Ուժեղ անձնավորությունը նա չէ, ով երբեք չի սխալվում կամ վախ չի զգում։ Իրական ուժը դրսևորվում է մտածելակերպում, համոզմունքներում և կյանքի հանդեպ վերաբերմունքում։ Հենց ներքին դիրքորոշումներն են ձևավորում մարդու բնավորությունը, նրա կայացրած որոշումները և այն, թե ինչպես է նա հաղթահարում դժվարությունները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Թուլությունն ու ուժը հազվադեպ են պայմանավորված լինում արտաքին հանգամանքներով։ Շատ ավելի հաճախ ամեն ինչ որոշվում է նրանով, թե ինչին է մարդը հավատում, և ինչ սկզբունքներ են ընկած նրա վարքագծի հիմքում։ Ահա ութ համոզմունք, որոնք առանձնացնում են իսկապես ուժեղ անձնավորությանը։
1. «Ես եմ կրում իմ կյանքի պատասխանատվությունը»
Ուժեղ մարդիկ իրենց անհաջողությունների համար մեղավորներ չեն փնտրում։ Նրանք հասկանում են, որ կյանքը միշտ չէ, որ արդար է, բայց որոշումների պատասխանատվությունը, միևնույն է, ընկած է իրենց ուսերին։ Հանգամանքներից տրտնջալու փոխարեն՝ նրանք իրավիճակը փոխելու ուղիներ են փնտրում։
Թույլ մարդը, հակառակը, հաճախ մեղադրում է ուրիշներին՝ ղեկավարին, ծնողներին, զուգընկերոջը, պետությանը կամ պարզապես «չստացված ճակատագրին»։ Նման մտածելակերպը նրան զրկում է ուժից, քանի որ կյանքի հանդեպ պատասխանատվությունը տեղափոխվում է արտաքին գործոնների վրա։
Ուժեղ անձնավորությունը գիտի. նույնիսկ եթե հնարավոր չէ վերահսկել ամեն ինչ, միշտ կարելի է վերահսկել սեփական արձագանքն ու գործողությունները։
2. «Սխալները ճանապարհի մի մասն են»
Ուժեղ մարդիկ չեն վախենում սխալվել։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուր սխալ փորձառություն է և ավելի իմաստուն դառնալու հնարավորություն։ Անհաջողություններից թաքնվելու փոխարեն՝ նրանք վերլուծում են դրանք և անհրաժեշտ հետևություններ անում։
Թույլ մարդը սխալն ընկալում է որպես սեփական անկարողության ապացույց։ Նա խուսափում է ռիսկի դիմելուց և նոր հնարավորություններից, որպեսզի հանկարծ չբախվի հնարավոր ձախողման հետ։
Բայց չէ՞ որ հենց սխալների միջոցով են մարդիկ սովորում, զարգանում և հասնում հաջողության։
3. «Ես պարտավոր չեմ բոլորին դուր գալ»
Ուժեղ անձնավորության կարևորագույն գծերից մեկը ինքն իրեն հավատարիմ մնալու կարողությունն է, անգամ եթե դա դուր չի գալիս շրջապատին։ Նման մարդն իր կյանքը չի կառուցում ուրիշների սպասումներն արդարացնելու շուրջ։
Թույլ մարդը հաճախ ապրում է քննադատվելու մշտական վախով։ Նա փորձում է բոլորին հաճոյանալ, վախենում է «ոչ» ասել և հաճախ իր շահերը զոհաբերում է հանուն ուրիշների հավանության։
Ուժեղ անձնավորությունը հասկանում է, որ ինքնահարգանքն ավելի կարևոր է, քան բոլորին դուր գալու ձգտումը։
4. «Դժվարություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում»
Կյանքն անխուսափելիորեն փորձություններ է մատուցում։ Կորուստները, հիասթափությունները, անհաջողությունները՝ այս ամենը մարդկային կյանքի փորձի անբաժան մասն են։
Ուժեղ մարդիկ դժվարություններն ընկալում են որպես մարտահրավեր և աճելու հնարավորություն։ Նրանք կարող են զգալ ցավ, վախ կամ կասկած, բայց թույլ չեն տալիս, որ այդ զգացմունքներն իրենց կանգնեցնեն։
Թույլ մարդն, ընդհակառակը, հաճախ դժվարություններն ընկալում է որպես ապացույց այն բանի, որ աշխարհն անարդար է, և որ իր բախտը պարզապես «չի բերել»։
5. «Իմ էմոցիաներն իմ պատասխանատվությունն են»
Ուժեղ մարդիկ հասկանում են, որ էմոցիաները բնական երևույթ են, բայց դրանց կառավարումը յուրաքանչյուր մարդու անձնական խնդիրն է։ Նրանք աշխատում են իմպուլսիվ չգործել և իրենց հույզերի մեղքը չբարդել շրջապատի վրա։
Թույլ մարդը հաճախ մեղադրում է ուրիշներին իր զգացմունքների համար. «դու ինձ հունից հանեցիր», «քո պատճառով ես ինձ վատ եմ զգում»։ Նման մտածելակերպը մարդուն կախվածության մեջ է գցում շրջապատի վարքագծից։
Ուժեղ անձնավորությունը սովորում է ճանաչել իր զգացմունքները և կառավարել դրանք։
Կարդացեք նաև՝ 10 արտահայտություն, որոնք ամեն օր օգտագործում են ոգով ամենաուժեղ մարդիկ
6. «Ես կարող եմ փոխել իմ կյանքը»
Ուժեղ մարդկանց առանցքային համոզմունքներից մեկը փոփոխությունների հնարավորության հանդեպ հավատն է։ Նույնիսկ եթե հանգամանքները բարդ են, նրանք իրենց ճակատագրի զոհ չեն համարում։
Թույլ մարդը հաճախ համոզված է լինում, որ ամեն ինչ արդեն կանխորոշված է՝ բնավորությունը հնարավոր չէ փոխել, հանգամանքներն ավելի զորեղ են, իսկ ինչ-որ բան փոխելու փորձերն՝ անիմաստ։
Ուժեղ անձնավորությունը գործում է այլ կերպ. նա նոր հնարավորություններ է փնտրում, սովորում է, զարգանում և չի վախենում ամեն ինչ սկսել զրոյից։
7. «Ես կարողանում եմ միայնակ մնալ»
Ուժեղ մարդը չի վախենում միայնությունից։ Նա կարողանում է հենարան գտնել ինքն իր մեջ՝ այլ մարդկանց չդարձնելով իր ինքնագնահատականի և կյանքի իմաստի աղբյուր։
Թույլ մարդը հաճախ կառչում է հարաբերություններից, նույնիսկ եթե դրանք տոքսիկ են, միայն թե միայնակ չմնա։ Միայնության վախը նրան կախյալ է դարձնում ուրիշների կարծիքից և վարքագծից։
Ուժեղ անձնավորությունը հասկանում է, որ ինքն իր հետ միայնակ մնալու ունակությունը ներքին հասունության նշան է։
8. «Իմ երջանկությունը կախված է ինձանից»
Ուժեղ մարդիկ իրենց երջանկության պատասխանատվությունը չեն բարդում ուրիշների վրա։ Նրանք հասկանում են, որ ոչ զուգընկերը, ոչ աշխատանքը, ոչ էլ հանգամանքները չեն կարող լիովին որոշել իրենց ներքին վիճակը։
Թույլ մարդը հաճախ ակնկալում է, որ ինչ-որ մեկն ուրիշն իրեն երջանիկ կդարձնի՝ սիրելի մարդը, ընկերները, ղեկավարը կամ նույնիսկ պատահական իրադարձությունները։
Բայց իսկական ներքին ուժը սկսվում է այն պահից, երբ մարդը գիտակցում է՝ իր երջանկությունն իր մտքերի, որոշումների և կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի արդյունքն է։
Ամփոփում
Անհատականության ուժը չի դրսևորվում բարձրագոչ խոսքերով կամ ցուցադրական ինքնավստահությամբ։ Այն սկսվում է ներքին համոզմունքներից, որոնք ձևավորում են մարդու բնավորությունը և կանխորոշում նրա ուղին։
Մարդիկ կարող են բախվել միևնույն դժվարություններին, բայց հենց մտածելակերպն է որոշում՝ կդառնա՞ արդյոք մարդն ավելի ուժեղ, թե՞ թույլ կտա, որ հանգամանքները կոտրեն իրեն։








