն աչքի է ընկնում հետաքրքիր համադրությամբ՝ ինտելեկտ, էմոցիաներ և ինտուիցիա։ 27-ին ծնվածները իմաստուն են, զգայուն և շատ դիտողունակ։ Նրանք անընդհատ ձգտում են գիտելիքների և սիրում են հասկանալ ամեն ինչի տրամաբանությունը։ Նրանց մեջ կա և՛ ռոմանտիկա, և՛ խորություն։ Բայց երբեմն նրանք չափազանց երկար են ապրում իրենց մտքերում և կտրվում իրականությունից։

28-ին

Սա ուժեղ անհատականությունների թիվ է, որոնց համար գերխնդիր է մնալ հավատարիմ սեփական ես-ին։ Անկախ են, աչքի ընկնող և տանել չեն կարողանում կեղծ դերեր խաղալը։ Կարող են լինել շատ համոզիչ ու էներգիայով լի։ Հաճախ հենց նրանք են կարողանում ամեն ինչ սկսել զրոյից և չեն վախենում փոխել խաղի կանոնները։ Բայց պետք է զգույշ լինեն՝ ուժը չշփոթելով ամեն ինչ վերահսկելու մոլուցքի հետ։

29-ին

Այս մարդիկ ունեն չափազանց նուրբ, զգայուն և էմոցիոնալ առումով բարդ հոգեբանություն։ Կարող են մեղմ թվալ, բայց իրականում նրանց ներսում ապրումների մի ամբողջ օվկիանոս է։ 29 թիվը հաճախ վկայում է ուժեղ էմպաթիայի և հարուստ ներաշխարհի մասին։ Նրանք շատ բան նախապես են զգում, բայց ոչ միշտ են կարողանում դա բառերով բացատրել։ Նրանց համար կենսականորեն կարևոր է խուսափել մշտական էմոցիոնալ գերբեռնվածությունից։

30-ին

Սա շփման, ստեղծագործականության և դրական էներգիայի թիվ է։ Այս մարդիկ հեշտությամբ են լեզու գտնում մյուսների հետ, սիրում են կատակել, տրամադրություն ստեղծել ու ոգեշնչել։ Նրանք ուղղակի ճառագում են կենսուրախությամբ, խուսափում են ծանր մթնոլորտից և ձգտում այնտեղ, որտեղ հեշտ է շնչել։ Բայց նրանց համար շատ կարևոր է սովորել կենտրոնանալ և կիսատ չթողնել սկսած գործերը։

31-ին

Ամսվա 31-ին ծնվածները հաճախ թողնում են ուժեղ, հավաքված և չափազանց հասուն մարդկանց տպավորություն։ Նրանք սիրում են կայունություն, հուսալի են և դատարկ խոստումներ չեն տալիս։ Նրանք գնահատում են իրական արարքները, այլ ոչ թե բարձրագոչ բառերը, և նախընտրում են իրենց կյանքը կառուցել ամուր հիմքի վրա։ Սակայն արտաքին այս խստության տակ հաճախ թաքնված է շատ ավելի մեղմ էություն, քան թվում է կողքից։


Ավելի ճիշտ կլինի նման տեքստերն ընկալել որպես ձեր բնավորության հայելի և ոչ թե կյանքի խիստ կանխատեսում։ Նումերոլոգիան չի բացառում մարդու կենսափորձը, դաստիարակությունը կամ հանգամանքները։ Բայց այն կարող է հիանալի առիթ դառնալ՝ ինքներդ ձեզ մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրելու համար։ Եվ երբեմն հենց այսպիսի թեթև, խաղային նյութերն են ամենադիպուկը լինում։

Ի վերջո, նույնիսկ եթե չեք հավատում թվերի մոգությանը, ձեր ծննդյան թիվը ստուգելը, միևնույն է, շատ հետաքրքիր է։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ամսվա օրը, երբ ծնվել եք. ի՞նչ կարող է այն պատմել ձեր բնավորության մասին
Ովքե՞ր են իրականում հրապարակվում Facebook-ում
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց