fbpx

Գարունն եկել է, բայց նյարդերը դեռ պատրաստ չեն. ինչպե՞ս գարնանը խելքը չթռցնել

Պարադոքսալ գարուն. ինչո՞ւ է մեզ հաճախ «տանում-բերում», և ինչպե՞ս վերապրել այս սեզոնն առանց նյարդային պոռթկումների․․․

Գարնանը սովորաբար անհամբեր ենք սպասում. օրերը լուսավորվում են, օդը թեթևանում է, քաղաքն արթնանում է։ Բայց հետո հանկարծ սկսվում են տարօրինակ բաներ. քունը խանգարվում է, նյարդայնությունը մեծանում է, ու սկսում ես ամեն մի մանրուքից տագնապել։ Ոմանց մոտ էլ հակառակն է՝ միանում է «տուրբո» ռեժիմը. էներգիան գլխից դուրս է թափվում, պլաններն անթիվ են, իսկ արգելակները պարզապես չքանում են։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սա նորմալ է։ Նորմալ է այն իմաստով, որ շատերիս հետ է նման բան պատահում։ Գարնանը մեր մարմինն ու ուղեղը սկսում են կտրուկ վերակառուցվել, և միշտ չէ, որ հասցնում են քայլել նոր ռիթմին համընթաց։

Ինչո՞ւ է գարնանը մեզ այդպես փոթորկում

1. Լույսը խառնում է մեր ներքին ժամացույցը
Օրերն ավելի են երկարում, մութն ընկրկում է, ու արդյունքում ուղեղն ավելի ուշ է միացնում քնելու ռեժիմը։ Պատկերը պարզ է. դուք փորձում եք ապրել առաջվա պես, բայց քնելն ահավոր բարդանում է։

2. Անքնությունը շատ արագ փչացնում է բնավորությունը
Օրական նույնիսկ 30-60 րոպե պակաս քունը կարող է հանգեցնել տագնապի, բռնկունության, չմտածված որոշումների ու այնպիսի զգացողության, որ ուժերդ սպառվել են։

3. Ալերգիան նույնպես իր սև գործն անում է
Հարբուխ, քոր, բորբոքում, փակված քիթ, դրան գումարած՝ վատ քուն, և վերջ՝ դուք արդեն ապրում եք մշտական գրգռվածության ռեժիմով։ Այս վիճակում մարդու հոգեկան աշխարհը շատ ավելի խոցելի է դառնում:

4. Սոցիալական գարունն արագացնում է կյանքի տեմպը
Պլաններն ավելի շատ են, խոսակցությունները՝ նույնպես, իսկ շուրջբոլորդ անընդհատ լսվում է հավերժական «ժամանակն է»-ն։ Սիրահարվել, նիհարել, հասցնել, թարմանալ։ Նույնիսկ եթե դուք սրան հանգիստ եք վերաբերվում, սպասելիքների ընդհանուր ֆոնն ակամայից ստիպում է շտապել ու լարվել:

Ու՞մ է գարունն ավելի ցավոտ հարվածում

Երբեմն գարունն աննկատ ու մեղմ է անցնում, երբեմն էլ հարվածում է հենց ամենաթույլ տեղերին։ Արժե մի փոքր ավելի ուշադիր լինել, եթե արդեն իսկ հակված եք տրամադրության վայրիվերումների:

  • Բիպոլյար սպեկտր և էներգիայի կտրուկ աճի հակում ունեցող մարդիկ։ Քնի պակասն ու երկար լուսային օրը նրանց համար կարող են իսկական տրիգեր դառնալ։
  • Տագնապայնություն և քրոնիկ սթրես ունեցող մարդիկ։ Գարունն արագացնում է կյանքը, իսկ մեծ արագության վրա տագնապն ավելի հեշտ է գլուխ բարձրացնում։
  • Դեռահասներ և երիտասարդներ։ Քննություններ, ռեժիմի փոփոխություն, էմոցիաներ, անքնություն. այս ամենը գումարվում է իրար։
  • Մարդիկ, ում մոտ սեզոնայնությունը տարեցտարի կրկնվում է։ Եթե ամեն մարտ կամ ապրիլ ամսին դուք ինքներդ ձեզ չեք ճանաչում, սա արդեն հստակ ահազանգ է։

Երկու սցենար, որոնք հանդիպում են ամենահաճախը

Սցենար Ա. Կարծես ջարդված լինես

Նշանները՝

  • քունը մակերեսային է, կամ տանջում է անքնությունը
  • տագնապ, ներքին անհանգստություն
  • ուժերդ լքում են, իսկ ջղայնությունը՝ աճում է
  • նեղացկոտություն, արցունքներ ամեն մի մանրուքից
  • մարմինը ծանրանում է, ամեն ինչ տրվում է մեծ ջանքերի գնով

Սցենար Բ. Էներգիան գլխովդ է տալիս, ու դա արդեն վախենալու է

Նշանները՝

  • քունը նկատելիորեն քիչ է պետք, էներգիան աննորմալ շատ է
  • մտքերը թռչկոտում են, պլանները՝ միլիոն հատ
  • իմպուլսիվ ծախսեր, ռիսկ, կտրուկ որոշումներ
  • դյուրագրգռություն, մարդկանց հանդեպ անհանդուրժողականություն
  • զգացողություն, որ սլանում ես առաջ ու պարզապես չես կարողանում կանգ առնել

Կարդացեք նաև՝ Մարտ – մանուշակագույն, օգոստոս – կարմիր. Ի՞նչ գույնի է ձեր ԱՈՒՐԱՆ՝ ըստ ձեր ծննդյան ամսվա

Ինչպես գարնանը խելքը գլխին պահել. աշխատող պլան

Ոչ մի հորինվածք ու անիրատեսական խորհուրդ, միայն այն, ինչն իրականում օգնում է։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

1. Ֆիքսեք գոնե մեկ խարիսխ՝ արթնացեք միշտ նույն ժամին
Շուտ պառկել քնելու ոչ բոլորի մոտ է ստացվում։ Իսկ ահա արթնանալու ժամը կայունացնելն ավելի իրատեսական է։

2. Որսացեք առավոտյան լույսը
Օրվա առաջին կեսին գոնե 10-20 րոպե անցկացրեք դրսում։ Անգամ ամպամած եղանակն ավելի լավ է աշխատում, քան տան լամպի լույսը։

3. Երեկոյան ընդգծեք մթությունը
Քնելուց 1,5-2 ժամ առաջ պակասեցրեք վառ լույսը, իջեցրեք էկրանի պայծառությունը, հանգիստ միջավայր ստեղծեք։ Քունը տանել չի կարողանում մինչև կեսգիշեր վառվող «լուսարձակները»։

4. Մարմնին լիցքաթափում տվեք, ոչ թե պատժեք
Գարնանն ամենալավն աշխատում են պարզ բաները՝ արագ քայլք, աստիճաններով բարձրանալ, կարճ ուժային մարզում տանը, ռիթմիկ շարժումներ։ Կարևոր է մարզումն ավարտել առույգության, այլ ոչ թե քամվածության զգացումով։

5. Կայունացրեք մանրուքները
Մեր հոգեկան առողջությունը սիրում է կանխատեսելիություն։ Բավական է ընդամենը երեք հենարան՝ մոտավորապես նույն ժամին սնվել, ամեն օր կարճ զբոսնել և օրական մեկ ժամ անցկացնել լիովին առանց լուրերի ու չաթերի։

6. Եթե ալերգիա ունեք, լուռ մի տարեք դա
Նախապես մտածեք, թե ինչն է ձեզ օգնում, և կենցաղը հարմարեցրեք դրան. ցնցուղ դրսից գալուց հետո, խոնավ մաքրում, օդափոխություն՝ ըստ իրավիճակի։ Երբ քիթդ մի շաբաթ չի շնչում, տրամադրությունդ էլ է սկսում խեղդվել։

7. Շրջանցեք գարնանային գլխավոր ծուղակը. իբր բոլորը պետք է երջանիկ լինեն
Գարունը շատ հեշտությամբ վերածվում է անիմաստ մրցավազքի։ Բայց հիշեք՝ դուք պարտավոր չեք «ծաղկել» ըստ նախապես գծված գրաֆիկի։

8. Կազմեք փրկության ցուցակ՝ տրամադրության վայրիվերումների դեպքերի համար
Պարզեք ձեզ համար երեք կարևոր հարց. նախ՝ ի՞նչն է առաջինը շարքից դուրս գալիս (քո՞ւնը, սնո՞ւնդը, շփո՞ւմը, թե՞ աշխատանքը), երկրորդ՝ ի՞նչ եք անում իներցիայով, որն ավելի է բարդացնում վիճակը, և երրորդ՝ ի՞նչ պետք է անել դրա փոխարեն (օրինակ՝ զբոսնել, ցնցուղ ընդունել, շուտ քնել, խոսել մտերիմ մարդու հետ):

Երբ արդեն պետք է ոչ թե ինքնակարգապահություն, այլ իրական օգնություն

Եթե մտքերը դառնում են վախեցնող, ցանկություն է առաջանում վնասել ինքներդ ձեզ, կամ պարզապես զգում եք, որ կորցնում եք վերահսկողությունը, մի մնացեք դրա հետ մեն-մենակ։ Կապվեք մտերիմ մարդու, բժշկի կամ հոգեբանի հետ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք շտապ օգնություն։

Գարունը թշնամի չէ։ Այն պարզապես կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Եթե նախապես կարգավորեք քունը, լույսը, ֆիզիկական ակտիվությունն ու մի քանի կենցաղային հենման կետեր, ձեր հոգեկան աշխարհին շատ ավելի հեշտ կլինի հարմարվել: Եվ այդ ժամանակ գարունը կդառնա ոչ թե ձեր դիմացկունության փորձությունը, այլ նորմալ, բնական անցումային փուլ՝ առանց ավելորդ դրամաների և առանց խելքը թռցնելու։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գարունն եկել է, բայց նյարդերը դեռ պատրաստ չեն. ինչպե՞ս գարնանը խելքը չթռցնել
ԹԵՍՏ. Ի՞նչ կարդալ հանգստյան օրերին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց