fbpx

«Ութ գրկախառնության» կանոնը. հուզական վիտամին առողջության համար

Արդյո՞ք պետք է գրկախառնվել օրական ութ անգամ։ Պարզում ենք՝ որտեղից է ծագել այս «սկզբունքը», և արդյո՞ք այն իրականում գործում է։

Եթե կողքին կա մեկը, ում կարելի է գրկել, արեք դա հենց հիմա։ Ոչ միայն նրա համար, որ դա հաճելի է, այլ որովհետև… հնարավոր է՝ դրանով դուք բարելավում եք ձեր առողջությունը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Համացանցում հաճախ է հանդիպում այն տեսակետը, որ մարդուն անհրաժեշտ է օրական առնվազն ութ գրկախառնություն՝ իրեն երջանիկ, հավասարակշռված և նույնիսկ առողջ զգալու համար։ Թվում է՝ պարզ ճշմարտություն է. գրկախառնվի՛ր, և կյանքն ավելի լավը կդառնա։ Բայց որտեղի՞ց է հայտնվել այս թիվը, և ճի՞շտ է արդյոք, որ գրկախառնությունները կարող են նման հրաշքներ գործել։

Ո՞վ է հորինել ութ գրկախառնության կանոնը

Ամենից հաճախ այս միտքը վերագրում են ամերիկացի հայտնի ընտանեկան հոգեթերապևտ Վիրջինիա Սաթիրին։ Նա, իբր, ասել է.

  • Օրական 4 գրկախառնությունը անհրաժեշտ է գոյատևման համար,
  • 8-ը՝ կայուն հոգեվիճակը պահպանելու համար,
  • 12-ը՝ որպես անհատ աճելու և զարգանալու համար։

Հնչում է գեղեցիկ և ոգեշնչող։ Բայց, ինչպես հաճախ է պատահում, այս պնդումը չունի հստակ գիտական հիմնավորում։ Այնուամենայնիվ, գաղափարը արմատավորվել է. շատերը համոզված են, որ հենց ութ գրկախառնությունն է «հոգեկան առողջության նվազագույն շեմը»։

Եկեք պարզենք, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, և առհասարակ ի՞նչ է տեղի ունենում մեր մարմնի ու հոգեկանի հետ, երբ մեզ գրկում են։

Ինչո՞վ են օգտակար գրկախառնությունները. ոչ միայն հաճելի է, այլև ֆիզիոլոգիապես օգտակար

Գիտնականներն իսկապես ապացուցել են, որ հպումները, հատկապես մտերիմների կողմից, կարող են զգալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

Հետազոտություններից մեկի ժամանակ մասնակիցներին՝ տղամարդկանց և կանանց, առաջարկել են նախ 10 րոպե դիտել ռոմանտիկ տեսանյութեր՝ բռնելով զուգընկերոջ ձեռքը, իսկ հետո գրկախառնվել 20 վայրկյան։ Դրանից հետո նրանց ենթարկել են սթրեսի՝ խնդրելով ելույթ ունենալ լսարանի առջև։

Արդյունքները ցույց են տվել, որ գրկախառնվողների մոտ սթրեսի մակարդակը (որը չափվում էր զարկերակային ճնշմամբ և պուլսով) ավելի ցածր էր, քան ստուգիչ խմբի մոտ, որը պարզապես հանգստանում էր։ Ընդ որում, սա վերաբերում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Մեկ այլ հետազոտություն հաստատել է. նույնիսկ կարճատև գրկախառնությունները հուզիչ իրադարձությունից առաջ (օրինակ՝ քննություն կամ կարևոր խոսակցություն) օգնում են կանանց պահպանել հանգստությունը։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ նվազում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։ Իսկ երբ օրգանիզմում կորտիզոլը քիչ է, մենք մեզ ավելի հանգիստ և առույգ ենք զգում։

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գրկախառնության ազդեցությունը պահպանվում է ոչ միայն շփման պահին, այլև հաջորդ օրը։ Մարդիկ, ովքեր նախորդ օրն ավելի հաճախ էին գրկախառնվել, առավոտյան ունեցել են կորտիզոլի ավելի ցածր մակարդակ, քան նրանք, ովքեր ավելի քիչ մարմնական շփում էին ունեցել։ Ստացվում է, որ գրկախառնությունները գործում են որպես յուրօրինակ հուզական վիտամին՝ կուտակային ազդեցությամբ։

Գրկախառնությունները միայն հորմոնների մասին չեն

Այո՛, մարմնական շփումը օգնում է նվազեցնել սթրեսը։ Բայց, հնարավոր է, դրա գլխավոր ուժն այլ բանում է՝ աջակցության, ընդունված լինելու և մտերմության զգացման մեջ, որն ապրում ենք, երբ ինչ-որ մեկը գրկում է մեզ։ Նման պահերին մարդն իրեն զգում է պետքական, սիրված և պաշտպանված։ Եվ այդ զգացողությունը կարող է լինել ոչ պակաս կարևոր, քան օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները։

Կարդացեք նաև՝ 7 պատճառ, թե ինչու է Ձեզ պետք ավելի շատ գրկախառնվել

Իրականում քանի՞ գրկախառնություն է պետք

Հարց, որը հուզում է շատերին. իսկ ճի՞շտ է արդյոք, որ հենց ութ գրկախառնությունն է օպտիմալ քանակը։ Ցավոք (կամ բարեբախտաբար), խիստ նորմ գոյություն չունի։

94 մարդու մասնակցությամբ անցկացված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ միջին հաշվով լավ տրամադրություն ունեցող մարդիկ գրկախառնվել են օրական 6–7 անգամ։ Հանգստյան օրերին գրկախառնությունների թիվն աճել է մինչև 9–10, իսկ աշխատանքային օրերին՝ նվազել մինչև 3–5։ Բայց դրա հետ մեկտեղ կյանքից բավարարվածության մակարդակը ողջ շաբաթվա ընթացքում մնացել է գրեթե նույնը։

Եզրակացությո՞ւն։ Քանակը գլխավորը չէ։ Ավելի կարևոր են շփման որակը, համատեքստը և հուզական հագեցվածությունը։

Նաև չկա միասնական կարծիք գրկախառնության տևողության վերաբերյալ։ Մեկ այլ գիտափորձ պարզել է, որ մեկ վայրկյանանոց գրկախառնությունները գրեթե հաճույք չեն պատճառում, մինչդեռ 5–10 վայրկյան տևողությամբ գրկախառնություններն արդեն նկատելիորեն ավելի հաճելի են։ Սակայն մասնակիցները լավագույնն են համարել այն գրկախառնությունները, որոնք տևել են այնքան, որքան անհրաժեշտ է եղել հենց իրենց՝ առանց ժամաչափի և շտապողականության։

Այսպիսով՝ արժե՞ արդյոք գրկախառնվել ամեն օր

Եթե կարճ՝ այո՛։ Բայց ոչ թե նրա համար, որ «այդպես է պետք», այլ որովհետև դա հաճելի է, մերձեցնող և օգտակար։ Չկա ոչ մի կախարդական թիվ։ Յուրաքանչյուրն ունի հարմարավետության իր սահմանն ու հպումների անհատական պահանջմունքը։

Ոչ բոլորին է հարկավոր ֆիզիկական շփման միևնույն քանակը, և դա նորմալ է։ Գլխավորն այն է, որ գրկախառնությունները լինեն փոխադարձ ցանկությամբ և ուրախություն պատճառեն։

Ուստի գրկախառնվեք մտերիմների հետ ոչ թե ըստ գրաֆիկի, այլ սրտի կանչով։ Ուզում եք՝ երկու անգամ, ուզում եք՝ քսան։ Կարևորը, որ այդ գրկախառնություններում լինի ջերմություն, սեր և իրական ներկայություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Ութ գրկախառնության» կանոնը. հուզական վիտամին առողջության համար
Գիտելիքներն ու բազմագիտակությունը գնահատող ԹԵՍՏ: Եթե պատասխանեք 10 հարցից 8-ին՝ արդեն լավ է