Ոմանք իրենց հարազատ մարդուն ճանաչում են ակնթարթորեն՝ կարծես ներքին մի ձայնի հուշումով, իսկ մյուսներին ժամանակ է պետք՝ հարաբերությունների ողջ խորությունը գիտակցելու համար։ Reddit սոցիալական հարթակի քննարկումներից մեկում օգտատերերը կիսվել են իրենց անձնական փորձով և պատմել, թե ինչն է իրենց համար վճռորոշ դարձել՝ վստահությո՞ւնը, ընդհանուր նպատակնե՞րը, կասկածների բացակայությո՞ւնը, թե՞ պարզապես սիրելիի կողքին լիակատար հարմարավետություն զգալը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր զուգընկերն իսկապես այն միակն է։ Դա պարզապես կանխազգացո՞ւմ է, թե՞ այդ գիտակցումն ավելի ուշ է գալիս։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես եք դուք դա հասկացել», – հետաքրքրվել է քննարկումը նախաձեռնողը։
Քննարկման որոշ մասնակիցներ նշել են, որ այդ գիտակցումը գալիս է ժամանակի հետ՝ տարիների համատեղ կյանքի, անկեղծ զրույցների և արժեքների համընկման արդյունքում։ Օգտատերերից մեկն ընդգծել է, որ կարևոր են ոչ միայն զգացմունքները, այլև համատեղելիությունը նպատակների և աշխարհայացքների հարցում։
«Իմ դեպքում որոշիչ դարձան մի քանի տարվա հարաբերությունները, որոնց ընթացքում ես հասկացա նրա իսկական էությունը։ Կարևոր էր նաև մեր համատեղելիությունը բազմաթիվ հարցերում, ինչպիսիք են արժեքները, կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը և այլն։ Ամենագլխավորը գտնել մեկին, ում վստահում ես և ով պատրաստ է անընդհատ զարգանալու»։
Քննարկման մեկ այլ մասնակից ավելացրել է, որ «միակին» ոչ թե գտնում են, այլ ստեղծում, և այս դեպքում առանցքային է դառնում միասին լինելու ընտրությունն ու հարաբերությունների վրա աշխատելու պատրաստակամությունը։
«Եթե դա այն մարդն է, ում հետ ցանկանում ես լինել ամեն օր, ուրեմն նա հենց միակն է։ Արդյոք տեսականորեն գոյություն ունի՞ ավելի համատեղելի մեկը։ Հնարավոր է։ Նման հավանականություն միշտ կա։ Բայց քո մարդը քոնն է, որովհետև դու ես նրան ընտրել»։
Կարդացեք նաև՝ Կնոջ մեջ տղամարդու համար կարևոր միակ որակը. Լաբկովսկին իսկական կնոջ հիմնական որակների մասին
Մյուսների համար գլխավոր չափանիշը դարձել է զուգընկերոջ կողքին «տան» զգացողությունը, լիակատար հարմարավետությունն ու կասկածների բացակայությունը։ Նրանց պատմություններում կարևորվում են փոխադարձ հիացմունքը, աջակցությունը և երախտագիտության զգացումը, որն առկա է նույնիսկ՝ չնայած թերություններին ու դժվարություններին։
«Լիակատար ներդաշնակությունը և այն համոզմունքը, որ մշտական շփումը կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն… Մենք երկուսս էլ անսահման երախտապարտ ենք միմյանց և մեր կյանքի համար, որը շարունակում ենք միասին կառուցել՝ չնայած մեր անձնական թերություններին, անհաջողություններին ու ճանապարհին հանդիպող խոչընդոտներին։ Մենք իսկապես բացահայտում ենք լավագույնը միմյանց մեջ, և դա այն գլխավորն է, ինչը շատերը, ցավոք, անտեսում են», – կիսվել է օգտատերերից մեկը։
Հնչել են նաև ավելի իրատեսական կարծիքներ. ոմանք համոզված են, որ «միակի» գաղափարն ընդամենը առասպել է, իսկ երկարատև հարաբերությունները կառուցվում են ընդհանուր նպատակների շուրջ։
«Չեմ կարծում, թե սերը հենց այդպես է գործում։ Կյանքը մեզ չի տրամադրում մեկ՝ իդեալական համընկնող զուգընկեր։ Երկարատև հարաբերություններ կառուցելը շատ ավելի հեշտ է, երբ դուք ունեք ընդհանուր նպատակներ և իսկապես սիրում եք միմյանց, սակայն դա նաև որոշում է՝ լինել նվիրված մեկ մարդու», – կարծիք է հայտնել քննարկման մեկ այլ մասնակից։
Իսկ ոմանք էլ կիսվել են էլ ավելի կտրուկ տեսակետով՝ պնդելով, որ «միակներ» գոյություն չունեն, քանի որ նույնիսկ ամենահարազատ մարդիկ կարող են ժամանակի ընթացքում հեռանալ մեր կյանքից։








