Նեյրոկենսաբանության և հոգեբանության հատման կետում իրականացված հետազոտությունները վերհանել են ուղեղի աշխատանքի մի շարք առանձնահատկություններ, որոնք հաճախ աննկատ են մնում, սակայն վիթխարի ազդեցություն են ունենում մեր հարաբերությունների վրա: Այս ուսումնասիրություններն օգնում են հասկանալ, թե ինչպես են մեր ուղեղն ու նյարդային համակարգը կապված մեր հուզական աշխարհի հետ: Տեղեկատվության հսկայական հոսքից կարելի է առանձնացնել մի քանի առանցքային միտք, որոնք կօգնեն զույգերին ավելի լավ հասկանալ կապվածության գիտությունը՝ ինչու ենք ընտրում հենց այս կամ այն զուգընկերոջը և ինչու ենք սիրո հարցերում վարվում այնպես, ինչպես վարվում ենք:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ահա ուղեղի աշխատանքին վերաբերող 3 բացահայտում, որոնք գրեթե աննկատ, բայց արմատապես ձևավորում են մեր հարաբերությունները.
1. Մեր ուղեղը ծրագրավորված է գոյատևելու համար
Մեր ուղեղն ի սկզբանե ստեղծված է գոյատևումն ապահովելու համար: Սովորաբար, գոյատևում ասելով, մենք հասկանում ենք ֆիզիկական վտանգներից կամ ցավից խուսափելը: Սակայն այսօր մենք արդեն գիտենք, որ սիրելիների հետ ամուր կապ զգալը նույնքան կենսական է, որքան ֆիզիկական անվտանգությունը: Երբ մենք մեր զուգընկերոջ կարիքն ունենք, իսկ նա անտեսում է դա, կամ երբ նա սպառնում է հեռանալ, մեր ուղեղն արձագանքում է այնպես, ասես մենք հայտնվել ենք ֆիզիկական վտանգի մեջ, և ավտոմատ կերպով միանում է «տագնապի ռեժիմը»:
Հուզական անվտանգություն ապահովելու համար կապվածության նեյրոկենսաբանության մասնագետները խորհուրդ են տալիս չվտանգել և հարվածի տակ չդնել հարաբերությունները նույնիսկ այն ժամանակ, երբ զայրացած եք կամ վիճում եք: Ամուր և առողջ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է զուգընկերոջը վստահություն ներշնչել, որ անկախ ամեն ինչից՝ դուք նրա կողքին եք:
2. Զուգընկերոջ հուզական վիճակն ազդում է մեզ վրա, և հակառակը
Նկատե՞լ եք՝ երբ ձեր զուգընկերը տագնապած կամ սթրեսային վիճակում է, այդ լարվածությունն ակամայից փոխանցվում է նաև ձեզ: Իսկ երբ նա ուրախ է, այդ դրական էներգիան կարծես վարակիչ է դառնում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր ուղեղում գործում է այսպես կոչված «հայելային նեյրոնների» համակարգ, որը պատասխանատու է էմպաթիայի՝ ապրումակցման համար: Դա թույլ է տալիս զգալ այն, ինչ զգում են ուրիշները, հատկապես՝ մեր ամենամտերիմ մարդիկ:
Սա նշանակում է, որ ձեզ ևս շատ ձեռնտու է իմանալ, թե ինչպես կարելի է հանգստացնել կամ տրամադրություն բարձրացնել ձեր զուգընկերոջը: Այո՛, սեփական հույզերի կառավարումը նախևառաջ նրա՛ պատասխանատվությունն է, սակայն քանի որ նրա հուզական վիճակն անմիջականորեն ազդում է հենց ձեզ վրա, օգտակար կլինի զինվել մի քանի հնարքներով՝ սիրելիին ուրախացնելու կամ ծանր վիճակից հանելու համար:
Կարդացեք նաև՝ Հայտնի է դարձել, թե ինչպես է փոխվում ուղեղը ռոմանտիկ հարաբերությունների զարգացման ընթացքում
3. Մարմնի լեզուն հաճախ ավելի խոսուն է, քան բառերը
Ծանո՞թ է այս իրավիճակը. ձեր զուգընկերն ասում է. «Ի՞նչ է պատահել քեզ, ինչո՞ւ ես քեզ այսպես պահում»: Իսկ դուք անկեղծորեն զարմանում եք. «Ի՞նչ եմ արել որ… ես ոչինչ չեմ արել»: Բանն այն է, որ մեր ուղեղի ավտոմատ՝ հուզական հատվածն անընդհատ սկանավորում է զուգընկերոջը՝ փնտրելով անվտանգության և կապվածության նշաններ: Եվ այստեղ կարևորն այն չէ, թե նա ինչ է ասում բառերով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ոչ վերբալ (առանց բառերի) հաղորդակցությունը շատ ավելի ուժեղ ազդեցություն ունի մեզ վրա: Բավական է դեմքի աննշան մի արտահայտություն, հայացք կամ ձայնի տոնայնություն, որպեսզի մենք մեզ սիրված ու գնահատված զգանք կամ, հակառակը, հավասարակշռությունից դուրս գանք:
Ահա մի պարզ խորհուրդ. Կարևոր զրույցների ժամանակ անպայման պահպանեք աչքի կոնտակտը միմյանց հետ: Դա օգնում է կտրվել սեփական մտքերի հորձանուտից և զուգընկերոջը հստակ ուղերձ է հղում առ այն, որ դուք լիովին ներկա եք ու կենտրոնացած եք նրա վրա:
Ուղեղի աշխատանքի ուսումնասիրությունները մեզ տալիս են հաջողակ ու երջանիկ հարաբերություններ կառուցելու յուրահատուկ ուղեցույց: Ի թիվս այլ բաների, այն օգնում է ոչ միայն հասկանալ մեր սիրո դրդապատճառները (օրինակ՝ զուգընկերոջ սիրո լեզվով խոսելը), այլև վերհանել մեր վեճերի ու տարաձայնությունների թաքնված պատճառները:








