Շատերի համար դեկտեմբերը երկար սպասված ամիս է։ Սակայն երբ այն գալիս է, տոնական օրերի սպասումից բացի, մենք մեծ ճնշում ենք զգում՝ կապված տարին ամփոփելու և անվերջ թվացող գործերն ավարտին հասցնելու անհրաժեշտության հետ։ Հաճախ դեկտեմբերը մեզ համար դառնում է առավելագույն էմոցիոնալ լարվածության շրջան։ Եվ որքան էլ փորձենք խուսափել դրանից, հուզական այրման մակարդակը երբեմն գերազանցում է բոլոր սահմանները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մասնագետը բացատրել է, թե ինչու են դեկտեմբերին ի հայտ գալիս հոգնածություն, դյուրագրգռություն, ապատիա և այն զգացողությունը, թե «այլևս ուժ չկա»։
Կարևոր է հասկանալ. նախատոնական հուզական այրումը օրգանիզմի և հոգեկանի օրինաչափ արձագանքն է երկարատև լարվածությանը։
Ինչո՞ւ է այրումը վրա հասնում հենց տոներից առաջ
Նախ՝ տարեվերջին մենք մոտենում ենք 12 ամիսների ընթացքում կուտակված հոգնածությամբ։ Մարդկանց մեծ մասն աշխատում է «մինչև դեկտեմբեր դիմանալու» ռեժիմով՝ հանգիստն ու վերականգնումը թողնելով «հետոյին»։ Արդյունքում՝ օրգանիզմը պարզապես դադարում է դիմադրել։
Երկրորդ՝ ավելանում է սպասելիքների ճնշումը. պետք է փակել բոլոր խնդիրները, արդյունք ցույց տալ, հասցնել սովորականից ավելին, քանի որ «տարին ավարտվում է»։ Զուգահեռաբար գլուխ են բարձրացնում անձնական արդյունքների մասին մտքերը՝ «բավականաչա՞փ եմ արել», «արդյո՞ք ճիշտ տեղում եմ», «ճի՞շտ եմ ապրում»։ Սա ավելի է ուժեղացնում ներքին լարվածությունը։
Եվ վերջապես՝ տոների պարադոքսը։ Հասարակության մեջ ընդունված է լինել ուրախ և ոգեշնչված։ Երբ ներսում այդ զգացողությունը չկա, առաջանում է մեղքի զգացում. «ինձ հետ ինչ-որ բան այն չէ»։ Բայց իրականում շատերն են իրենց այդպես զգում։
Հուզական այրում. ախտանիշները և ինչպես տարբերել հոգնածությունից
Հոգնածությունն անցնում է հանգստյան օրերից կամ արձակուրդից հետո։ Այրումը՝ ոչ։
Հուզական այրման նշաններն են.
- մշտական ապատիա և դյուրագրգռություն աշխատանքային խնդիրներից կամ անգամ աշխատանքի մասին պարզ հիշեցումից,
- մոտիվացիայի անկում անգամ սովորական մասնագիտական խնդիրների հանդեպ, նոր բան սովորելու ցանկության բացակայություն,
- դատարկության և գործունեության անիմաստության զգացում,
- ֆիզիկական հոգնածություն առանց օբյեկտիվ պատճառների, որն անցնում է սիրելի անձնական գործերով զբաղվելիս,
- աշխատանքի գնալու ցանկության բացակայություն, քնի և ախորժակի խանգարումներ։
Եթե ճանաչեցիք ձեզ, սա ազդանշան է ոչ թե «հավաքվելու», այլ շուրջը նայելու։
Ինչն է իսկապես օգնում դիմակայել այրմանը
1. Թույլ տվեք ձեզ էմոցիաներ ունենալ
Դյուրագրգռությունը, հոգնածությունը, տխրությունը թշնամիներ չեն։ Դրանք ազդանշաններ են։ Անտեսելով դրանք՝ մենք միայն խորացնում ենք այրումը։
2. Վերականգնեք հսկողությունը բազային կարիքների նկատմամբ
Քուն, սնունդ, շարժում, դադարներ օրվա ընթացքում․ հնչում է պարզունակ, բայց հենց սրանք են առաջինը տուժում այրման դեպքում։ Առանց մարմնի վերականգնման անհնար է վերականգնել էմոցիոնալ և ինտելեկտուալ դաշտը։ Եթե հնարավորություն կա, թեթևացրեք հանգստյան օրերը։ Հաճախ փոքրիկ դադարը թույլ է տալիս զգալիորեն վերականգնել ուժերը և հնարավորություն է տալիս ավարտին հասցնել գործերը։
Կարդացեք նաև՝ 5 ազդանշան, որոնցով մարմինը զգուշացնում է ձեզ հուզական այրման մասին
3. Կազմեք դեկտեմբերյան առանձին պլան
Որոշեք, թե ինչ եք իսկապես պատրաստվում անել, իսկ ինչը՝ արդեն ոչ։ Դուք կարող եք որոշում կայացնել՝ անել տարվա վերջին ճիգը. երբեմն դա կրիտիկական է բոնուսի, կարիերայի կամ ընտանիքի համար։ Կայացրած որոշումը թույլ է տալիս ինքներդ ձեզ ավելի հեշտ բացատրել, որ պետք է ևս մի փոքր ջանք ներդնել։ Ընդ որում՝ դուք պարտադիր պետք է ձեզ համար հանգիստ պլանավորեք։
Նաև ձեր որոշումը կարող է լինել հետևյալը՝ ընդունել այն, ինչ արդեն ստացվել է անցած 11 ամիսների ընթացքում, բավարարվել դրանով և սկսել գիտակցված դանդաղում տոներին ընդառաջ։ Դանդաղումն իսկապես պետք է լինի պլանավորված և վերահսկելի, որպեսզի հոգեկանն աստիճանաբար անցնի հանգստի ռեժիմի, իսկ գլխում դադարեն պտտվել աշխատանքային մտքերը։
4. Մի՛ փախեք արդյունքների ամփոփումից և նոր պլաններից
Ծեսերը կարևոր են մեր հուզական բարեկեցության համար, և ներքուստ մենք, միևնույն է, վերադառնալու ենք մի ցիկլի ավարտի և նորի սկզբի զգացողությանը։ Տվեք դրան տարածք։ Հաշվի առնելով, որ մեզ համար սովորաբար ավելի հեշտ է կենտրոնանալ բացասական պահերի վրա, ուշադրությունը ուղղեք դեպի այն, ինչը ձեզ մոտ ստացվել է, դեպի հաջողության և ուրախության պահերը, և փորձեք դրանցում գտնել նոր իմաստներ և հենարաններ։
Վերջաբանի փոխարեն
Ամենօրյա ճնշման պայմաններում ժամանակ առ ժամանակ այրմանն ու ուժեղ հոգնածությանը մոտենալը մեր հագեցած կյանքի մի մասն է։ Դեկտեմբերին՝ որպես տարվա եզրափակիչ կետի, մեր էմոցիաները սրվում են, և ամփոփելով արդյունքները՝ մենք դիմում ենք մեր ներաշխարհին ու գտնում զգացողություններ, էմոցիաներ և մտքեր, որոնք որոշ ժամանակ անտեսել ենք։ Աշխատանքային այրումը ցուցանիշ է այն բանի, որ աշխատանքը ձեզ համար կարևոր է, դուք շատ սպասելիքներ ունեք ձեր մասնագիտական կյանքից և ձեզ շատ եք ներդնում աշխատանքային առօրյայում։
Եթե դեկտեմբերին զգում եք, որ հիասթափված եք ձեր աշխատանքից և դիմանում եք վերջին ուժերով, նշանակում է՝ տարեվերջին հասել եք այրման վերջին փուլին։ Եվ չնայած նրան, որ հանգիստը կօգնի ձեզ վերադառնալ ավելի վաղ փուլերի, խնդիրն արդեն համակարգային է, և, որպես ամբիցիոզ մարդու, ձեզ անհրաժեշտ է այն լուծել համակարգային կերպով՝ մասնագետների օգնությամբ։
Իսկ եթե տարվա մնացած մասը դուք մոտիվացված եք, հետաքրքրությամբ եք ստանձնում նոր նախագծեր, սովորում եք, ուրախ եք գործընկերներին տեսնելիս և ուժ եք զգում ձեր մեջ, և միայն դեկտեմբերին է վրա հասնում հոգնածությունը, ապա ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Ամփոփեք արդյունքները, տոնեք և կազմեք նոր պլաններ։








